Not Selected

ՀՖՖ-Ի ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ «ՈՒՐԱՐՏՈՒԻ» ԱՐՑԱԽՑԻ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ

21/10/2020

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի աշխատակիցները, Հայաստանի Կանանց ազգային և Մ-19 տարեկանների հավաքականների ֆուտբոլիստուհիներն այսօր այցելել էին «Ուրարտու» ֆուտբոլային ակումբում ապաստանած արցախցի երեխաներին։ Կազմակերպվել էր ֆուտբոլային փոքրիկ միջոցառում, որի ժամանակ խմբերի բաժանված երեխաները խաղացին, մրցեցին միմյանց միջև, իսկ վերջում ֆեդերացիայի կողմից նվերներ ստացան։

Հայաստանի Մ-19 տարեկանների կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Լիանա Հայրապետյանի խոսքով՝ միջոցառման նպատակը երեխաներին ժպիտ պարգևելն էր․

«Միջոցառումն իրենից ներկայացնում էր ֆուտբոլային վարժություններ, խաղեր։ Նպատակը փոքրիկներին ուրախացնելն էր, և որ իրենք զգան՝ մենակ չեն և ուշադրության պակաս չունենան։ Պատրաստել էինք նաև փոքրիկ նվերներ, որոնք մեր կողմից հուշ կմնան իրենց։ Կարծում եմ, որ լավ ժամանակ անցկացրին, ուրախացան։ Հույս ունենք՝ շուտով կվերադառնան իրենց տները և կշարունակեն ապրել խաղաղ պայմաններում»։