Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ՆՈԱ»․ ԽԱՂԻՑ ԱՌԱՋ

11/03/2021

VBET Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում «Ուրարտուն» սեփական հարկի տակ կընդունի «Նոային»։ Դիմակայության առաջին հանդիպումը կկայանա «Ուրարտու» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 17։00-ին։ Ստորև ներկայացնում ենք փաստեր սպասվող դիմակայության մասին․

 

«ՈՒՐԱՐՏՈՒՆ» ՀԱՂԹԱՀԱՐԵՑ «ՓՅՈՒՆԻԿԻ» ԱՐԳԵԼՔԸ, «ՆՈԱՆ»՝ ՆՈՐ Է ՆԵՐԳՐԱՎՎՈՒՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԵՋ

VBET Հայաստանի գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակչում «Ուրարտուն» պայքարից դուրս թողեց «Փյունիկին»։ Երկու խաղի արդյունքում «Առյուծներն» առավելության հասան 2-1 հաշվով (2-1; 0-0): Այդ դիմակայության առաջին կեսում «Ուրարտուի» գոլերը հեղինակեցին Դմիտրի Գուզն ու Ալեքսանդր Ռադչենկոն, որոնք այլևս թիմում չեն, իսկ «Նոան», «Արարատ-Արմենիայի» հետ միասին գավաթի խաղարկությունում պայքարի մեջ է մտնում քառորդ եզրափակչից։ Կողմերն այս խաղից առաջ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի շրջանակում անցկացրած խաղերում գրանցեցին 3-1 հաշիվը։ «Ուրարտուն» հյուրընկալվելիս պարտվեց «Վանին», իսկ «Նոան» առավելության հասավ «Լոռիի» նկատմամբ։

«ՈՒՐԱՐՏՈՒՆ» ՔԱՌՈՐԴ ԵԶՐԱՓԱԿԻՉԸ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ Է ՎԵՐՋԻՆ 7 ՏԱՐԻՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ

Գավաթի խաղարկության նախորդ 7 մրցաշրջաններում «Ուրարտուն» մշտապես հաղթահարել է քառորդ եզրափակչի արգելքը։ Նախորդ տարի քառորդ եզրափակչում «Ուրարտուին» բաժին էր ընկել «Լոռին»։ Վանաձորում կայացած խաղում Եվգենի Կոբզարի միակ գոլը հաջորդ փուլի ուղեգիր շնորհեց «Ուրարտուին»։ «Ուրարտուն» և «Նոան» գավաթի խաղարկություններում հանդիպել են մեկ անգամ։ Գավաթի նախորդ խաղարկության կիսաեզրափակչում «Նոան» երկու խաղի արդյունքում 3-1 հաշվով (0-1; 2-1) առավելության հասավ «Ուրարտուի» նկատմամբ, իսկ եզրափակչում հաղթելով «Արարատ-Արմենիային» դարձավ Հայաստանի գավաթակիր։

ԵՎԳԵՆԻ ԿՈԲԶԱՐԻ ՍԻՐԵԼԻ ՄՐՑԱԿԻՑԸ

«Ուրարտուն» և «Նոան» միմյանց հետ պաշտոնական 10 հանդիպում են անցկացրել։ Առավելությունը «Նոայի» կողմն է, որը հաղթել է 5 անգամ, գրանցվել է 3 ոչ-ոքի, իսկ «Ուրարտուն» հաղթել է 2 անգամ։ Ուշագրավ է, որ այս դիմայությունում «Ուրարտուի» հեղինակած 8 գոլերից 4-ը խփել է Եվգենի Կոբզարը։ Ռուս հարձակվողը այս դիմակայության լավագույն ռմբարկուն է։

ԱՌԱՋԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՍԵՓԱԿԱՆ ՀԱՐԿԻ ՏԱԿ

2021 թվականի պաշտոնական առաջին հանդիպումը սեփական հարկի տակ «Ուրարտուն» կանցկացնի հենց «Նոայի» հետ։ Մուտքը՝ մարզադաշտ թույլատրվում է, այնպես որ ցանկացողները կարող են այցելել մարզադաշտ։ Հանդիպումը հեռարձակվելու է նաև ՀՖՖ յութուբյան ալիքով։ Հիշեցնենք, որ VBET Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի «Ուրարտու» - «Նոա» առաջին դիմակայությունը կկայանա մարտի 12-ին և կմեկնարկի ժամը 17։00-ին։