Not Selected

ՌՈԲԵՐՏ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ․ «ԱՅՍՊԵՍ ԱՄՐԱՊՆԴՎՈՒՄ Է ԹԻՄՈՒՄ ԱՌԿԱ ՋԵՐՄ ՄԹՆՈԼՈՐՏԸ»

10/02/2022

«Ուրարտուն» նախապատրաստական շրջանի վերջին փուլն անցկացնում է Սոչիում։ Թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանը ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում խոսել է հավաքի ընթացի ու առաջնությանը պատրաստվելու մասին։ 

 

ՍՈՉԻՈՒՄ ԸՆԹԱՑՈՂ ՀԱՎԱՔԻ ՄԱՍԻՆ

«Մի քանի օր առաջ ժամանեցինք Սոչի ու հենց հաջորդ օրը առաջին ստուգողական հանդիպումն անցկացրինք, ինչը մեզ շատ էր պետք այս շրջանում։ Այն հավաքը, որը պլանավորել էինք ավելի շուտ անցկացնել, չստացվեց թիմում առկա առողջական խնդիրների պատճառով, արդյունքում միայն հիմա կարողացանք մեկնել հավաքի։ Կարևորությունը մեծ է թե՛ խաղային, թե՛ հոգեբանական առումով, ինչպես նաև այն ընտանեկան ու ջերմ մթնոլորտը, որը տիրում է մեզ մոտ, էլ ավելի կկարողանանք ամրապնդել ու արդեն լավ տրամադրությամբ կմոտենանք առաջնությանը»։

ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈԻՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Փետրվարի 8-ին մրցեցինք Սոչիի երկրորդ թիմի հետ։ Չնայած նրան, որ թիմը երիտասարդ կազմ ուներ, այնուամենայնիվ, շատ օգտակար էր այդ հանդիպումը, քանի որ այդ ֆուտբոլիստները բավական կազմակերպված ու էներգայով լի էին։ Մեզ ևս մեկ հանդիպում է սպասվում՝ Մինսկի «Դինամոյի» հետ, որը շատ լավ մրցակից է և՛ իր խաղային ձեռագրով, և՛ ֆուտբոլիստներով։ Նման թիմերի հետ խաղերը, բոլորս գիտենք, որ շատ կարևոր են խաղային ու հոգեբանական առումներով»։

ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ

«Թիմը սկսել է մարզումները դեռ հունվարի 8-ից, և այդ ժամանակահատվածում մենք կարողացանք իրականացնել այն, ինչ պլանավորել էինք, ստուգողական խաղեր ունեցանք Հայաստանում, որոնք նույնպես հաջող էին։ Ցավոք սրտի, որոշակի խնդիրներ առաջացրեցին Covid-ի հետ կապված դեպքերը, և տարբեր ժամանակահատվածներում մարզումներից բացակայեցին ոչ քիչ թվով ֆուտբոլիստներ, բայց այժմ փորձում ենք բոլորին բերել իրենց խաղամակարդակին ու օգնել օպտիմալ մարզավիճակ հավաքել։ Կարծում եմ՝ նման խոչընդոտներով հանդերձ, մենք պատրաստ ենք, իսկ ստուգողական վերջին հանդիպումից հետո էլ ավելի պատրրաստ կլինենք առաջնության վերսկսմանը»։