Not Selected

ԳԱԳԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆ․ «ԿՓՈՐՁԵՆՔ ՁՄԵՌԱՅԻՆ ԴԱԴԱՐԻ ԳՆԱԼ ԲԱՐՁՐ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՄԲ»

27/11/2023

Միջազգային դադարից հետո «Ուրարտու-2»-ը արտագնա հանդիպում կանցկացնի «Միկայի» հետ։ Թիմի հարձակվող Գագիկ Պետրոսյանը խոսել է նախապատրաստական շրջանի, նոր մարզչական շտաբի հետ աշխատանքի և առաջիկա խաղի մասին․

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱԴԱՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՄԱՐԶՈՒՄԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԱՍԻՆ

«Միջազգային դադարի ընթացքում մարզումները շատ ինտենսիվ էին: Մարզիչների հետ աշխատանքի գլխավոր նպատակն այն էր, որ այդ ընթացքում մենք չկորցնենք մեր խաղային պրակտիկան, մնանք տոնուսի մեջ: Մրցաշրջանի առաջին հատվածին դեռ 2 տուր կա: Ամեն ինչ անելու ենք, որպեսզի առաջիկա 2 խաղում էլ հաղթանակ տոնենք և ձմեռային դադարի գնանք բարձր տրամադրությամբ»:

ՆՈՐ ՄԱՐԶՉԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ

«Նորանշանակ մարզչին թիմը ծանոթ էր վաղուց: Մենք գիտենք նաև նրա խաղային փիլիսոփայությունը: Լիարժեք ընտելանալ դեռևս չի հաջողվել, դրա համար ժամանակ է հարկավոր, սակայն մարզումից մարզում այդ կապն ավելի լիարժեք է դառնում: Մենք ջանք չենք խնայում մարզչի բոլոր պահանջները բավարարելու համար»:

«ՄԻԿԱՅԻ» ՀԵՏ ԱՌԱՋԻԿԱ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՄԱՍԻՆ

«Մեր հաջորդ մրցակիցը` «Միկան», բավական երիտասարդ թիմ է: Նման մրցակցից ամեն ինչ սպասելի է: Բացի դրանից հաշվի պետք է առնել նաև խոտածածկի գործոնը: Ամեն ինչ պետք է անենք հաղթանակի հասնելու համար, մանավանդ երբ արդեն դրա փորձն ունեցել ենք` տնային խաղում հաղթելով 3-1 հաշվով»:

ԳԼԽԱՎՈՐ ԹԻՄԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Գլխավոր թիմի հետ դեռևս չեմ մարզվել, սակայն ամեն ինչ անում եմ` խաղամակարդակս բարձրացնելու և մարզչական շտաբի ուշադրությունը գրավելու համար: Կարծում եմ՝ առաջնահերթ պետք է աշխատեմ ֆիզիկական վիճակս բարելավելու ուղղությամբ: Պրեմիեր լիգայի մակարդակն ավելի բարձր է, դրան պետք է համապատասխանել: Ամեն ինչ անում դրա համար: Հուսամ` շուտով նման հնարավորություն կընձեռվի ինձ»: