Not Selected

ԵՐԿԱՐ ՍՊԱՍՎԱԾ ՀԱՂԹԱՆԱԿ «ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆՈՒՄ»

30/09/2022

Fastex Հայստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում «Ուրարտուն» հյուրի կարգավիճակում մրցեց «Արարատի» հետ։ Առաջնության առաջին շրջանի վերջին խաղն ավարտվեց մեր թիմի հաղթանակով՝ 2-0 հաշվով։ Մեր թիմի կազմում աչքի ընկան Դմիտրո Խլյոբասն ու Լեոն Սաբուան։

Միջազգային դադարից հետո «Ուրարտուն» առաջին հանդիպումն անցկացրեց՝ Հանրապետական մարզադաշտում հյուրընկելվելով «Արարատին»։ Երկրորդ երևանյան դերբին անընդմեջ մեր կազմում խաղը մեկնարկից էր սկսում դարպասապահ Ալեքսանդր Մելիխովը։ Թիմերը ակտիվ մեկնարկեցին խաղակեսը, մեր տղաները մի քանի պահ անընդմեջ ստեղծեցին «Արարատի» դարպասի մոտ, տանտերերն էլ իրենց հերթին կարող էին օգտվել մեր թիմի փույլ տված սխալների, սակայն չկարողացան դրանք հօգուտ իրենց օգտագործել։

Հարկ է նշել, որ մերոնք գրոհում ու պահեր էին ստեղծում ավելի շատ, նաև շատ էին անկյունային հարվածները մեր կատարմամբ, որոնցից մեկի ժամանակ հանդիպման հաշիվը կարող էր բացել Դավիթ Խուրցիձեն, բայց նրա հարվածը բարձր ստացվեց։

25-րդ րոպեին Ուգոչուկվու Իվուն խորքից կատարած փոխանցումով հարվածային դիրք դուրս բերեց Օլեգ Պոլյակովին, սակայն հարվածից հետո մրցակցի դարպասապահ Արտյոմ Պոտապովը կարողացավ հասնել գնդակին, իսկ անդրադարձին տիրող Մաքսիմ Մայրովիչին չհաջողվեց հարմարեցնել գնդակն, ու այն կրկին բարձր ընթացավ: Մեր ֆուտբոլիստների կատարմամբ ամենավտանգավոր պահն առաջին կեսում 35-րդ րոպեին էր, երբ նույն Մայրովիչը որոշեց հարվածել տուգանային հրապարակի մատույցներից դուրս, սակայն գնդակը դիպավ հորիզոնական դարպասաձողին։ Տանտերերի պատասխանը չուշացավ․ 38-րդ րոպեին Դիմիտրի Լեգբոն կարող էր գոլի հեղինակ դառնալ, սակայն մեր պաշտպաններին հաջողվեց պատվով դուրս գալ այս իրավիճակից։ Խաղակեսի վերջնամասը շատ լարված ստացվեց. տանտերերը վտանգավոր տուգանային հարվածի իրավունք վաստակեցին, այնուհետև մեր ֆուտբոլիստները մի շարք հնարավորություններ ունեցան, սակայն այս դրվագներից և ոչ մեկը գոլով չավարտվեց: Թիմերն ընդմիջման գնացին 0-0 հաշվով։

Երկրորդ խաղակեսը, կարելի է ասել, սկսվեց «Ուրարտուի» ֆուտբոլիստների տուգանային հարվածով, սակայն իրավիճակը նույն սցենարն ուներ. Մայրովիչը կրկին չկարողացավ արդյունավետ կերպով ավարտին հասցնել դրվագը։ Մի քանի րոպե անց Օլեգ Պոլյակովը մի քանի պահ ունեցավ, բայց՝ ապարդյուն։ Դրանից հետո երկու մարզիչներն էլ մի շարք փոխարինումներ կատարեցին՝ փոխարինման դուրս եկած Նարեկ Գրիգորյանն էլ իր պահն ունեցավ, որին հաջորդեց մեր տղաների հերթական վտանգավոր գրոհը, բայց դարպասապահ Պոտապովը տեղում էր։ 88-րդ րոպեին Նարեկ Աղասարյանը հարվածեց դարպասին, սակայն գնդակը կարծես չէր ուզում հայտնվել «Արարատի» դարպասում և կրկին դիպավ դարպասաձողին: Մինչ հանդիպման ավարտը երկու թիմերն էլ վտանգավոր պահեր ստեղծեցին՝ փորձելով խաղը տանել իրենց օգտին։ Խաղն ամբողջությամբ փոխվեց հանդիպման վերջին րոպեին, որի հեղինակը դարձան մեր փոխարինման մտախ ֆուտբոլիստները․ նախ, Դմիտրո Խլյոբասը բացեց հանդիպման հաշիվը 90-րդ րոպեին, իսկ ավելացված ժամանակում մեր տղաները նույնիսկ կրկնապատկեցին իրենց առավելությունը։ Այս անգամ աչքի ընկավ Լեոն Սաբուան։ Այսպիսով, երկար դադարից հետո «Ուրարտուն» իր 3 միավորը վաստակեց «Հանրապետական» մարզադաշտում։

Հավելենք, որ մեր թիմն իր հաջորդ հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 10-ին՝ արտագնա խաղում մրցելով «Արարատ-Արմենիայի» հետ։ Խաղը կմեկնարկի 16:00-ին։

«ԱՐԱՐԱՏ» - «ՈՒՐԱՐՏՈՒ» 0-0

«ԱՐԱՐԱՏ» 28. Արտյոմ Պոտապով, 44. Խուան Բրավո, 5. Հրայր Մկոյան (ա) (11. Դավիթ Մանոյան 78'), 99. Ռոբերտ Դարբինյան, 6. Հայկ Իշխանյան, 24. Դմիտրի Լեգբո (26. Ալիկ Առաքելյան 62'), 25. Ջեջե Արմանդ Դագրո (21. Սերոբ Գալստյան 46'), 22. Արման Մկրտչյան, 23. Գոռ Մալաքյան (7. Իսահ Ալիյու 71'), 20. Ռուդիկ Մկտչյան, 9. Ռազմիկ Հակոբյան (45. Ամարա Տրաորե 62')։

Պահեստայիններ՝ 1. Գոռ Մանուկյան, 13. Արման Սիմոնյան, 8. Վարդան Արզոյան, 2. Գևորգ Արաբյան, 4. Յուրի Մաղաքյան, 14. Թիմուր Պուխով, 7. Իսահ Ալիյու, 70. Զիլե Տիեիդե, 19. Բաբոու Չամ, 11. Դավիթ Մանոյան, 21. Սերոբ Գալստյան, 26. Ալիկ Առաքելյան, 45. Ամարա Տրաորե։

«ՈՒՐԱՐՏՈՒ» 42․ Ալեքսանդր Մելիխով, 27․ Դավիթ Խուրցիձե, 4․ Եվգենի Ցիմբալյուկ, 6․ Արման Ղազարյան, 88․ Ժիրայր Մարգարյան (25․ Էդգար Գրիգորյան 84'), 8․ Ուգոչուկվու Իվու, 9․ Նարեկ Աղասարյան, 33․ Մարկոս Ժունիոր (21․ Նարեկ Գրիգորյան 65'), 15․ Մաքսիմ Մայրովիչ (13․ Դմիտրո Խլյոբաս 84'), 10․ Կարեն Մելքոնյան (2․ Նանա Անտվի 63'), 90․ Օլեգ Պոլյակով (18․ Լեոն Սաբուա 84')։ 

Պահեստայիններ՝ 24 Արսեն Բեգլարյան, 1 Հայկ Ղազարյան, 2 Նանա Անտվի, 25 Էդգար Գրիգորյան, 30 Էվերսոն Պերեյրա, 34 Էրիկ Փիլոյան, 36 Խարիտոն Այվազյան, 67 Վադիմ Պարամոնով, 19 Սերգեյ Մկրտչյան, 13 Դմիտրո Խլյոբաս, 18 Լեոն Սաբուա, 21 Նարեկ Գրիգորյան։