Not Selected

ԻՆՉՊԻՍԻՆ ԷՐ ԱՆՑՆՈՂ ՏԱՐԻՆ «ՈՒՐԱՐՏՈՒ» ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՀԱՄԱՐ

18/12/2023

Ամփոփում ենք անցնող 2023-ը նաև մեր ակումբի ակադեմիայի համար՝ առանձնացնելով կարևորագույն նշանակություն ունեցող իրադարձություններն ու զարգացումները․

ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐ ԻՐԵՆՑ ՏԱՐԻՔԱՅԻՆ ԽՄԲԵՐՈՒՄ

Տարբեր տարիքային թիմերում ունենք լավ արդյունքներ գրանցած թիմեր, որոնցից շատերն, ի դեպ, հանդես են գալիս 1 տարի բարձր տարիքային խմբում։

Մ-13 տարեկանների Մ-2 խմբում հանդես եկող «Ուրարտու-2-11»-ը 9 խաղում վաստակած 24 միավորով կիսում է առաջին հորիզոնականը «Փյունիկ-2-11» թիմի հետ։ Մեր թիմի ֆուտբոլիստ Նարեկ Խաչատրյանն էլ հեղինակած 18 գոլով լավագույն արդյունքն ունի և գլխավորում է ռմբարկուների ցուցակը։ Լավագույն եռյակն էլ եզրափակում է Արման Զաքարյանը՝ խփած 14 գոլով։

Առաջատարի կարգավիճակ ձեռք բերելուն շատ մոտ է նաև Մ-16 տարեկանների առաջնությունում հանդես եկող «Ուրարտու-1-09»-ը, որն առայժմ 2 միավորով է հետ մնում առաջատարից և անցկացրած 10 խաղերում 7 հաղթանակ է տոնել։ Թիմի ռմբարկուն էլ՝ Արմեն Ղազարյանը, 10 գոլի հեղինակ է դարձել և ցուցանիշով երկրորդն է իր տարիքային խմբում։  

ՀԵՐԹԱԿԱՆ ՍԵԼԵԿՑԻՈՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ՈՒ ԹԻՄԵՐԸ ՀԱՄԱԼՐԱԾ ՍԱՆԵՐԸ

Մեր ակադեմիայում դեկտեմբերի 11-ից 14-ը անցկացվեց ընտրություն` տարբեր տարիքային խմբերի երեխաների համար։

Այդ օրերի ընթացքում իրենց ուժերը փորձեցին 2011-2017 թվականներին ծնվածները՝ յուրաքանչյուր օր 2-ական տարիքային խմբերով։ Սելեկցիոն գործընթացին ընդհանուր առմամբ մասնակցեցին շուրջ 600 երեխաներ, որոնցից արդեն իսկ 39 երեխա համալրել է ակադեմիայի տարբեր տարիքային թիմերը: 

ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՐԶԻՉՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՃԸ

Անցնող 2023 թվականն արդյունավետ էր ոչ միայն մեր ակադեմիայի սաների համար։ Նրանց հետ ամենօրյա աշխատանք տանող մասնագետների համար ևս այս տարին լի էր դրական պահերով։ Նրանց թիմերն իրենց տարիքային խմբերում բարձր են պահել ակումբի պատիվը, ինչն էլ թույլ է տվել մեր ակադեմիայի մարզիչներից շատերին քայլ առաջ կատարել. նրանք կարողացել են բարձրացնել իրենց որակավորումը և նոր աճ գրանցել անցնող տարում՝ ստանալով մարզչական C լիցենզիա։