Not Selected

ՄԻ ՔԱՆԻ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՓԱՍՏԵՐ «ՈՒՐԱՐՏՈՒԻՑ»՝ ԸՆԹԱՑԻԿ ՄՐՑԱՇՐՋԱՆՈՒՄ

11/01/2022

Մինչ առաջնություններում դադար է, եկեք մի փոքր ծանոթանանք՝ վիճակագրական ինչ տվյալներ է գրանցել «Ուրարտուն» ընթացիկ մրցաշրջանում։

ԼԱՎԱԳՈՒՅՆԸ՝ ԳՆԴԱԿԻ ՎԵՐԱՀՍԿՈՒՄՈՎ

Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 2021/22 մրցաշրջանում մեր թիմի արդյունավետությունն ամենաբարձրն է՝ գնդակ վերահսկելու առումով։ «Ուրարտուն» 59,4% հարաբերակցություն ունի, որով գերազանցում է 2-րդ արդյունքն ունեցող «Արարատ-Արմենիային» (57,3%) և եռյակը եզրափակող «Ալաշկերտին» (52,8%)։

ՏՆԱՅԻՆ ԽԱՂԵՐՈՒՄ ԱՄԵՆԱՔԻՉ ԳՈԼ ԲԱՑ ԹՈՂԱԾ ԹԻՄԸ

Ըստ վիճակագրության՝ «Ուրարտուն» ավելի լավ հանդես է գալիս տանը։ Ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 6 տնային հանդիպումներում մեր տղաները բաց են թողել ընդամենը 4 գնդակ։ Այս արդյունքով թիմը միակն է մասնակից 9 թիմերի շարքում։ 

ԻՎՈՒՆ ՈՒ ԱՂԱՍԱՐՅԱՆԸ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՆ ԵՆ ԿԱՏԱՐԱԾ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐՈՎ

Առաջնության առաջին հատվածում «Ուրարտուի» կիսապաշտպաններ Ուգոչուկվու Իվուն և Նարեկ Աղասարյանը աչքի են ընկել ամենաշատ կատարած փոխանցումներով։ Առաջատարը նիգերացի ֆուտբոլիստն է՝ 1057 փոխանցումով, երկրորդը Աղասարյանն է՝ 877 փոխանցում։ Եռյակը եզրափակում է «Արարատ-Արմենիայի» պաշտպան Դավիթ Տերտերյանը՝ 796 փոխանցում։ Ընդհանուր առմամբ, մեր թիմն ընթացիկ մրցաշրջանի առաջին հատվածում կատարել է 8284 փոխանցում, իսկ երկրորդ տեղում ընթացող «Արարատ-Արմենիան» 7574 փոխանցում է կատարել։

ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱԵՐԻՏԱՍԱՐԴ ԹԻՄՆԵՐԻՑ ՄԵԿԸ

Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայում ներկայումս ամենաերիտասարդ կազմ ունեցող թիմերի միջին ցուցանիշով «Ուրարտուն» երկրորդն է. զիջում է միայն ԲԿՄԱ-ին, որի ֆուտբոլիստների միջին տարիքը 21 տարեկան 8 ամսական է, իսկ մեր թիմի ֆուտբոլիստներինը՝ 24 տարեկան 5 ամսական:

ԼՈՒԼՈՒԿՅԱՆՆ ԱՄԵՆԱԵՐԻՏԱՍԱՐԴ ԳՈԼ ԽՓԱԾ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆ Է

«Ուրարտուի» հարձակվող Գոռ Լուլուկյանն ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է (18 տարեկան 320 օրական), որը գոլի հեղինակ է դարձել Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 2021/22 մրցաշրջանի ընթացքում։ Ֆուտբոլիստը 14-րդ տուրում կարողացել է գրավել ԲԿՄԱ-ի դարպասը։