Not Selected

ՑԱՎԱԼԻ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ «ՎԱՆԻՑ»

06/03/2021

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում «Ուրարտուն» հյուրընկալվելիս 3-1 հաշվով պարտություն կրեց «Վանից»։ Մեր թիմի կազմում միակ գոլը խփեց Իսահ Ալիյուն, իսկ տանտերերի կազմում գոլի հեղինակներ դարձան Վահագն Այվազյանը, Ալեքսանդր Տենյաևը: Գրանցվեց նաև ինքնագոլ, սեփական դարպասը գրավեց «Ուրարտուի» պաշտպան Սալոմոն Նիրիսարիկեն։

Երկու թիմերն էլ այս խաղին բարձր տրամադրությամբ էին մոտեցել, քանի որ նախորդ տուրում դրական արդյունքներ էին գրանցել։ «Վանը» 10 հոգով կարողացել էր ոչ-ոքի կորզել առաջնության առաջատարի՝ «Արարատի» հետ խաղում, իսկ «Ուրարտուն» էլ առավելության էր հասել գործող չեմպիոնի նկատմամբ։

«Արարատ-Արմենիայի» հետ խաղի համեմատ Ալեքսանդր Գրիգորյանը թիմի մեկնարկային կազմում կատարել էր 4 փոփոխություն․ դարպասապահ Արսեն Բեգլարյանի փոխարեն խաղում էր Անատոլի Այվազովը, վնասվածքի պատճառով բացակայող Հակոբ Հակոբյանի փոխարեն գործում էր Էդգար Գրիգորյանը, Ջեյմս Սանթոսի փոխարեն խաղադաշտ էր վերադարձել Ուգոչուկվու Իվուն, որը «Փյունիկի» հետ գավաթային խաղում ստացած վնասվածքի պատճառով տևական ժամանակ շարքից դուրս էր մնացել։ Առաջնության լավագույն ռմբարկու Ջոնել Դեսիրեն պահեստայինների նստարանին էր, իսկ Արթուր Միրանյանն առաջին անգամ ընդգրկվել էր «Ուրարտուի» մեկնարկային կազմում։ Հավելենք, որ այս խաղը նրա համար հոբելյանական 40-րդն էր Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություններում։

Խաղն ավելի ակտիվ սկսեցին դաշտի տերերը։ Հանդիպման մեկնարկում «Վանի» ֆուտբոլիստները 1-2 վտանգավոր պահ ստեղծեցին, 11-րդ րոպեին Վլադիսլավ Վասիլևի հարվածից հետո գնդակը հետ մղվեց հորիզոնական դարպասաձողից։ «Ուրարտուի» ֆուտբոլիստները կարծես թե կարողացան հավասարեցնել խաղը, սակայն «Վանի» ֆուտբոլիստները 3 րոպեի ընթացքում 2 գոլ խփեցին․ նախ հակագրոհի արդյունքում «Ուրարտուի» նախկին ֆուտբոլիստ Վահագն Այվազյանը բացեց հաշիվը, որն այս անգամ էլ «Ուրարտուի» դարպասն ուղարկած գոլը չտոնեց։ 3 րոպե անց էլ հաշիվն անկյունայինի խաղարկումից հետո կրկնապատկեց Ալեքսանդր Տենյաևը՝ 2-0: Նոր իրադարձություններ առաջին կեսում չզարգացան։

Երկրորդ կեսի հենց մեկնարկում Ալեքսանդր Գրիգորյանը կրկնակի փոփոխություն կատարեց Եվգենի Կոբզարի փոխարեն խաղադաշտ մտավ Ջեյմս Սանթոսը, իսկ Օլեգ Պոլյակովի փոխարեն՝ Ջոնել Դեսիրեն։ Երկրորդ կեսում դաշտում հիմնականում հավասար պայքար ծավալվեց։ «Վանի» պաշտպանները բավականին զգոն էին գործում ու կարողանում էին չեզոքացնել «Ուրարտուի» հարձակողական ներուժը։

77-րդ րոպեին արձանագրվեց այս հանդիպման 3-րդ գոլը․ Սոլոմոն Նիրիսարիկեն, փորձելով չեզոքացնելով դրությունը, գրավեց սեփական դարպասը։ Հանդիպման վերջնամասում «Ուրարտուի» ֆուտբոլիստները կարողացան մեկ գոլ խփել, աչքի ընկավ Իսահ Ալիյուն։ Նոր գոլեր այս խաղում չգրանցվեցին՝ «Վան» - «Ուրարտու» 3-1:

«ՎԱՆ» - «ՈՒՐԱՐՏՈՒ» 3-1

1-0 Վահագն Այվազյան (24'), 2-0 Ալեքսանդր Տենյաև (27'), 3-0 Սալոմոն Նիրիսարիկե (77' ինքնագոլ), 3-1 Իսահ Ալիյու (81')

«ՎԱՆ». 2․ Սամուր Ագամագոմեդով, 3․ Անդրանիկ Ոսկանյան (ա), 5․ Ալեքսանդր Տենյաև, 6․ Արգիշտի Պետրոսյան (23․ Ալեքսանդր Հովհաննիսյան 36'), 28․ Ռուստամ Իսաև (63․ Ալեքսանդր Մաքսիմենկո 87'), 7․ Վլադիսլավ Վասիլյև (11․ Մաքս Ժեստարև 87'), 20․ Էդգար Մովսեսյան (9․ Գարեգին Կիրակոսյան 70'), 26․ Էդեդեմ Էդեմ Էսսիեն, 10․ Ուիլֆրեդ Էզա Կուասի (22․ Վիուլեն Այվազյան 69'), 15․ Օլատունջի Դեու Դոսա, 18․ Վահագն Այվազյան։

Պահեստայիններ՝  33․Դավիթ Պապիկյան, 22․ Վիուլեն Այվազյան, 11․ Մարկս Ժեստարև, 63․ Ալեքսանդր Մաքսիմենկո, 17․ Ստեֆան Աջումանի, 23․ Ալեքսանդր Հովհաննիսյան, 88․ Ալեքսեյ Շիշկին, 14․ Պավել Կորկին, 27․ Ջոսուե Գաբա, 25․ Դավիթ Նալբանդյան, 9․ Գարեգին Կիրակոսյան։

«ՈՒՐԱՐՏՈՒ». 96․ Անատոլի Այվազով, 77․ Էրիկ Սիմոնյան, 18․ Սալոմոն Նիրիսարիկե, 14․ Պյոտր Տեն, 25․ Էդգար Գրիգորյան, 30․ Ուգոչուկվու Իվու, 33․ Վիտինյո (38․ Իսահ Ալիյու 74'), 8․ Իգոր Պադերին (ա), 90․ Օլեգ Պոլյակով (12․ Ջոնել Դեսիրե 46'), 9․ Եվգենի Կոբզար (88․ Ջեյմս Սանթոս 46' (10․ Կարեն Մելքոնյան 57')), 22․ Արթուր Միրանյան (11․ Գևորգ Տարախչյան 66')։

Պահեստայիններ՝ 24․Արսեն Բեգլարյան, 88․ Ջեյմս Սանթոս, 34․ Էրիկ Փիլոյան, 36․ Խարիտոն Այվազյան, 23․ Նարեկ Պետրոսյան, 10․ Կարեն Մելքոնյան, 38․ Իսահ Ալիյու, 17․ Տիգրան Այունց, 12․ Ջոնել Դեսիրե, 11․ Գևորգ Տարախչյան, 55․ Սամվել Հակոբյան։