Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ը ՊԱՐՏՎԵՑ ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԽԱՂՈՒՄ

09/07/2022

Նախապատրաստական փուլի շրջանակներում «Ուրարտու-2»-ը երկրորդ ստուգողական հանդիպումն անցկացրեց՝ մրցելով «Փյունիկ Ակադեմիա» թիմի հետ։ Հանդիպումն ավարտվեց 2-0 հաշվով՝ հօգուտ մրցակցի։

Այս խաղում նույնպես մեր թիմը երկու խաղակեսերում երկու տարբեր կազմերով հանդես եկավ։ Հանդիպումը մեկնարկից սկսեցին մեր թիմի ավելի փորձառու ֆուտբոլիստները։ Խաղադաշտում տեսնում էինք համառ պայքար գնդակի համար, բայց խաղը հիմնականում ծավալվում էր դաշտի կենտրոնում, ուստի դժվար է ասել, թե որ թիմն էր տիրում նախաձեռնությանը։ Երկու թիմերի ֆուտբոլիստներն էլ փորձում էին դիրքային գրոհներ կազմակերպել, սակայն մինչ ընդմիջումը գոլեր խփել չկարողացան։

Երկրորդ խաղակեսում, ինչպես նշեցինք, մեր թիմի կազմն ամբողջովին փոխվեց, իրենց ուժերը փորձելու հնարավորություն տրվեց «Ուրարտուի» ակադեմիայի պատանիներին։ 60-րդ րոպեին սեփական կիսադաշտում մեր ֆուտբոլիստների թույլ տված սխալի պատճառով մրցակիցը գրոհ կազմակերպեց, որից հետո կարողացավ բացել հանդիպման հաշիվը։ Բաց թողած գոլից հետո մեր տղաները սկսեցին ավելի ագրեսիվ գործել՝ փորձելով ճեղքել «Փյունիկ Ակադեմիայի» պաշտպանությունը, սակայն արդյունքը ճիշտ հակառակն էր․ տանտերերն ավելի գրագետ էին գործում։ Դրվագներից մեկի ժամանակ մրցակցի հեռահար հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին, մեկ անգամ էլ դարպասը գրավվեց խաղից դուրս իրավիճակից։ Սակայն մեր ֆուտբոլիստները չօգտվեցին այս վրիպումներից, և նույնիսկ 92-րդ րոպեին կրկին նույն սխալի արդյունքում բաց թողեցին երկրորդ գնդակը․ «Փյունիկ Ակադեմիա» - «Ուրարտու-2»՝ 2-0։

Հիշեցնենք, որ թիմը շարունակում է նախապատրաստվել նոր մրցաշրջանին՝ մարզվելով սեփական բազայում։ Նախատեսվում է նաև երկշաբաթյա արտասահմանյան հավաք, որի մանրամասները կտեղեկացնենք ավելի ուշ։

«ՓՅՈՒՆԻԿ ԱԿԱԴԵՄԻԱ» - «ՈՒՐԱՐՏՈՒ-2» 2-0

«ՈՒՐԱՐՏՈՒ-2».

ԱՌԱՋԻՆ ԽԱՂԱԿԵՍ՝

Մխիթար Ումրեյան, Նարեկ Դավթյան, Արման Մարտիրոսյան, Արա Ջոլաքյան, Գևորգ Գրիգորյան, Կարեն Գալստյան, Գառնիկ Մինասյան, Հայկ Ղազարյան, Էդգար Ղուլինյան, Կարեն Դավթյան, Հարություն Ստեփանյան։

ԵՐԿՐՈՐԴ ԽԱՂԱԿԵՍ՝

Սուրեն Ղազարյան, Արթուր Թալասյան, Վազգեն Մանուկյան, Ալիկ Մկրտչյան, Արմեն Երանոսյան (Վահե Շապաղաթյան 67'), Դավիթ Թալալյան, Արամ Բեգանյան, Արամ Միքայելյան, Գոռ Աբրահամյան, Լևոն Բաշոյան, Էդիկ Վարդանյան։

ՊԱՀԵՍՏԱՅԻՆՆԵՐ՝

Վահե Շապաղաթյան։