Not Selected

«ԱԼԱՇԿԵՐՏ» - «ՈՒՐԱՐՏՈՒ»․ ՆԱԽԱԲԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ

12/09/2020

Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրում «Ուրարտուն» ուժերը կչափի «Ալաշկերտի» հետ։ Ավանդույթը չխախտելով այս անգամ էլ փորձել ենք ներկայացնել ամենահետաքրքիրը սպասվող հանդիպման մասին․

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Այս դիմակայությունը սկիզբ է առնում 2012 թվականից։ Առաջին անգամ թիմերը մրցել են Հայաստանի գավաթի խաղարկությունում, այդ ժամանակ «Ալաշկերտը» դեռևս հանդիսանում էր Առաջին խմբի ներկայացուցիչ։ 1/8-րդ եզրափակչի երկու խաղերում էլ գրանցվեց 0-0 հաշիվը, իսկ հաջորդ փուլ անցնողը որոշվեց 11 մետրանոցներով, որտեղ ավելի դիպուկ եղան «Ալաշկերտի» ֆուտբոլիստները։ Ընդհանուր առմամբ թիմերը մրցել են միմյանց հետ 37 անգամ։ «Ուրարտուն» առավելության է հասել 9 անգամ, գրանցել 10 ոչ-ոքի, իսկ 18 հանդիպում ավարտվել է «Ալաշկերտի» հաղթանակով։ Հատկանշական է, որ «Ուրարտուն» «Ալաշկերտի» հարկի տակ հաղթել է ընդամենը 1 անգամ, փոխարենը սեփական հարկի տակ կայացած խաղերում ունի առավելություն, հաղթել է 8 անգամ, 4 ոչ-ոքի գրանցել, իսկ 6 խաղում էլ պարտություն կրել։  Կայացած 37 խաղերի ընթացքում խփվել է 99 գոլ, առաջիկա գոլը կլինի հոբելյանական այս դիմակայությունում։ Այս թիմերի միջև ամենախոշոր հաշիվը գրանցվել է 2013 թվականի դեկտեմբերի 1-ին, երբ «Բանանցը» (ներկայիս «Ուրարտուն») 7-0 հաշվով առավելության հասավ «Ալաշկերտի» նկատմամբ։

Դիմակայության լավագույն ռմբարկուն Արտակ Եդիգարյանն է, նա խաղացել է երկու թիմերում էլ և կարողացել է գրավել երկու թիմերի դարպասն էլ։ Եդիգարյանն այս դիմակայությունում աչքի է ընկել 11 անգամ։ «Ուրարտուի» կազմում ամենից շատը Վահագն Այվազյանն է գրավել «Ալաշկերտի» դարպասը՝ 4 անգամ։

 

300-ԻՆ ԸՆԴԱՌԱՋ 

«Ուրարտուն» պատմական ցուցանիշի շեմին է, եթե առաջիկա խաղում Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմին հաջողվի հաղթանակ տոնել, ապա այն կլինի «Ուրարտուի» 300-րդ հաղթանակը Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություններում։ Ջոնել Դեսիրեին էլ ընդամենը մեկ գոլ է պակասում Հայաստանի առաջնություններում իր 30-րդ գնդակը խփելու համար։ Դեսիրեն իր նորամուտը «Ուրարտուի» կազմում նշել էր հենց «Ալաշկերտի» հետ խաղում, անգամ փոխարինման մտնելուց 3 րոպե անց աչքի էր ընկել, բայց այդ խաղն ընկերական բնույթ ուներ։

 

ՎԵՐՋԻՆ ԱՆԳԱՄ

Պաշտոնական հանդիպում թիմերը վերջին անգամ անցկացրել են 2019 թվականի հոկտեմբերի 25-ին։ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 12-րդ տուրում «Ուրարտուն» սեփական հարկի տակ 2-4 հաշվով պարտություն կրեց։ Իսկ վերջին անգամ թիմերը խաղացել են օգոստոսի 8-ին «Նաիրի» մարզադաշտում, ընկերական խաղում Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմի ֆուտբոլիստներն առավելության են հասել 3-1 հաշվով։ Օլեգ Պոլյակովը դուբլ ձևակերպեց, իսկ մեկ անգամ էլ աչքի ընկավ Ջոնել Դեսիրեն։

ԵՂԻՇԵ ՄԵԼԻՔՅԱՆ

«Ալաշկերտի» գլխավոր մարզիչն ինչպես հայտնի է Եղիշե Մելիքյանն է։ «Ուրարտուի» հին երկրպագուները հաստատ դեռ հիշում են այս անուն ազգանունը։ 2007 թվականին հենց նա էր կրում «Բանանցի» թևկապը, երբ պատմության ընթացքում երկրորդ անգամ թիմը դարձավ Հայաստանի գավաթակիր։ Ընդհանուր առմամբ Եղիշե Մելիքյանը «Ուրարտուում» անցկացրել է 78 հանդիպում և դարձել 12 գոլի հեղինակ։

ԻՆՉՊԵ՞Ս ՀԵՏԵՎԵԼ ԽԱՂԻՆ

Այս հանդիպումը նույնպես անցկացվելու է առանց հանդիսականների, սակայն ՀՖՖ յութուբյան ալիքով հնարավոր կլինի հետևել խաղի ընթացքին։ Այն մեկնարկելու է ժամը 19։00-ին։ Խաղի կարևորագույն իրադարձություններին ամենաօպերատիվ կերպով կարող եք հետևել «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի տելեգրամյան ալիքով։