Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ»-Ի ԵԼՈՒՅԹՆԵՐԸ VBET ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊՐԵՄԻԵՐ ԼԻԳԱՅԻ 2021/22 ՄՐՑԱՇՐՋԱՆՈՒՄ ԹՎԵՐՈՎ

14/06/2022

2021/22 մրցաշրջանը «Ուրարտուն» ավարտեց մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականում։ Մեր ֆուտբոլիստները կարողացան աչքի ընկնել բազմաթիվ վիճակագրական տվյալներով, որոնք մենք ընդհանրացրել ենք ու կներկայացնենք ստորև:

*Նշենք, որ տվյալներում հաշվի են առնվել «Սևան» ֆուտբոլային ակումբի հետ անցկացրած հանդիպումները, որը մրցաշրջանի միջնամասում դադարեցրեց իր մասնակցությունն ու դուրս եկավ Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայից։

ԽԱՂԵՐԻ ԱՄԵՆԱՇԱՏ ՔԱՆԱԿԸ

Սկսենք թիմային վիճակագրությունից: «Ուրարտուի» կազմում Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 36 տուրերի արդյունքում ամենաշատ հանդիպումներն անցկացրել է թիմի կիսապաշտպան Նարեկ Աղասարյանը՝ 34 խաղ՝ այս ցուցանիշով ընդգրկվելով նաև 2021/22 մրցաշրջանում ամենաշատ ելույթներն ունեցած ֆուտբոլիստների լավագույն եռյակում: Սակայն խաղադաշտում ամենաշատ րոպեների քանակով առաջատարն «Ուրարտուի» մյուս կիսապաշտպանն է՝ Ուգոչուկվու Իվուն՝ 2753 րոպե ամբողջ մրցաշրջանում, որին հաջորդում է նույն Նարեկ Աղասարյանը (2692 րոպե), իսկ լավագույն եռյակը եզրափակում է դարպասապահ Արսեն Բեգլարյանը՝ անցկացրած 2398 րոպեով։ «Ուրարտուի» կազմում ավարտված մրցաշրջանում ընդհանուր առմամբ խաղերին մասնակցել է 36 ֆուտբոլիստ, որոնցից 30-ը խաղաժամանակ ստացել են, իսկ 6-ը հայտավորված են եղել հանդիպումներին։

VBET ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊՐԵՄԻԵՐ ԼԻԳԱՅԻ ԱՄԵՆԱՀԱՇՏ ԹԻՄԸ

Եթե նայենք մրցաշարային աղյուսակի վերջնական արդյունքներին, ապա կտեսնենք, որ «Ուրարտուն» այս մրցաշրջանում «ամենահաշտ» թիմն է, քանի որ ունի ամենաշատ ոչ-ոքիները՝ 14։ Ընդհանուր առմամբ թիմն անցկացրել է 34 հանդիպում, որից 10-ը հաղթանակով է ավարտել, 14 ոչ-ոքի գրանցել, 10 անգամ էլ պարտվել։ Մեր տղաներն այս մրցաշրջանում խփել են 41 գնդակ, բաց թողել 33-ը։

«ՈՒՐԱՐՏՈՒԻ» «ԱՄԵՆԱԵՐԻՏԱՍԱՐԴ» ԵՎ «ՏԱՐԵՑ» ԳՈԼԵՐԸ

Մեր թիմի կազմում գոլերով աչքի ընկնել հաջողվեց 11 տարբեր ֆուտբոլիստների։ Ամենաերիտասարդը, որ կարողացավ գրավել մրցակցի դարպասը, Գոռ Լուլուկյանն էր (18 տարեկան, 319 օրական), իսկ Օլեգ Պոլյակովը ամենատարեցն էր (30 տարեկան 273 օրական)։

«ՈՒՐԱՐՏՈՒԻ» ԱՄԵՆԱԱՐԱԳ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԸ

Ըստ վիճակագրության՝ նախորդ մրցաշրջանում «Ուրարտուի» կազմում ամենաարագը թիմի պաշտպան Նանա Անտվին էր, որը կարողացել է զարգացնել 35,5 կմ/ժ արագություն, երկրորդն այս ցուցանիշով պաշտպան Խարիտոն Այվազյանն է՝ 35,3 կմ/ժ, որին հաջորդում է Օլեգ Պոլյակովը՝ 34, 8 կմ/ժ արագությամբ։

ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ԽԱՂԵՐ

2021/22 մրցաշրջանում «Ուրարտուի մի քանի ֆուտբոլիստներ հոբելյանական հանդիպումներ անցկացրին թիմի կազմում. 31-րդ տուրի «Ալաշկերտի» հետ հանդիպումը «Ուրարտուի» հարձակվող Կարեն Մելքոնյանի համար 100-րդն էր Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայում, մեր թիմի ավագ, պաշտպան Հակոբ Հակոբյանը ԲԿՄԱ-ի հետ 32-րդ տուրի խաղը՝ 150-րդը։ Հատկանշական է, որ ֆուտբոլիստները բոլոր հանդիպումներն անցկացրել են հենց «Ուրարտուի» կազմում։ Իսկ կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն 33-րդ տուրի «Փյունիկի» հետ խաղում հատեց Հայաստանի առաջնություններում իր 100-րդ խաղի նշագիծը։

ՏԱՆԸ ՊԱՏԵՐՆ ԷԼ ԵՆ ՕԳՆՈՒՄ

Հայաստանի առաջնության նախորդ մրցաշրջանում մեր թիմը տնային 17 հանդիպում է անցկացրել, որոնցում մրցակիցները մեր տղաներին հաղթել չեն կարողացել 12 անգամ (6 հանդիպում ավարտվել է «Ուրարտուի» հաղթանակով, գրանցվել է նաև 6 ոչ-ոքի), միայն 5 անգամ է մրցակիցներին հաջողվել հաղթանակի հասնել «Ուրարտու» մարզադաշտում։

Այսպիսով, ամփոփեցինք Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի անցած մրցաշրջանի արդյունքները, որոնք լավագույնը չէին, բայց կարող են դառնալ գալիք մրցաշրջանում։ Շարունակում ենք քրտնաջան աշխատել և պատրաստվել նոր մարտահրավերներին։