Not Selected

ԺՈՒՆԻՈՐԻ ԳՈԼԸ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿՆ ԱՊԱՀՈՎԵՑ «ՈՒՐԱՐՏՈՒԻ» ՀԱՄԱՐ

15/10/2022

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի խաղում «Ուրարտուն» սեփական հարկի տակ ընդունել էր «Շիրակին»։ Մեր թիմը 1-0 հաշվով հաղթանակի հասավ՝ Մարկոս Ժունիորի խփած միակ գոլի շնորհիվ։ 

Վերջին անգամ «Շիրակի» հետ մեր հարկի տակ մրցել էինք 2020/21 մրցաշրջանում, որտեղ նույնպես մեր տղաները հաղթանակ էին գրանցել, իսկ թիմերի վերջին խաղն ընթացիկ մրցաշրջանի 2-րդ տուրում էր․ «Ուրարտուն» 2 անպատասխան գնդակ էր ուղարկել գյումրեցիների դարպասը։

Այսօր մեր թիմի հայտացուցակից բացակայում էր պաշտպան Նանա Անտվին, որը որակազրկված էր նախորդ խաղում ստացած կարմիր քարտի պատճառով։ Առաջին խաղակեսը մեկնարկեց ու մեծ մասամբ ընթացավ հավասար պայքարում, քանի որ պահեր ստեղծում էին երկու թիմերն էլ, սակայն դրանք առանձնապես վտանգ չէին ներկայացնում իրենցից։ Դարպասապահներին քիչ տեսանք խաղի մեջ, իսկ ամենավտանգավոր դրվագը 30-րդ րոպեին մեր թիմի գրոհի ժամանակ էր։ Ցավոք, Լեոն Սաբուայի հարվածը բարձր ստացվեց։ Այլ գոլային պահեր մինչ խաղակեսի ավարտը չտեսանք։ Թիմերը հանդերձարան գնացին առանց խփած գնդակների։

Երկրորդ խաղակեսն անհամեմատ լարված ու վտանգավոր պահերով հագեցած ստացվեց։ Հանդիպման 60-րդ րոպեին մրցակցի ֆուտբոլիստ Ալեկսա Վիդիչը ձեռքով խաղաց սեփական տուգանային հրապարակում, սակայն մրցավարը չնշանակեց 11-մետրանոց։ Մի քանի րոպե անց մեր տղաների հերթական գրոհից հետո Մարկոս Ժունիորը հիանալի կասեցումից հետո գրավեց շիրակցիների դարպասն ու բացեց խաղի հաշիվը՝ բացելով իր գոլերի հաշիվն «Ուրարտուի» կազմում։ Բավական երկար ժամանակ մերոնք դուրս չէին գալիս մրցակցի կիսադաշտից ու խփած գոլից հետո էլ փորձում էին կրկնապատկել առավելությունը։ 85-րդ րոպեին նույն Ժունիորի նկատմամբ կանոնների խախտում գրանցվեց, ու այս անգամ մրցավարը նշանակեց 11-մետրանոց հարվածը։ Բայց  Մարկոսի հարվածից հետո դարպասապահ Պողոս Այվազյանին հաջողվեց որսալ գնդակը։ 

Խաղի վերջին րոպեներին «Շիրակը» փորձում էր ճնշում գործադրել ու հավասարեցնել հաշիվը, սակայն մեր ֆուտբոլիստները փայլուն էին կատարում իրենց առաջադրանքը։ Այսպիսով, Գունկոյի տղաները հերթական հաղթանակը տոնեցին՝ մրցաշարային աղյուսակում պահպանելով առաջատարի դիրքը։ 

Հաջորդ տուրում «Ուրարտուն» հոկտեմբերի 19-ին հյուրի կարգավիճակում կմրցի «Վանի» հետ։ Չարենցավանի քաղաքային մարզադաշտում խաղը կմեկնարկի 15։00-ին։ 

«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ՇԻՐԱԿ» 1-0

1-0 Մարկոս Ժունիոր (69')

«ՈՒՐԱՐՏՈՒ». 42. Ալեքսանդր Մելիխով, 27․ Դավիթ Խուրցիձե, 4․ Եվհենի Ցիմբալյուկ, 6․ Արման Ղազարյան, 88․ Ժիրայր Մարգարյան (ա), 19․ Սերգեյ Մկրտչյան, 9․ Նարեկ Աղասարյան, 8․ Ուգոչուկվու Իվու, 10․ Կարեն Մելքոնյան, 15․ Մաքսիմ Մայրովիչ, 18․ Լեոն Սաբուա։ 

Պահեստայիններ՝  24․ Արսեն Բեգլարյան, 25․ Էդգար Գրիգորյան, 34․ Էրիկ Փիլոյան, 36․ Խարիտոն Այվազյան, 67․ Վադիմ Պարամոնով, 33․ Մարկոս Ժունիոր, 29․ Համլետ Սարգսյան, 21․ Էդգար Գրիգորյան, 90․ Օլեգ Պոլյակով, 13․ Դմոիտրո Խլյոբաս։

«ՇԻՐԱԿ». 1․ Պողոս Այվազյան, 6․ Ռաֆիկ Միսակյան, 7․ Սերյոժա Ուռուշանյան, 8․ Էրիկ Վարդանյան, 5. Արսեն Սադոյան, 26․ Ալեկսա Վիդիչ, 21․ Դոնալդ Ալվին Կոդիա, 29․ Մարկո Պրլևիչ, 4․ Արտյոմ Միքայելյան, 77․ Մուսա Բակայոկո, 19․ Մաջիկո Ջունիոր Տրաորե։ 

Պահեստայիններ՝ 96․ Սոկրատ Հովհաննիսյան, 55․ Լյովա Կարապետյան, 3․ Համլետ Մնացականյան, 18․ Սամվել Ղուկասյան, 10․ Արտեմ Գևորգյան, 9․ Լյովա Մրյան, 30․ Լևոն Դարբինյան, 14․ Ալազան Դումբիա, 22․ Սերգեյ Մանուկյան, 88․ Լևոն Գևորգյ59․ Հովհաննես Գևորգյան, 11․ Գրիգոր Մուրադյան։