Not Selected

ՌՈԲԵՐՏ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ․ «ԱՅՍՕՐ ՏՂԱՆԵՐԸ ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՅՑ ՏՎԵՑԻՆ»

08/04/2022

Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրում «Արարատ-Արմենիայի» հետ գրանցած ոչ-ոքիից հետո (1-1) «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանը խոսել է խաղի մասին․

 

ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Խաղում էինք շատ լավ մրցակցի դեմ, որն իր բարդություններն առաջացրեց։ Ինչ-որ տեղ ստիպեցին մեզ չխաղալ այն խաղը, որը մենք ենք խաղում, այսինքն՝ գնդակի վերահսկումը մեզ մոտ այսօր լիարժեք չէր։ Բայց մենք ցույց տվեցինք բնավորություն, որը շատ կարևոր է ֆուտբոլում, ուստի շատ ուրախ եմ։ Այս ամենի հետ մեկտեղ էլ մենք ունեցանք նաև մի քանի պահեր գոլից բացի, որ կարող էինք օգտագործել, գրավել դարպասն ու հաղթել։ Մենք խաղում էինք միայն հաղթանակի համար, որը, ցավոք, չստացվեց»։

Մարզիչը պատասխանեց նաև լրագրողների հարցերին․

ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՈՒ ԳՈԼ ԲԱՑ ԹՈՂՆԵԼՈՒ ՊԱՏՃԱՌՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Թե որ թիմն ավելի շատ խախտեց կանոնները, ասել չեմ կարող, ցույց կտա վիճակագրությունը։ Սովորաբար մենք ավելի քիչ ենք խախտում, քան այսօր ստացվեց։ Գիտեինք, որ մրցակիցը ինտենսիվ պրեսինգով է խաղում, բայց մենք էլ չէինք զիջում ու անընդհատ փորձում էինք դուրս գալ գրոհների։ Երևի այդ փորձերի ժամանակ շատ էինք գնդակ կորցնում, ինչի արդյունքում էլ խախտումներ էին լինում»։

«ՈՒՐԱՐՏՈՒԻ» ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ ԳՐՈՀՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Հակագրոհների ժամանակ թիմն ավելի շատ տարածություն է ունենում, ինչը չեմ ասի դիրքային գրոհների մասին, դա ամենաբարդն է ֆուտբոլում։ Մենք ոչ միայն դիրքային գրոհն ենք մարզում, այլև հակագրոհները, որովհետև դա նույնպես ֆուտբոլի մի մասն է։ Ճիշտ եք նկատել, առաջին խաղակեսի երկրորդ հատվածից մենք ավելի մոտ էինք այն ֆուտբոլին, որը պետք է խաղայինք։

Կարծում եմ՝ այսօր մեծ էր պայքարը, քանի որ մենք առաջնությունում գնդակին տիրելու առումով առաջատար ենք, երկրորդն այս ցուցանիշով հենց «Արարատ-Արմենիան» է, և այսօր պայքար էր գնում գնդակի համար։ Պահեր ունեինք ինչպես գոլ խփելու, այնպես էլ գոլ ընդունելու, բայց այն բնավորությամբ, որը ցույց տվեցին տղաները, վստահաբար կասեմ, որ արժանի չէինք լինի պարտության»։

ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ «ՈՒՐԱՐՏՈՒԻ» ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Այս պահին մենք առաջնությունում առաջատար ենք վիճակագրական շատ տվյալներով, որոնք կտեսնեք նաև եվրոպական թոփ ակումբների մոտ։ Հաշվի առնելով դրանք՝ մենք առաջնությունում պետք է 3-րդ կամ 4-րդ տեղում լինեինք։ Դեռևս չի ստացվում առաջնությունում հաղթել առաջատարներին, բայց մենք գավաթում հաղթել ենք «Ալաշկերտին», մի քանի անգամ էլ ստիպել ենք չեմպիոնական մրցավազքում գտնվող «Փյունիկին» խաղալ հակագրոհներով։ Հայաստանի առաջնությունում բոլոր թիմերն ուժեղ են ու մրցակցում են միմյանց հետ, մենք ամեն խաղը ամենաուժեղ մրցակցի դեմ ենք խաղում»։