Not Selected

ԱՎԱՐՏՎԵՑ «ՈՒՐԱՐՏՈՒԻ» ԱՆՊԱՐՏԵԼԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔԸ

30/11/2022

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի՝ «Ուրարտու» - «Արարատ-Արմենիա» հանդիպումը մեզ համար այս տարվա վերջին տնային խաղն էր։ Մեր թիմն այս խաղում զիջեց մրցակցին 0-3 հաշվով։ Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Ուիլֆրեդ Էզան, մեկ անգամ էլ աչքի ընկավ Ջոնաթան Դուարտեն։

Եղանակային պայմաններն այս խաղին դրամատիկ մեկնարկ հաղորդեցին։ Անձրևի պատճառով ֆուտբոլիստներն անընդհատ սայթաքում էին, կորցնում գնդակը, ինչն էլ գցում էր խաղի տեմպը։ 13-րդ րոպեին «Ուրարտուի» կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուի սխալից հետո գնդակը հասավ մրցակցին, և հանդիպման հաշիվը բացվեց 13-րդ րոպեին։ Աչքի ընկավ Ուիլֆրեդ Էզան։ Երկու թիմերի կատարմամբ էլ շարունակում էին վտանգավոր մնալ գրոհները․ Օլեգ Պոլյակովը կարող էր մի քանի անգամ գրավել մրցակցի դարպասը, սակայն գնդակը չէր ընթանում ցանկալի ուղղությամբ։ Խաղադաշտում գնդակի համար անընդհատ պայքար էր գնում։ 41-րդ րոպեին նույն Ուիլֆրեդ Էզան կարողացավ կրկնապատկել իր թիմի առավելությունը։ Մինչև խաղակեսի ավարտը մեր տղաները մի քանի անգամ դիպուկ գործեցին մրցակցի կիսադաշտում, սակայն ոչինչ չփոխվեց, թիմերը ընդմիջման գնացին «Արարատ-Արմենիայի» առավելությամբ:

Երկրորդ խաղակեսը մեր տղաները ակտիվ սկսեցին։ Նրանք անընդհատ դիրքային գրոհներ էին կազմակերպում, բայց ոչինչ չէր ստացվում։ 56-րդ րոպեին հակագրոհի արդյունքում 3-րդ գնդակը բաց թողեցինք։ Այս անգամ աչքի ընկավ Ջոնաթան Դուարտեն։ Նարեկ Գրիգորյանը մի քանի իրական հնարավորություն ուներ՝ հաշիվը կրճատելու, սակայն, ցավոք, բոլոր փորձերն ապարդյուն էին: Հանդիպման վերջին 15 րոպեներին մեր ֆուտբոլիստները պարզապես ճնշել էին մրցակցին ու ստիպել նահանջել սեփական տուգանայինի մատուցներ, բայց հաշվի մեջ փոփոխություն մտցնել այդպես էլ չկարողացան։ Այսպիսով, 2022/23 մրցաշրջանում մեր թիմի 13 խաղ անպարտելի շարքն ընդհատվեց։

Հավելենք, որ հաջորդ հանդիպումը Գունկոյի թիմը կանցկացնի դեկտեմբերի 4-ին՝ Գյումրիի Քաղաքային մարզադաշտում ուժերը չափելով «Շիրակի» հետ։ Խաղը կմեկնարկի 18։00-ին։

«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ» 0-3

0-1 Ուիլֆրեդ Էզա (15') 0-2 Ուիլֆրեդ Էզա (46'), 0-3 Ջոնաթան Դուարտե (51')

«ՈՒՐԱՐՏՈՒ»․ 42. Ալեքսանդր Մելիխով, 2․ Նանա Անտվի, 4․ Եվհենիի Ցիմբալյուկ, 6․ Արման Ղազարյան, 88․ Ժիրայր Մարգարյան 9․ Նարեկ Աղասարյան, 8․ Ուգոչուկվու Իվու, 33․ Մարկոս Ժունիոր, 10․ Կարեն Մելքոնյան, 90․ Օլեգ Պոլյակով, 13․ Դմիտրո Խլյոբաս։ 

Պահեստայիններ՝ 24․ Արսեն Բեգլարյան, 22․ Մխիթար Ումրեյան, 25․ Էդգար Գրիգորյան, 34․ Էրիկ Փիլոյան, 36․ Խարիտոն Այվազյան, 67․ Վադիմ Պարամոնով, 19․ Սերգեյ Մկրտչյան, 27․ Դավիթ Խուրցիձե, 15․ Մաքսիմ Մայրովիչ, 21․ Նարեկ Գրիգորյան։ 

«ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ»․ 45․ Վսեվելոդ Երմակով, 2․ Գիլյերմե դե Սոուզա, 5․ Դավիթ Տերտերյան, 3․ Խոսե Բուենո, 88․ Ուիլֆրեդ Էզա Կուասի, 10․ Արմեն Համբարձումյան (ա), 20․ Ալվին Թերա, 14․ Մաիլսոն Լիմա, 19․ Կարեն Մուրադյան, 11․ Ջոնաթան Դուարտե, 30․ Ռոմերսիո Պերեյրա։

Պահեստայիններ՝ 1․ Հայկ Խաչատրյան, 33․ Դմիտրի Աբակումով, 18․ Արտյոմ Ավանեսյան, 23․ Ստյոպա Մկրտչյան, 6․ Վբեյմար Անգուլո, 21․ Սոլոմոն Իմե Ուդո, 8․ Գևորգ Ղազարյան, 7․ Ուգո Ֆիրմինո, 9․ Ագդոն Մենեզես, 22․ Միլոշ Ստամենկովիչ, 29․ Ջեսսի Ջիդիմա Ակիլա, 55․ Հակոբ Հակոբյան։