Not Selected

ՖԱՆՏԱՍՏԻԿ ՔԱՄԲԵՔ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԵՎ ՀԵՐԹԱԿԱՆ 3 ՄԻԱՎՈՐԸ

04/12/2022

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրում «Ուրարտուն» արտագնա խաղում 2-3 հաշվով կամային հաղթանակ տոնեց «Շիրակի» նկատմամբ։ Մեր թիմի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Նարեկ Գրիգորյանը, իսկ տանտերերից աչքի ընկան Ալազան Դումբիան և Դոնալդ Կոդիան։

Մարզադաշտի լուսավորության հետ կապված տեխնիկական խնդիրների պատճառով հանդիպումը մեկնարկեց մեկ ժամ ուշացումով, բայց թիմերը չէին կորցրել պատրաստությունը խաղին և բավականին ակտիվ սկսեցին այն։ Հարկ է նշել, որ «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն այս խաղում ռոտացիայի էր դիմել՝ առաջին րոպեներից խաղադաշտ մտցնելով նախորդ հանդիպումներում քիչ խաղաժամանակ ստացած ֆուտբոլիստներին։ Երկու թիմերն էլ ակտիվ գրոհում էին ու փորձում տիրել նախաձեռնությանը` միմյանց համար ստեղծելով ոչ այդքան հաճելի պահեր։ 19-րդ րոպեին «Շիրակի» ֆուտբոլիստները եզրային նետումով գրոհ զարգացրին, ինչի արդյունքում Ալազան Դումբիային հաջողվեց բացել խաղի հաշիվն ու առաջ մղել գյումրեցիներին։

Բաց թողած գոլից հետո 32-րդ րոպեին դաշտի տերերը երկրորդ գոլը խփելու շատ իրական հնարավորություն ունեին, սակայն Ռաֆիկ Միսակյանի հուժկու հարվածը հետ մղեց «Ուրարտուի» դարպասապահ Ալեքսանդր Մելիխովը։ Տանտերերի ճնշումը այդքանով չավարտվեց, և նրանք կարողացան նաև երկրորդ գոլը խփել. 36-րդ րոպեին Դոնալդ Կոդիան հեռահար հարվածով կրկնապատկեց թիմի առավելությունը: Խաղադաշտում իրավիճակը լարվեց, մեր տղաները փորձում էին դեռ առաջին խաղակեսում հետ բերել մեկ գնդակ և ակտիվորեն գրոհում էին։ Եվ հենց խաղակեսի վերջին րոպեին Նարեկ Գրիգորյանին հաջողվեց անել դա․ մեր ֆուտբոլիստը կարողացավ հեռահար հարվածով գրավել մրցակցի դարպասը՝ հաշիվը դարձնելով 2-1։ Այսպիսով, թիմերն ընդմիջման գնացին «Շիրակի»՝ մեկ գնդակի առավելությամբ։

Երկրորդ խաղակեսում մեր թիմում տեղի ունեցան փոփոխություններ։ Հենց մեկնարկից մեր տղաները սկսեցին պրեսինգ կիրառել, և կարող էին հավասարեցնել հաշիվը խաղակեսի սկզբում։ 52-րդ րոպեին Կարեն Մելքոնյանը իրական պահ ուներ գոլ հեղինակելու, սակայն չհասցրեց եզրափակել Մարգարյանի փոխանցումը, իսկ անդրադարձից հետո Սերգեյ Մկրտչյանի հարվածը բարձր ստացվեց։ Երկրորդ խաղակեսում «Շիրակը» ողջ կազմով պաշտպանվում էր և խաղը կառուցում հակագրոհների վրա, իսկ Գունկոյի թիմն ամբողջ ուժով առաջ էր նետվել ու փորձում էր փրկել խաղը։ 89-րդ րոպեին Նարեկ Գրիգորյանը հիանալի հարվածով կարողացավ հաշիվը դարձնել 2-2: Կրքերն էլ ավելի բորբոքվեցին ու մեր թիմն արդեն առաջ էր նետվում՝ հաղթական գոլը խփելու։ Հիմնական ժամանակին ավելացված առաջին րոպեին Նարեկ Գրիգորյանը 3-րդ գնդակն ուղարկեց «Շիրակի» դարպասը՝ ձևակերպելով իր առաջին հեթ-տրիկն այս մրցաշրջանում։ Այսպիսով, ֆանտաստիկ քամբեքով «Ուրարտուն» Գյումրիից վերադարձավ 3 միավորով։

«ՇԻՐԱԿ» - «ՈՒՐԱՐՏՈՒ» 2-3

1-0 Ալազան Դումբիա (19'), 2-0 Դոնալդ Կոդիա (36'), 2-1 Նարեկ Գրիգորյան (45'), 2-2 Նարեկ Գրիգորյան (89'), 2-3 Նարեկ Գրիգորյան (91'):

«ՇԻՐԱԿ». 55. Լյովա Կարապետյան, 6. Ռաֆիկ Միսակյան, 10. Արտեմ Գևորգյան, 5. Արսեն Սադոյան, 26. Ալեկսա Վիդիչ, 21. Դոնալդ Կոդիա, 29. Մարկո Պրլևիչ, 4. Արտյոմ Միքայելյան (ա), 14. Ալազան Դումբիա, 77. Մուսա Բակայոկո, 19. Մաջիկո Տրաորե։

Պահեստայիններ՝ 96. Սոկրատ Հովհաննիսյան, 1. Պողոս Այվազյան, 3. Համլետ Մնացականյան, 18. Սամվել Ղուկասյան, 7. Սերյոժա Ուռուշանյան, 9. Լյովա Մրյան, 30. Լևոն Դարբինյան, 22. Սերգեյ Մանուկյան, 59. Հովհաննես Գևորգյան, 43. Սուրեն Ծառուկյան, 11. Գրիգոր Մուրադյան։

«ՈՒՐԱՐՏՈՒ». 42. Ալեքսանդր Մելիխով, 2․ Նանա Անտվի, 4․ Եվհենիի Ցիմբալյուկ, 67․ Վադիմ Պարամոնով, 25․ Էդգար Գրիգորյան, 8․ Ուգոչուկվու Իվու, 19․ Սերգեյ Մկրտչյան, 27․ Դավիթ Խուրցիձե, 21․ Նարեկ Գրիգորյան, 15․ Մաքսիմ Մայրովիչ, 10․ Կարեն Մելքոնյան (ա)։ 

Պահեստայիններ՝ 24․ Արսեն Բեգլարյան, 22․ Մխիթար Ումրեյան, 6․ Արման Ղազարյան, 30․ Էվերսոն Պերեյրա, 34․ Էրիկ Փիլոյան, 36․ Խարիտոն Այվազյան, 88․ Ժիրայր Մարգարյան, 9․ Նարեկ Աղասարյան, 29․ Համլետ Սարգսյան, 33․ Մարկոս Ժունիոր, 90․ Օլեգ Պոլյակով, 13․ Դմիտրո Խլյոբաս։