Not Selected

ԿԱՄԱՅԻՆ ՀԱՂԹԱՆԱԿ ԴՐԱՄԱՏԻԿ ԽԱՂՈՒՄ

23/08/2021

Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում «Ուրարտուն» 2-1 հաշվով առավելության հասավ ԲԿՄԱ-ի նկատմամբ։ Առաջինը հաշվի մեջ առաջ անցան բանակայինները, գոլի հեղինակ դարձավ Գրենիկ Պետրոսյանը, հանդիպման վերջնամասում «Ուրարտուի» ֆուտբոլիստները 2 գոլ խփեցին ու կարողացան հաղթանակի նժարը թեքել իրենց կողմը: Աչքի ընկան Նարեկ Գրիգորյանն ու Կարեն Մելքոնյանը․

 

ՈՐՊԵՍ ՆԱԽԱԲԱՆ

Միջազգային դադարից առաջ «Ուրարտուն» պաշտոնական վերջին հանդիպումն անցկացրեց Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի շրջանակում։ 5-րդ տուրում մեր տղաները հյուրընկալվեցին ԲԿՄԱ-ին։ Ռաֆայել Նազարյանի գլխավորած թիմն ընթացիկ առաջնությունում միայն պարտություններ էր կրել, բայց վերջին խաղերում արդեն բավականին լավ պայքար էր մղում։

ԱՌԱՆՑ ՄԻՐԱՆՅԱՆ ՈՒ ՆԱՆԱ

Այս խաղին «Ուրարտուն» ներկայացել էր կադրային խնդիրներով։ Նախորդ խաղում ստացած վնասվածքի պատճառով բացակայում էին Արթուր Միրանյանն ու Նանա Անտվին։ Երկու ֆուտբոլիստներն էլ դեռ տևական ժամանակ կբացակայեն։ Փոխվել էր նաև թիմի դասավորությունը։ Այս անգամ «Ուրարտուն» գործում էր 4-2-3-1 դասավորությամբ, տեղի էր ունեցել 3 փոփոխություն։ Վադիմ Պարամոնովի, Նանա Անտվիի և Արթուր Միրանյանի փոխարեն խաղն առաջին րոպեներից սկսեցին Էդգար Գրիգորյանը, Լիվիո Միլտսը և Ջոնել Դեսիրեն։ Այս անգամ «Ուրարտուի» մարզչական շտաբը դիմել էր մի շարք ռոտացիաների, մասնավորապես Հակոբ Հակոբյանը գործում էր աջ պաշտպանի դիրքում, Օլեգ Պոլյակովն էլ գործում էր ենթահարձակվողի դիրքում։ Տևական դադարից հետո Ջոնել Դեսիրեն խաղում էր առաջին րոպեների։ ԲԿՄԱ-ի կազմում էլ մեկնարկային կազմում ընդգրկվել էին «Ուրարտուից» գործուղված երկու ֆուտբոլիստներ՝ Միքայել Միրզոյանն ու Էրիկ Փիլոյանը։ Իսկ պահեստայինների թվում էին նաև Պետրոս Մանուկյանը, Արման Ղազարյանն ու Հայկ Ղևոնդյանը։

ՊԱՍԻՎ ՄԵԿՆԱՐԿ

Հանդիպումը բավականին պասիվ մեկնարկ ունեցավ։ ԲԿՄԱ-ն պատսպարվել էր սեփական տուգանային հրապարակում և գործում էր անխափան։ «Ուրարտուի» ֆուտբոլիստներն էլ առաջին կեսում չէին կարողանում մրցակցի դարպասը տանող ճանապարհը գտնել։ Առաջին կեսում «Ուրարտուի» ֆուտբոլիստներն այդուհանդերձ կարողացան գոլային պահեր ստեղծել։ Անկյունայինի խաղարկումից հետո Աննան Մենսահը հաղթող դուրս եկավ օդային պայքարում, սակայն գնդակն անդրադարձավ դարպասաձողից։ Քիչ անց հարվածային դիրքում հայտնվեց Նարեկ Գրիգորյանը, սակայն դարձյալ վրիպեց:

ԱՄՊՐՈՊ ՊԱՐԶ ԵՐԿՆՔՈՒՄ

Առաջին խաղակեսի վերջնամասում ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստներն անսպասելիորեն բացեցին հաշիվը։ Կարելի է ասել, որ նրանց առաջինիսկ վտանգավոր գրոհն ավարտվեց դարպասի գրավումով։ Գոլի հեղինակ դարձավ Գրենիկ Պետրոսյանը։ Առաջին անգամ այս մրցաշրջանում ԲԿՄԱ-ն խաղերից մեկում հաշվի մեջ առաջ անցավ։

ԱԿՏԻՎ ԽԱՂ ԵՐԿՐՈՐԴ ԿԵՍՈՒՄ

Ընդունած գոլը կարելի է ասել, որ սթափեցրել էր «Ուրարտուի» ֆուտբոլիստներին։ Երկրորդ կեսի հենց մեկնարկից թիմը միանգամից սկսեց ավելի ակտիվ գործել հարձակման գծում։ Առաջին վտանգավոր պահն ունեցավ Ուգոչուկվու Իվուն, սակայն վրիպեց անչափ նպաստավոր դիրքից։ «Ուրարտուն» գնալով մեծացրեց ճնշումը։ Գոլը հասունանում էր, բայց գրոհների եզրափակիչ փուլում միշտ ինչ-որ բան չէր ստացվում։ Մի քանի անգամ վտանգավոր դիրքում հայտնվեց Ջոնել Դեսիրեն, սակայն զարմանալիորեն վրիպեց։

3-ՐԴ ԳՈԼՆ ԸՆԹԱՑԻԿ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Չգիտե՞ք ինչպես բեկել խաղի ընթացքը, այդ դեպքում գնդակը փոխանցեք Նարեկ Գրիգորյանին։ Այս տղան առաջին տուրում գտավ «Նորավանքի» դարպասի ճանապարհը, երբ առաջնության նորեկը ամբողջ թիմով պաշտպանվում էր, Գրիգորյանը երկրորդ տուրի «Սևանի» հետ խաղում հավասարացրեց հաշիվը ու հոգեբանական վերելք հաղորդեց թիմին։ Այս անգամ էլ հաջողության ճանապարհի ելքը նորից գտավ նա։ 74-րդ րոպեին այս ֆուտբոլիստը գտավ մրցակցի դարպասը տանող ճանապարհը ու վերականգնեց հաշվի տարբերությունը՝ 1-1։

ՀԱՋՈՂՎԱԾ ՓՈԽԱՐԻՆՈՒՄ

Խփած գոլից հետո «Ուրարտուն» սկսեց ավելի խանդավառ գործել։ Արզումանյանը միանգամից խաղադաշտ մտցրեց Կարեն Մելքոնյանին ու երկու րոպե անց Հայաստանի ազգային հավաքականի թեկնածուն նախ անկյունային հարված վաստակեց, այնուհետև էլ գրավեց դարպասը՝ 2-1։

+3 ՄԻԱՎՈՐ

Իսկապես վերջաբանը դրամատիկ ստացվեց։ Բայց ամենակարևորն այս խաղում այն էր, որ թեպետև ստեղծված դժվարություններին «Ուրարտուն» կարողացավ պատվով դուրս գալ և հաղթանակի հասնել։ Այժմ թիմն իր ակտիվում ունի 9 միավոր։ Միջազգային խաղերով պայմանավորված դադարի ընթացքում «Ուրարտուի» ֆուտբոլիստները կհանգստանան 4 օր ու կվերսկսեն մարզումները։

ԲԿՄԱ - «ՈՒՐԱՐՏՈՒ» 1-2

1-0 Գրենիկ Պետրոսյան (45'), 1-1 Նարեկ Գրիգորյան (74'), 1-2 Կարեն Մելքոնյան (80')

ԲԿՄԱ․ 12. Արման Ներսեսյան, 23. Ստյոպ Մկրտչյան, 8. Միքայել Միրզոյան, 2. Էրիկ Փիլոյան, 24. Արսեն Գալստյան, 14. Մարտին Գրիգորյան (19. Նարեկ Ալավերդյան 63'), 10. Արմեն Նահապետյան (ա) (52. Արթուր Սերոբյան 46'), 7. Արամ Խամոյան (11. Սերոժ Թիթիզյան 74'), 22. Վոլոդյա Սամսոնյան, 50․ Արթուր Գրիգորյան, 9. Գրենիկ Պետրոսյան։

Պահեստայիններ՝ 1. Հարություն Մելքոնյան, 11. Սերոժ Թիթիզյան, 15. Ստեփան Սաhրադյան, 3. Կարեն Մուրադյան, 19. Նարեկ Ալավերդյան, 25. Դանիել Աղբալյան, 13. Հայկ Ղևոնդյան, 18. Միսակ Հակոբյան, 5. Պետրոս Մանուկյան, 52. Արթուր Սերոբյան, 14. Գրիգոր Մուրադյան, 4. Արման Ղազարյան:

«ՈՒՐԱՐՏՈՒ». 96. Անատոլի Այվազով, 15. Աննան Մենսահ, 18. Սալոմոն Նիրիսարիկե, 25․ Էդգար Գրիգորյան, 5. Հակոբ Հակոբյան (ա), 8. Ուգոչուկվու Իվու, 9. Նարեկ Աղասարյան, 21. Նարեկ Գրիգորյան (19. Սերգեյ Մկրտչյան 90+1'), 23․ Լիվիո Միլտս (10․ Կարեն Մելքոնյան 78'), 90. Օլեգ Պոլյակով, 12. Ջոնել Դեսիրե։

Պահեստայիններ՝ 24. Արսեն Բեգլարյան, 77․ Էրիկ Սիմոնյան, 67․ Վադիմ Պարամոնով, 36. Խարիտոն Այվազյան, 95. Վարդան Արզոյան, 6. Պիտեր Մուտումոսի, 28. Ռոբերտ Բաղրամյան, 19. Սերգեյ Մկրտչյան, 4․ Արմեն Մանուչարյան, 10․ Կարեն Մելքոնյան, 20. Գոռ Լուլուկյան։