Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒՆ» ԻՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱԳՈԼԱՌԱՏ ՄԵԿՆԱՐԿՆ ՈՒՆԵՑԱՎ

12/08/2021

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի հոբելյանական 30-րդ առաջնությունում «Ուրարտուն» մեկնարկեց երկու խոշոր հաշվով հաղթանակներով։ Թիմը նախ առավելության հասավ «Նորավանքի» նկատմամբ 3-0 հաշվով, այնուհետև 4-1 հաշվով հաղթեց «Սևանին»։

Սա առաջին դեպքն է, երբ երկրորդ տուրից հետո «Ուրարտուն» իր ակտիվում ունենում է խփած 7 գոլ։ Լավագույն ցուցանիշը մինչ այս գրանցվել էր 2006 թվականին, երբ նախկին «Բանանցը» առաջնության 2-րդ տուրում 6-0 հաշվով առավելության էր հասել «Շիրակի» նկատմամբ, սակայն առաջին տուրում նվազագույն հաշվով պարտվել էր «Արարատին»։

Սա Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունների պատմության ընթացքում երկրորդ դեպքն է, երբ «Ուրարտուն» առաջնության մեկնարկային երկու տուրերում հաղթանակ է տոնել։ Ավելի լավ ցուցանիշ թիմն ունեցել է 2005 թվականին, երբ հաղթանակ է տոնել մեկնարկային 4 հանդիպումներում։