Not Selected

ՀԱՂԹԱԿԱՆ ՄԵԿՆԱՐԿ՝ VBET ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊՐԵՄԻԵՐ ԼԻԳԱՅՈՒՄ

31/07/2022

Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 2022/23 մրցաշրջանի մեկնարկային տուրի վերջին օրը իր ելույթներն առաջնությունում սկսեց «Ուրարտուն»։ Մեր թիմն իր հարկի տակ էր ընդունել «Արարատ-Արմենիային», որի նկատմամբ առավելության հասավ նվազագույն հաշվով ու տոնեց նոր մրցաշրջանում իր առաջին հաղթանակը։ Հանդիպման միակ գոլը խփեց Օլեգ Պոլյակովը։

Ավանդույթի համաձայն՝ առաջին խաղի մեկնարկից առաջ հնչեց Հայաստանի պետական օրհներգը, որը կենդանի կատարմամբ հանդիսականներին մատուցեց երգիչ Արթուր Խաչենցը։ Հիմնի ներքո էլ երկու թիմերի ավագները բարձրացրին Հայաստանի Հանրապետության և Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի դրոշները։

ԹԻՄԻ ՆՈՐԵԿՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Ուրարտուի» կազմը համալրած նոր ֆուտբոլիստները հնարավորություն ստացան ցուցադրելու իրենց խաղը բավական լավ մրցակցի հետ պայքարում։ Նոր գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն, որն ի դեպ նախորդ մրցաշրջանում մարզում էր հենց «Արարատ-Արմենիան», մեկնարկային րոպեներից խաղադաշտ դուրս բերեց Լեոն Սաբուային և Էվերսոն Պերեյրային։ Ավելի ուշ փոխարինման մտան նաև Մաքսիմ Մայրովիչն ու Եվգենի Նազարովը։ 

ԽԱՂԱԿԵՍՆ ԱՌԱՆՑ ԳՈԼԵՐԻ ԷՐ

Հանդիպման առաջին րոպեներից նախաձեռնությունը մեր տղաներինն էր։ Բավական ակտիվ էր հարձակման գիծը, սակայն դժվար էր ճեղքել նաև մրցակցի պաշտպանությունը։ Մի քանի վտանգավոր իրավիճակում աչքի ընկնելու հնարավորություններ ունեին Լեոն Սաբուան ու Օլեգ Պոլյակովը։ Մրցակիցն առաջին կեսում վտանգավոր պահեր առանձնապես չունեցավ, և այդպիսով թիմերն ընդմիջման գնացին առանց խփված գոլերի։ 

ՀԱՆԴԻՊՄԱՆ ԵԼՔԸ ՈՐՈՇԵՑ ՊՈԼՅԱԿՈՎԻ ՄԻԱԿ ԳՈԼԸ

Երկրորդ խաղակեսում ավելի ակտիվ գործողություններ տեսանք երկու թիմերի կատարմամբ։ «Արարատ-Արմենիան» ավելի շատ էր գրոհներ ձեռնարկում, որոնցից հետո գործողության մեջ էինք տեսնում մեր դարպասապահ Արսեն Բեգլարյանին։ Հանդիպման 57-րդ րոպեին մրցակիցը հնարավորություն ուներ հաշիվը բացելու, երբ Սերգեյ Մկրտչյանի՝ գնդակը կորցնելուց հետո, այն հասավ «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստին, վերջինս, սակայն, նպաստավոր դիրքից չկարողացավ գրավել մեր դարպասը։ Մի քանի րոպե անց եզրից գնդակը խաղի մեջ մտցնելուց հետո Օլեգ Պոլյակովը գնդակով առաջ շարժվեց ու հեռու տարածությունից գեղեցիկ հարվածով բացեց հաշիվը։ Գոլից հետո մեր կազմում փոփոխություններ տեղի ունեցան թե՛ հարձակման գծում, թե պաշտպանությունում։ Մինչ խաղի վերջը ևս մի քանի պահ ունեինք, սակայն այլ գոլեր չգրանցվեցին՝ 1-0։

ՀԱՋՈՐԴ  ԽԱՂԸ

Հավելենք, որ հաջորդ խաղը մեր թիմի համար կլինի արտագնա։ Օգոստոսի 8-ին «Ուրարտուն» Գյումրիի քաղաքային մարզադաշտում ուժերը կչափի «Շիրակի» հետ։ Հանդիպումը կմեկնարկի 17։30-ին։

«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ» 1-0

1-0 Օլեգ Պոլյակով (59')

«ՈՒՐԱՐՏՈՒ»․ 24. Արսեն Բեգլարյան, 2. Նանա Անտվի (36. Խարիտոն Այվազյան 73'), 30. Էվերսոն Պերեյրա, 67. Վադիմ Պարամոնով, 88. Ժիրայր Մարգարյան (ա), 19. Սերգեյ Մկրտչյան, 9. Նարեկ Աղասարյան, 8. Ուգոչուկվու Իվու (13. Դմիտրո Խլյոբաս 82'), 90. Օլեգ Պոլյակով (5. Եվգենի Նազարով 83'), 21. Նարեկ Գրիգորյան (10. Կարեն Մելքոնյան 82'), 18. Լեոն Սաբուա (15. Մաքսիմ Մայրովիչ 82')

Պահեստայիններ՝ 22. Մխիթար Ումրեյան, 34. Էրիկ Փիլոյան, 20. Գոռ Լուլուկյան, 6. Արման Ղազարյան, 29. Համլետ Սարգսյան, 5. Եվգենի Նազարով, 25. Էդգար Գրիգորյան, 17. Տիգրան Այունց, 36. Խարիտոն Այվազյան, 10․ Կարեն Մելքոնյան, 13. Դմիտրո Խլոբաս, 15. Մաքսիմ Մայրովիչ։

«ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ»․ 45. Վսևոլոդ Երմակով, 13. Արտեմ Ավանեսյան (14. Մաիլսոն Լիմա 46'), 23. Ստյոպա Մկրտչյան, 2. Գիլյերմե դե Սոուզա, 33. Ուիլֆրեդ Էզա Կուասի (9. Ագդոն Մենեզես 46՛), 10. Արմեն Համբարձումյան (ա) (7. Ուգո Ֆիրմինո 62'), 20. Ալվին Տերա (21. Սոլոմոն Իմ Ուդո 66'), 19. Կարեն Մուրադյան, 11. Ջոնաթան Դուարտե (15. Ջեն Տենտոն 70'), 30. Ռոմերսիո Պերեյրա, 55 Հակոբ Հակոբյան։

Պահեստայիններ՝ 1. Հայկ Խաչատրյան, 33. Դմիտրի Աբակումով, 6. Ուբեյմար Անգուլո, 5. Դավիթ Տերտերյան, 3. Խոսե Ջունիոր Բուենո, 14. Մայիլսոն Լիմա, 21. Սոլոմոն Իմե Ուդո, 8. Գևորգ Ղազարյան, 4. Արման Հովհաննիսյան 7. Ուգո Ֆիրմինո, 15. Տենտոն Եննե, 9. Ագդոն Մենեզես։