Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ի ԵԼՈՒՅԹՆԵՐԸ 2021/22-ԻՆ․ ԱՄՓՈՓՈՒՄ ԵՆՔ ՄՐՑԱՇՐՋԱՆԸ

14/06/2022

«Ուրարտու-2»-ի համար 2021/22 մրցաշրջանը իրադարձություններով լի էր։ Առաջարկում ենք վերհիշել թիմի համար կարևորագույն իրադարձությունները, որոնք տեղի ունեցան ավարտված մրցաշրջանում։

 
ԱՄՓՈՓԵԼՈՎ ՄՐՑԱՇՐՋԱՆԻ ԵՐԿՈՒ ՀԱՏՎԱԾՆԵՐԸ

2021/22 մրցաշրջանի աշնանային հատվածում «Ուրարտու-2»-ն անցկացրած 15 խաղում 4 հաղթանակ էր տոնել ու մրցաշրջանի այդ հատվածն ավարտել 6-րդ հորիզոնականում։ 2022 թվականի սկզբին թիմի կազմում տեղի ունեցավ մարզչական փոփոխություն։ Արամ Բարեղամյանի փոխարեն թիմի ղեկն ստանձնեց «Ուրարտուի» ակադեմիայի մարզիչ Տիգրան Առաքելյանը։

«Ուրարտու-2»-ի ֆուտբոլիստները գարնանային հատվածում հաջող ելույթներ չունեցան՝ 3 հաղթանակ, 4 ոչ-ոքի և 5 պարտություն։ Արդյունքում, ավարտված մրցաշրջանում անցկացրած 28 խաղերում մեր տղաներին 39 անգամ հաջողվեց գրավել մրցակիցների դարպասը, իսկ սեփականն ընդունեցին 51-ը։ Թիմի օգտին գրանցվեց 7 հաղթանակ, 8 ոչ-ոքի և 13 պարտություն։ Այսպիսով, «Ուրարտու-2»-ը վաստակած 29 միավորով մրցաշրջանն ավարտեց 6-րդ հորիզոնականում։

ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՀԱՎԱՔ

«Ուրարտու-2»-ն արդեն ավանդույթի համաձայն տարին սկսեց արտասահմանյան հավաքով։ Փետրվարի 17-ից 27-ը թիմը Ռուսաստանի Սոչի քաղաքում 10-օրյա հավաք անցկացրեց, որի ընթացքում 4 ստուգողական հանդիպում անցկացրեց։ Երկուսում մեր տղաները պարտվեցին, երկուսն էլ ավարտեցին հաղթանակով։

ԹՎԵՐ ԵՎ ՓԱՍՏԵՐ

Ավարտված մրցաշրջանում «Ուրարտու-2»-ի կազմում ամենաշատ խաղերին մասնակցած ֆուտբոլիստը Ռուբեն Եսայանն է, որը 26 հանդիպման է մասնակցել՝ ընդանուր առմամբ խաղալով 1377 րոպե։ Սակայն խաղադաշտում անցկացրած րոպեների քանակով առաջատարը Տիգրան Այունցն է՝ 1403 րոպե։ 

Առաջին խմբի առաջնությանը մասնակցած մեր ամենաերիտասարդ ֆուտբոլիստը դարպասապահ Հայկ Ղազարյանն է։ Նա 2021/22 մրցաշրջանում մեկնարկային րոպեներից խաղադաշտ է դուրս եկել 7 անգամ։

Թիմի լավագույն ռմբարկուն Տիգրան Այունցն է՝ խփած 10 գոլով, որոնցից 9-ը ֆուտբոլիստը հեղինակել էր առաջնության աշնանային հատվածում:

ԳԼԽԱՎՈՐ ԹԻՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐ

Նույն Տիգրան Այունցին գարնանային հատվածում քիչ տեսանք Առաջին խմբի առաջնության խաղերում, քանի որ ֆուտբոլիստը խաղաժամանակ էր ստանում «Ուրարտուի» գլխավոր թիմի կազմում։ Այդ թվում էին նաև Համլետ Սարգսյանը, Էրիկ Փիլոյանը, Ռուբեն Եսայանը, Հայկ Ղևոնդյանը, Պետրոս Մանուկյանը, Սամվել Հակոբյանը, որոնք պարբերաբար միանում էին թիմին, վերջինս նույնիսկ հասցրեց գոլի հեղինակ դառնալ «Ուրարտուի» կազմում։