Not Selected

ԼԵՎՈՆ ԲԱՇՈՅԱՆ․ «ՄԵԾ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԷՐ «ՈՒՐԱՐՏՈՒԻ» ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄՈՒՄ ԽԱՂԱԼԸ»

10/12/2023

Այս տարվա վերջին՝ «Արարատ-Արմենիայի» դեմ խաղում մեկնարկային կազմում առաջին անգամ հայտնվել էր Լևոն Բաշոյանը։ Կիսապաշտպանը ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում խոսել է հանդիպման, գլխավոր մարզչի և իր անցկացրած տարվա մասին․

ԽԱՂԻ ԵՎ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄՈՒՄ ՀԱՅՏՆՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Շատ մեծ պատասխանատվություն էր առաջին անգամ «Ուրարտուի» հիմնական թիմի մեկնարկային կազմում հայտնվելը։ Մի փոքր լարվածություն կար, բայց ընթացքում մարզիչների և ֆուտբոլիստների շնորհիվ այն անցավ։ Մենք հավասար ֆուտբոլ խաղացինք «Արարատ-Արմենիայի» հետ, բայց ինչ-որ բան չստացվեց։ Մրցաշրջանի վերսկսումից հետո պետք է բարելավել արդյունքները»։

ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶՉԻ ՄԱՍԻՆ

«Դմիտրի Գունկոն շատ լավ մասնագետ է, նրա հետ աշխատելը հեշտ է, քանի որ կարողանում է լավ բացատրել իր պահանջները։ Նա ինձ վստահում է, և ես պետք է ամեն ինչ անեմ, որպեսզի արդարացնեմ սպասելիքները»։

ԱՅՍ ՏԱՐՎԱ ԻՐ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«2023 թվականը կարելի է ստացված համարել ինձ համար, քանի որ «Ուրարտուի» հիմնական կազմում հայտնվեցի։ Երկրորդ թիմի հետ ևս լավ հանդիպումներ անցկացրի, մրցաշրջանի ընթացքում մենք լավ ֆուտբոլ էինք խաղում։ Մինչև 19 տարեկանների հավաքականի կազմում էլ մասնակցել եմ Եվրոպայի առաջնությանը։ Պետք է առավելագույնն անեմ, որպեսզի լավացնեմ իմ խաղը»։