Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ը ՈՉ-ՈՔԻ ԿՈՐԶԵՑ ԱՌԱՋԱՏԱՐԻ ՀԵՏ ԽԱՂՈՒՄ

14/05/2022

Հայաստանի Առաջին խմբի առաջնության 27-րդ տուրի խաղում «Ուրարտու-2»-ը հյուրընկալվելիս նվազագույն հաշվով զիջեց առաջնության առաջատար «Լեռնային Արցախին»։ Տանտերերի կազմում 11-մետրանոցից գոլի հեղինակ դարձավ Արսեն Հովհաննիսյանը, իսկ պատասխան գնդակը մեր թիմից խփեց Էրիկ Փիլոյանը։

27-րդ տուրը մեկնարկեց հենց այս հանդիպումով։ Ընթացիկ մրցաշրջանում թիմերը վերջին անգամ հանդիպեցին։ Նախորդ երեք մրցավեճերում նույնպես «Լեռնային Արցախն» առավելության էր հասել։

Սիսիանի Քաղաքային մարզադաշտում մեկնարկած հանդիպման առաջին խաղակեսը տանտերերի խաղային առավելությամբ ընթացավ։ 26-րդ րոպեին հերթական գրոհի արդյունքում, ներխուժելով մեր տուգանային հրապարակ, «Լեռնային Արցախի» ֆուտբոլիստը ստիպեց Էրիկ Փիլոյանին խախտել կանոնները սեփական տուգանայինում և վաստակեց 11-մետրանոցի իրավունք։ Հայկ Ղազարյանի պաշտպանած դարպասն էլ գրավեց Արսեն Հովհաննիսյանը։ Նվազագույն առավելությունն ստանալուց հետո նրանք ևս մի քանի անգամ սպառնացին մեր դարպասին։ Դրվագներից մեկում էլ Արարատ Չիլինգարյանի հարվածից հետո գեղեցիկ սեյվով թիմին վերահաս գոլից փրկեց մեր դարպասապահ Հայկ Ղազարյանը։ «Ուրարտու-2»-ի կատարմամբ ամենաիրական պահը տուգանայինից Ֆելիքս Խաչատրյանի բավական վտանգավոր հարվածն էր, որից հետո գնդակը դարպասային ցանցին դիպավ միայն հետևից։ Նոր գոլեր առաջին կեսում չգրանցվեցին և թիմերն ընդմիջման գնացին «Լեռնային Արցախի» նվազագույն առավելությամբ։

Երկրորդ խաղակեսում սպասելիորեն առավել վտանգավոր էին գործում տանտերերը։ Գրոհները բազմաթիվ էին, սակայն «Ուրարտու-2»-ի պաշտպանությունը ճեղքել չէր հաջողվում։ Խաղի 69-րդ րոպեին «Լեռնային Արցախի» ֆուտբոլիստները շատ մոտ էին երկրորդ գոլը խփելուն, սակայն անկյունայինի խաղարկումից հետո դարպասի գրավում այդպես էլ չարձանագրվեց, քանի որ մրցավարը վերջիններիս գործողություններում կանոնների խախտում էր նկատել։ «Ուրարտու-2»-ի ֆուտբոլիստները խաղավերջում բավական ակտիվ էին գործում և փորձում էին գոնե ոչ-ոքիով ավարտել հանդիպումը, սակայն հարվածները շեղ էին ստացվում։ Բայց փորձերն ի վերջո տվեցին իրենց արդյունքը։ Հիմնական ժամանակին ավելացված վերջին րոպեին մեր տղաները տուգանայինի իրավունք վաստակեցին, որը ֆանտաստիկ կերպով իրացրեց Էրիկ Փիլոյանը՝ փրկելով խաղը։ «Լեռնային Արցախ» - «Ուրարտու-2» 1-1:

Հավելենք, որ ընդամենը մեկ տուր է մնում՝ եզրափակելու Առաջին խմբի առաջնության ընթացիկ մրցաշրջանը։ Վերջին տուրում էլ մեր տղաները կհյուրընկալեն Գյումրիի «Շիրակին»։ 

«ԼԵՌՆԱՅԻՆ ԱՐՑԱԽ» - «ՈՒՐԱՐՏՈՒ-2» 1-1

1-0 Արսեն Հովհաննիսյան (26'), 1-1 Էրիկ Փիլոյան (90+6')

«ԼԵՌՆԱՅԻՆ ԱՐՑԱԽ»․ 1. Սերգեյ Սարյան (ա), 5․ Գոռ Պողոսյան (6․ Արամ Կոստանդյան 80'), 27․ Աբաբակար Սոու, 15․ Արթուր Խաչատրյան, 17․ Արարատ Չիլինգարյան, 21․ Վադիմ Հայրիյան, 9․ Արսեն Հովհաննիսյան, 30․ Համլետ Ասոյան, 31․ Վլադիմիր Խարատյան, 89․ Յեիսոն Բոսսա Ռասինես (88․ Աշոտ Քոչարյան 72'), 77․ Մարվին Պերեա (99․ Նթոնե Վալդո 58')։ 

Պահեստայիններ՝  12․ Գոռ Մանուկյան, 13․ Արման Հարությունյան, 99․ Նթոնե Վալդո, 2․ Մարատ Կարապետյան, 6․ Արամ Կոստանդյան, 8․ Տիգրան Սիմոնյան, 90․ Նարեկ Դանիելյան, 7․ Նորիկ Մկրտչյան, 56․ Խուան Պալասիո, 88․ Աշոտ Քոչարյան։ 

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»․ 1. Հայկ Ղազարյան, 4․ Էրիկ Փիլոյան, 5․ Ֆելիքս Խաչատրյան (ա), 99․ Պետրոս Մանուկյան, 12․ Արա Ջոլաքյան (14․ Կորյուն Սեդրակյան 68'), 33․ Վարդան Բաբախանյան, 26․ Կարեն Գալստյան, 77․ Գրիգոր Հովհաննիսյան, 20․ Ռուբեն Եսայան (8․ Գևորգ Գրիգորյան 84'), 16․ Հայկ Ղևոնդյան, 15․ Կարեն Դավթյան:

Պահեստայիններ՝ 22․ Մխիթար Ումրեյան, 3․ Գագիկ Գևորգյան, 19․ Արմեն Աֆրիկյան, 13․Էդգար Ղուլինյան, 14․ Կորյուն Սեդրակյան, 70․ Արման Մարտիրոսյան, 8․ Գևորգ Գրիգորյան։