Not Selected

2023/24 ՄՐՑԱՇՐՋԱՆԻ ԱՇՆԱՆԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ԱՄՓՈՓՈՒՄ․ «ՈՒՐԱՐՏՈՒԻ» ԵԼՈՒՅԹՆԵՐԸ

14/12/2023

«Ուրարտուն» և IDBank Պրեմիեր լիգայի բոլոր թիմերը մեկնել են ձմեռային հանգստի։ 2023/24 մրցաշրջանի աշնանային հատվածում մեր թիմի ելույթներն ու տեղի ունեցած կարևորագույն իրադարձությունները վերհիշենք միասին․ 

2023/24 ՄՐՑԱՇՐՋԱՆԻ ՍԿԻԶԲՆ ՈՒ ԱՇՆԱՆԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԸ

Եվրոպական ասպարեզում ելույթներն ավարտելուց հետո թիմը կենտրոնացրեց ելույթները ներքին առաջնության վրա: Բարեբախտաբար, եկավ մի ժամանակահատված, երբ վնասվածք ստացած ֆուտբոլիստներ գրեթե չկային, ինչը թույլ տվեց զգալիորեն ավելացնել ու հասնել մրցանակային 2-3-րդ հորիզոնականներ: Այնուամենայնիվ, նման փայլատակումները քիչ էին, անհաջողությունները` շատ: Իրավիճակը հատկապես սրվեց աշնան վերջին հատվածում, երբ վնասվածքների պատճառով մարզչական շտաբը զրկված էր 10-ից ավելի ֆուտբոլիստից: Իհարկե, նախորդ տարվա այս ժամանակահատվածում մեր թիմն առաջատար էր, վստահաբար կարելի է պնդել, որ առաջատար խաղացողների` առողջ լինելու դեպքում արդյունքներն ավելի բավարար կլինեին:

Արդյունքում, մեր թիմին հաջողվեց 33 անգամ գրավել մրցակիցների դարպասը, 30 գնդակ ընդունել սեփական դարպասը՝ ընդհանուր առմամբ անցկացրած 20 խաղում վաստակած միավորների թիվը հասցնելով 34-ի, և տեղ գտնելով մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականում:

ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՓԱՍՏԵՐ

IDBank Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Ուրարտուի» կազմում  առավելագույն թվով հանդիպումներ անցկացրած ֆուտբոլիստներն են Թեմուր Ջիկիան՝ 19 խաղ, մեկական խաղ պակաս են անցկացրել Նանա Անտվին, Դրաման Սալուն, Արտյոմ Մաքսիմենկոն և Օլեգ Պոլյակովը (18 խաղ), Ժիրայր Մարգարյանը խաղադաշտ է մտել 17 անգամ, Էրիկ Փիլոյանը՝ 16, իսկ Մարկոս Ժունիորը՝ 15 անգամ։ 

Թիմի գոլահարը հարձակվող Թեմուր Ջիկիան է՝ 8 գոլով և դառնալով թիմի առայժմ միակ հեթ-տրիկի հեղինակը, որն իր կարիերայում առաջինն էր։ 3 գոլով նրան զիջում է Արտյոմ Մաքսիմենկոն, իսկ եռյակը եզրափակում է Յայա Սանոգոն՝ խփած 4 գնդակով։ 

Գոլային փոխանցումներով ամենից շատ աչքի ընկած ֆուտբոլիստներն են Ժիրայր Մարգարյանը, Նանա Անտվին և Եվհենիի Ցիմբալյուկը (3-ական փոխանցում):

ԱՌԱՆՁԻՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Օլեգ Պոլյակովը ընթացիկ մրցաշրջանի 5-րդ տուրում կայացած «Շիրակի» հետ մրցավեճում IDBank Հայաստանի Պրեմիեր լիգայում «Ուրարտուի» կազմում 85-րդ խաղն անցկացրեց ու դարձավ թիմի պատմության մեջ ամենաշատ հանդիպումների մասնակցած այլազգի ֆուտբոլիստը: 32-ամյա Պոլյակովը գերազանցեց Ուգոչուկվու Իվուի ռեկորդային ցուցանիշը, որը Հայաստանի առաջնություններում մեր թիմի կազմում 84 խաղ էր անցկացրել:

Նույն խաղում «Շիրակի» դարպասն Էրիկ Փիլոյանի խփած գնդակը Հայաստանի առաջնություններում մեր թիմի հոբելյանական` 1300-րդ գոլն էր: Հատկանշական է, որ այն նաև Հայաստանի առաջնություններում «Շիրակի» բաց թողած 1000-րդ գոլն էր: Էրիկ Փիլոյանը IDBank Հայաստանի Պրեմիեր լիգայում երկրորդ գոլը խփեց: 22-ամյա պաշտպանը մեր թիմի կազմում գոլերի հաշիվը բացել էր նախորդ մրցաշրջանում՝ ապրիլի 27-ին սեփական հարկի տակ կրկին գրավելով «Շիրակի» դարպասը:

ՀՐԱՎԵՐՆԵՐ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԸՆՏՐԱՆԻ

2023 թվականին Հայաստանի ազգային հավաքական են հրավիրվել մեր ակումբի 3 ֆուտբոլիստներ՝ Ժիրայր Մարգարյանը, Էրիկ Փիլոյանն ու Նարեկ Աղասարյանը։ Վերջինիս համար սա հավաքական առաջին հրավերն էր, սակայն վնասվածքի պատճառով Նարեկն այդպես էլ չմասնակցեց հավաքին։ ՈւԵՖԱ-ի Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի վերջին խաղում Էրիկ Փիլոյանը խաղաժամանակ ստացավ։ 

Այսպիսով, նոր հաղթանակների ու բարձր հորիզոնականնների սպասումով Դմիտրի Գունկոյի «Ուրարտուն» գնաց ձմեռային հանգստի։