Not Selected

«ՎԱՆ» - «ՈՒՐԱՐՏՈՒ»․ ԽԱՂԻՑ ԱՌԱՋ

05/03/2021

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի շրջանակում «Ուրարտուն» կուղևորվի Չարենցավան, այս անգամ մրցակիցը տեղի «Վանն» է։ Առանձնացրել ենք սպասվող դիմակայության մասին ամենահետաքրքիրը․

 

ԵՐԿՈՒ ԹԻՄԵՐՆ ԷԼ ԽԱՂԻՆ ՄՈՏԵՆՈՒՄ ԵՆ ԲԱՐՁՐ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՄԲ

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրում երկու թիմերի համար էլ իրադարձությունները հաջող ընթացք ունեցան։ Նախ «Վանը» առաջնության առաջատարի՝ «Արարատի» հետ խաղում ոչ-ոքի գրանցեց, այն էլ խաղավարտին մնալով 10 ֆուտբոլիստներով, իսկ «Ուրարտուն» էլ իր հերթին նվազագույն հաշվով առավելության հասավ գործող չեմպիոնի նկատմամբ։ Իգոր Պադերինի գոլը պաշտոնական խաղերում տարվա առաջին հաղթանակը պարգևեց Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմին։ Այդ հաղթանակից հետո «Ուրարտուի» դիրքը մրցաշարային աղյուսակում չփոխվեց, փոխարենը «Առյուծները» մոտեցան առաջատարների խմբին, առաջին հորիզոնականով ընթացող «Արարատից» «Ուրարտուն» հետ է մնում 7 միավորով ու 2 խաղ էլ պակաս է անցկացրել։ Գործող չեմպիոնի նկատմամբ հաղթանակից հետո «Ուրարտուն» մեծացրեց միավորների տարբերությունը մոտակա հետպանդողից՝ «Վանից»։ «Առյուծները» 6 միավորով գերազանցում են «Վանին»։

ԸՆԿԵՐԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒՄ ՆՎԱԶԱԳՈՒՅՆԸ 3 ԳՈԼ

Վիճակագրական տեսանկյունից թիմերը պաշտոնական ընդամենը 1 հանդիպում են անցկացրել, փոխարենը նախապատրաստական շրջաններում պարբերաբար ստուգողական հանդիպումներ են ունեցել։ Միմյանց միջև կայացած ստուգողական 4 խաղերից յուրաքանչյուրում նվազագույնը 3 գոլ է խփվել, 3 անգամ հաղթել է «Ուրարտուն», իսկ 1 անգամ՝ «Վանը»։ Իսկ պաշտոնական միակ հանդիպումը կայացել է նախորդ տարվա հոկտեմբերի 19-ին, VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի շրջանակում։ «Ուրարտուն» այդ խաղում հաղթեց 2-0 հաշվով, իսկ Ջոնել Դեսիրեն դուբլ ձևակերպեց։

ԲԵԳԼԱՐՅԱՆԸ՝ ՊԱՏՄԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇԻ ՇԵՄԻՆ

Հաշվետու խաղում խաղաժամանակ ստանալու դեպքում Արսեն Բեգլարյանը կանցկացնի իր 150-րդ հանդիպումը Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություններում։ Բեգլարյանն այս առաջնությունում իր նորամուտը նշել է 2012 թվականի նոյեմբերին՝ «Գանձասարի» կազմում։ Դարպասապահը Հայաստանի առաջնությունում հանդես է եկել նաև «Ուլիս», «Միկա», «Ալաշկերտ» ակումբների կազմում։ Ամենից շատ հանդիպումները 28-ամյա դարպասապահն անցկացրել է «Գանձասարում»՝ 39 խաղ։ Անցկացրած 149 խաղերի ընթացքում Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահը բաց է թողել 151 գնդակ։ Խաղաժամանակ ստանալու դեպքում հոբելյանական ցուցանիշներ կգրանցեն նաև Նարեկ Պետրոսյանը, Աննան Մենսահը և Արթուր Միրանյանը։ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում Պետրոսյանը կանցկացնի իր 80-րդ, Մենսահը՝ 50-րդ, իսկ Միրանյանը՝ 40-րդ հանդիպումները։ Իսկ «Վանի» կազմում էլ «Ուրարտուի» սան Արգիշտի Պետրոսյանը խաղաժամանակ ստանալու դեպքում կանցկացնի իր 160-րդ հանդիպումը Պրեմիեր լիգայում։

ԱՅՎԱԶՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ «ՈՒՐԱՐՏՈՒԻ»

«Ուրարտուի» երկարամյա ավագ Վահագն Այվազյանը նախորդ տարվանից համալրել է Չարենցավանը ներկայացնող թիմը։ Կողմերի միջև կայացած ստուգողական խաղերի ընթացքում Այվազյանը նույնիսկ գոլերի հեղինակ է դարձել, իրեն բնորոշ ոճով ու որպես հարգանքի նշան, նա այդ գոլերը չի տոնել։ Ընդհանուր հաշվով Այվազյանը «Ուրարտուի» կազմում անցկացրել է 150 հանդիպում ու դարձել 21 գոլի հեղինակ։

ՈՐՏԵ՞Ղ ԴԻՏԵԼ

Արդեն նախորդ տուրից ֆուտբոլը մարզադաշտից հասանելի է երկրպագուների համար։ Ուստի ցանկացողները խաղի ընթացքին կարող են հետևել հենց մարզադաշտից, իսկ հանդիպումը հեռարձակվելու է ՀՖՖ յութուբյան ալիքով։ Հիշեցնենք, որ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի «Վան» - «Ուրարտու» հանդիպումը կկայանա մարտի 6-ին Չարենցավանի «Քաղաքային» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 14։00-ին։