Not Selected

ՌՈԲԵՐՏ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ․ «ԴԱԴԱՐԸ ԿՕԳՆԻ ԹԻՄԻՆ ԼԱՎ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ ՀԵՏԱԳԱ ԽԱՂԵՐԻՆ»

29/09/2021

«Նոայից» կրած պարտությունից հետո Ռոբերտ Արզումանյանն ամփոփել է խաղը, խոսել թիմում առկա խնդիրների ու վնասվածքից վերականգնված ֆուտբոլիստների մասին․

ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Եթե նախորդ խաղերում զգալի առավելություն էինք ունենում, ապա այս խաղում երևի թե ամբողջ խաղն էր մեր տիրապետության տակ։ Ինձ թվում է՝ թիմի մոտ ավելի շատ վստահությունն է պակասել գոլ խփելու, նույնիսկ 11-մետրանոցից չստացվել գրավել մրցակցի դարպասը։ Ընդհանուր առմամբ, խաղից ու ֆուտբոլիստների նվիրվածությունից գոհ եմ, բայց արդյունքն է կարևոր, լավ խաղը ֆուտբոլում հարաբերական է»։

ԽՆԴԻՐՆԵՐ, ՈՐ ԺԱՄԱՆԱԿ ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ

«Մարզումների ու խաղերին պատրաստվելու առումով թիմի մոտ որևէ խնդիր չկա, բայց ինչպես նշեցի, խնդիր կա գոլ խփելու, ֆուտբոլում այդպես է, երբ 1-2 խաղ պարտվում ես, գոլ խփելը դժվար է թվում, փոխարենը զգացողություն կա, որ գոլ ենք բաց թողնելու։ Պետք է աշխատենք այդ խնդրի վրա, ժամանակ ունենք, որպեսզի էմոցիոնալ առումով էլ կայունացնենք թիմը»։

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱԴԱՐԸ ԿՕԳՆԻ ԹԻՄԻՆ

«Կա դրական շարժ․ վերադառնում են վնասվածք ստացած ֆուտբոլիստները։ Բացի Միրանյանից բոլորն արդեն պատրաստ են խաղերին, այսօր Պյոտր Տենը ամբողջական հանդիպում անցկացրեց, Նանա Անտվին էլ երկրորդ խաղակեսում խաղադաշտ մտավ, նրանք կարևոր խաղացողներ են թիմի համար, առաջիկա դադարը կօգնի, երկար ժամանակ կունենանք նախապատրաստվելու հաջորդ խաղերին, հուսանք՝ Միրանյանն էլ կմիանա թիմին»։