Not Selected

ԱՆՑՆՈՂ 2023-Ն «ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ի ՀԱՄԱՐ․ ԱՄՓՈՓՈՒՄ ԵՆՔ ԱՇՆԱՆԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԸ

15/12/2023

«Ուրարտու-2»-ը նույնպես ավարտեց 2023-ին իր ելույթները։ Ամփոփել ենք անցնող տարին ու առանձնացրել թիմում տեղի ունեցած ամենակարևոր իրադարձությունները

ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ԵՐԻԱՏԱՍԱՐԴՆԵՐՈՎ ՀԱՎԱՆՈՒՏ ԾՐԱԳՐԵՐ ՆԵՐՔԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Նոր մրցաշրջանից առաջ «Ուրարտու-2»-ը ձևավորված ավանդույթները չխախտեց և արտասահմանյան ուսումնամարզական հավաք անցկացրեց՝ այդ ընթացքում իր ուժերը չափելով բավական փորձառու թիմերի հետ։ Նախորդ դեպքերում դա օգնել է մեր երիտասարդ ֆուտբոլիստներին ավելի անկաշկանդ մթնոլորտում նախապատրաստվել նոր առաջնությանը: Հավաքի ընթացքում մարզչական շտաբը դիտարկեց նաև նոր ֆուտբոլիստների, որոնք ժամանակի ընթացքում դարձան առանցքային:

ԱՇՆԱՆԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԸ՝ ՄԵՐ ՏՂԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Առաջնությունում լինելով ամենաերիտասարդ թիմերից մեկը (միջին տարիքը՝ 18․9)՝ «Ուրարտու-2»-ի ելույթները ընթացիկ մրցաշրջանի աշնանային հատվածում դրական կարելի է գնահատել։ Մրցաշրջանը թիմը մեկնարկեց հաղթանակով՝ առաջին տուրում սեփական հարկի տակ առավելության հասնելով «Միկայի» նկատմամբ։

2023/24 մրցաշրջանի աշնանային հատվածում անցկացրած 15 խաղերում «Ուրարտու-2»-ի ֆուտբոլիստներին մրցակիցների դարպասը գրավել հաջողվել է 25 անգամ՝ սեփականն ընդունելով 21-ը։ Թիմի հաշվին գրանցվել է 5 հաղթանակ, 5 ոչ-ոքի և նույնքան պարտություն։ Այսպիսով, «Ուրարտու-2»-ը առաջնության մասնակից 15 թիմերի հետ պայքարում վաստակած 20 միավորով աշնանային հատվածն ավարտեց 8-րդ հորիզոնականում։ Առաջատարի կարգավիճակում «Գանձասարն» է՝ 43 միավորով։ 

Թիմի ռմբարկուն առաջնության այս հատվածում խփած 4 գոլով Հայկ Գալստյանն է։ Նրան խփած 3-ական գնդակով հաջորդում են Դավիթ Հարությունյանը, Դավիթ Ղիասյանն ու Լևոն Բաշոյանը։ 

ԱՇՆԱՆԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԸ՝ ԱՌԱՋԸՆԹԱՑ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Իհարկե, «Ուրարտու-2»-ը, Առաջին խմբի առաջնության մասնակից մյուս թիմերի հետ նպատակ ունի հաղթել ցանկացած խաղում, սակայն առաջնահերթությունը տրված է գլխավոր թիմի համար ֆուտբոլիստներ պատրաստելուն։ Այդպես միշտ է եղել, բայց այդ տեսանկյունից, 2023/2024 մրցաշրջանի առաջին հատվածն աչքի է ընկել դրական դինամիկայով։ Մասնավորապես, աշնանային հատվածի վերջում 3-4 երիտասարդ ֆուտբոլիստ մարզվում էր հիմնական թիմի հետ։ Հատկապես տպավորիչ էր Լևոն Բաշոյանի առաջընթացը, որը «Արարատ-Արմենիայի» հետ խաղը սկսեց մեկնարկային կազմում։

Գառնիկ Մինասյանն էլ հիշյալ խաղում երկրորդ անգամ խաղաժամանակ ստացավ Հայաստանի Պրեմիեր լիգայում։ Մրցաշրջանի երկրորդ հատվածում այս պրակտիկան շարունակվելու է մնալ կիրառելի։

ՄԱՐԶՉԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՈՒ ՆՈՐ ԾՐԱԳՐԵՐ

Տարեվերջյան 2 հանդիպումները մեր երկրորդ թիմն անցկացրեց նոր մարզչի գլլխավորությամբ։ «Ուրարտու-2»-ի նոր գլխավոր մարզչի պաշտոնում Իգոր Պադերինին փոխարինեց Կարեն Առաքելյանը, որը երկար տարիներ աշխատել էր մեր ակումբի ակադեմիայի կառուցվածքում՝ մարզելով պատանի ֆուտբոլիստներին։ Մասնագետն առայժմ հասցրել է միայն 2 խաղ անցկացնել թիմի ղեկին․ առաջինում հաղթել է, իսկ 2023-ի վերջին հանդիպումն ավարտել ոչ-ոքիով։ 

Հուսանք՝ 2024-ի գարնանային հատվածում «Ուրարտու-2»-ի մարզչական շտաբը կշարունակի հետևողական լինել որդեգրած քաղաքականությանը։ «Ուրարտու-2»-ի արդյունքները կբարելավվեն, իսկ երիտասարդ ֆուտբոլիստներն ավելի հաճախ կընդգրկվեն հիմնական թիմի կազմում։