Not Selected

ԳՈԼԱՌԱՏ ՈՉ-ՈՔԻ՝ «ՆՈԱՅԻ» ՀԵՏ ՊԱՅՔԱՐՈՒՄ

12/04/2022

Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի խաղում «Ուրարտուն» սեփական հարկի տակ 2-2 հաշվով ոչ-ոքի գրանցեց «Նոայի» հետ պայքարում։ Մեր թիմի կազմում դուբլ ձևակերպեց Արթուր Միրանյանը, իսկ հյուրերից աչքի ընկան Մաքսիմ Մայրովիչն ու Ալեշանդրե Օլիվեյրան։

Թիմերը մրցաշարային աղյուսակում հարևաններ են, հաղթանակի դեպքում մեր թիմը կշրջանցեր Պիկուշչակի տղաներին, սակայն զբաղեցրած դիրքերն առայժմ մնում են նույնը՝ «Ուրարտուն» 27 միավորով 6-րդն է, «Նոան»՝ 29 միավորով 5-րդը։ Այս թիմերի միջև կայացած վերջին խաղը 17-րդ տուրում էր։ Մրցակցի հարկի տակ հանդիպումը ևս ավարտվել էր ոչ-ոքիով (1-1)։

«Ուրարտու» - «Նոա» հանդիպման առաջին հարվածը կատարեց լեգենդար բռնցքամարտիկ, աշխարհի 9-ակի չեմպիոն Վիկ Դարչինյանը։

Հանդիպումը բավական ակտիվ մեկնարկեցին երկու թիմերն էլ։  31-րդ րոպեին հյուրերին հաջողվեց բացել հաշիվը։ Մրցակցի հերթական գրոհի ժամանակ տուգանային հրապարակում գնդակը դիպավ Արմեն Մանուչարյանի ձեռքին, ինչից հետո մրցավարը 11-մետրանոց հարված նշանակեց մեր դարպասի ուղղությամբ։ Այն անվրեպ իրացրեց Մաքսիմ Մայրովիչը։ 6 րոպե անց 11-մետրանոց նշանակվեց արդեն հակառակ դարպասի ուղղությամբ։ Այս անգամ «Նոայի» ֆուտբոլիստ Գեղամ Հարությունյանը կանոնները խախտեց Ժիրայր Մարգարյանի նկատմամբ։ Արթուր Միրանյանն էլ չվրիպեց նշակետից ու հավասարեցրեց հաշիվը։ Սակայն ընդամենը 1 րոպե անց հյուրերը կրկին առավելությունը թեքեցին իրենց կողմը։ Ալեշանդրե Օլիվեյրան նպաստավոր դիրքից գրավեց Արսեն Բեգլարյանի պաշտպանած դարպասը։

Ընդմիջումից հետո խաղի տեմպը մի փոքր ընկավ, սակայն թիմերը շարունակում էին գրոհներ ձեռնարկել միմյանց դարպասի ուղղությամբ։ Խաղի մեջ հաճախակի էինք տեսանք Արսեն Բեգլարյանին, որը մի քանի անգամ փրկեց թիմին վերահաս գոլերից։ 52-րդ րոպեին մեր տղաները հերթական գրոհի արդյունքում կարողացան նորից հավասարեցնել խաղի հաշիվը։ Իր հաշվին դուբլ գրանցեց Արթուր Միրանյանը` այդպիսով խփելով իր 20-րդ գոլը Հայաստանի առաջնություններում։ Ի դեպ, սա նաև նրա առաջին դուբլն էր Հայաստանի առաջնություններում։ Այս խաղը հոբելյանական էր մեր ևս երկու ֆուտբոլիստի համար։ Էդգար Գրիգորյանը խաղաց իր 40-րդ, իսկ Սերգեյ Մկրտչյանը՝ 20-րդ խաղը Հայաստանի առաջնություններում։

Հանդիպման վերջին րոպեներին խաղադաշտ մտած Գոռ Լուլուկյանը ևս լավ պահ ուներ խփելու հաղթական գոլը, սակայն նրա հարվածից հետո գնդակի ուղղությունը շեղեց Վարդան Շահատունին։ 

Հավելենք, որ «Ուրարտուն» հաջորդ խաղը հյուրի կարգավիճակում կանցկացնի ապրիլի 16-ին՝ Չարենցավանի քաղաքային մարզադաշտում մրցելով «Վանի» հետ։ Հանդիպումը կմեկնարկի 15:00-ին։

«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ՆՈԱ» 2-2

0-1 Մաքսիմ Մայրովիչ (31' 11մ), 1-1 Արթուր Միրանյան (37' 11մ), 1-2 Ալեշանդրե Օլիվեյրա (38'), 2-2 Արթուր Միրանյան (52')

«ՈՒՐԱՐՏՈՒ»․ 24. Արսեն Բեգլարյան, 2․ Նանա Անտվի, 4․ Արմեն Մանուչարյան, 67․ Վադիմ Պարամոնով, 6․ Արման Ղազարյան, 88․ Ժիրայր Մարգարյան (25․ Էդգար Գրիգորյան 83'), 8․ Ուգոչուկվու Իվու (20․ Գոռ Լուլուկյան 88'), 5․ Հակոբ Հակոբյան (ա) (19․ Սերգեյ Մկրտչյան 68'), 90․ Օլեգ Պոլյակով (9․ Նարեկ Աղասարյան 46'), 22․ Արթուր Միրանյան, 12․ Ջոնել Դեսիրե (13․ Դմիտրո Խլյոբաս 88')։ 

Պահեստայիններ՝ 96․ Անատոլի Այվազով, 31․ Լևոն Տեր-Մինասյան, 36․ Խարիտոն Այվազյան, 14․ Պյոտր Տեն, 15․ Աննան Մենսահ, 25․ Էդգար Գրիգորյան, 9․ Նարեկ Աղասարյան, 20․ Գոռ Լուլուկյան, 28․ Ռոբերտ Բաղրամյան, 19․ Սերգեյ Մկրտչյան, 13․ Դմիտրո Խլյոբաս, 10․ Կարեն Մելքոնյան։ 

«ՆՈԱ»․ 77․ Վարդան Շահատունի, 17․ Ժորդի Արարատ, 6․ Հայկ Մուսախանյան, 3․ Արթուր Քարտաշյան (18․ Օքեզի Էբենեզեր 46'), 92․ Սանա Գոմեշ, 8․ Սարգիս Շահինյան, 32․ Եվգենի Օանչա (23․ Ալեքսեյ Գրյազնով 66'), 20․ Ալեշանդրե Օլիվեյրա (19․ Աշոտ Ադամյան 88'), 94․ Դանու Սպետառու (11․ Յարոսլավ Մատվիենկո 81'), 22․ Գեղամ Հարությունյան (ա) (65․ Ռայմոնդ Գյասի 46'), 10․ Մաքսիմ Մայրովիչ։ 

Պահեստայիններ՝ 98․ Գրիգորի Մաթևոսյան, 33․ Էրիկ Ավետիսյան, 27․ Ալեքսեյ Չոպա, 18․ Օքեզի Էբենեզեր, 13․ Դրամանե Սալու, 23․ Ալեքսեյ Գրյազնով, 11․ Յարոսլավ Մատվիենկո, 19․ Աշոտ Ադամյան, 7․ Գևորգ Տարախչյան, 65․ Ռայմոնդ Գյասի, 21․ Դմիտրի Լավրիշև, 9․ Անդրեյ Տիտով։