Not Selected

ԿԱՅԱՑԱՎ ՍԻՄՈՆ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐԻ ԵԶՐԱՓԱԿԻՉԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

10/03/2023

Մարտի 4-ին «Ուրարտուում» մեկնարկեց ակումբի երկարամյա աշխատակից Արցախյան երկրորդ պատերազմի հերոս Սիմոն Իսրայելյանի հուշամրցաշարը։ Մասնակից թիմերը 8-ն էին, որոնք պայքարը սկսեցին քառորդ եզրափակչից։ Մարտի 9-ին՝ հենց Սիմոնի ծննդյան օրը կայացան մրցաշարի եզրափակիչն ու խաղը՝ երրորդ տեղի համար։

Երրորդ հորիզոնականը, «Ուրարտու-վետերաններ» և «Լրագրողների հավաքական» թիմերի միջև կայացած խաղում, զբաղեցրեց «Ուրարտու-վետերանները»։ Իսկ եզրափակչում միմյանց դեմ պայքարեցին «Ուրարտու-մարզիչներ» և «Վետերան ֆուտբոլիստների» թիմերը։ Մրցաշարի հաղթող դարձան «Վետերան ֆուտբոլիստները»՝ առավելության հասնելով 2-1 հաշվով։ 

Խփած 5 գոլով մրցաշարի լավագույն ռմբարկուն Արթուր Քոչարյանն էր («Վետերան ֆուտբոլիստներ»), մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Դավիթ Գրիգորյանը («Վետերան ֆուտբոլիստներ»), իսկ մրցանակակիր թիմերից զատ, «Պատվավոր մասնակցի» մեդալով պարգևատրվեցին «Զինվորի տուն» թիմի ներկայացուցիչները։

Լավագույն ֆուտբոլիստի կոչումն ստացած Դավիթ Գրիգորյանը կիսվել էր տպավորություններով․ 

«Առաջին անգամ մասնակցեցինք Սիմոն Իսրայելյանի անվան մրցաշարին։ Կարող եմ ասել, որ շատ դիտարժան ստացվեց, բոլոր հանդիպումներն անցան հետաքրքիր պայքարում, ու բոլորն էլ հաղթանակի համար էին պայքարում։ Հուսով եմ, որ այս մրցաշարը իսկապես ամեն տարի կանցկացվի։ Շատ ուրախ եմ, որ չեմպիոն դարձանք, ուրախ եմ նաև, որ ճանաչվեցի մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ»։

Եզրափակչից հետո կայացավ պարգևատրման արարողությունը, որտեղ թիմերին մեդալներ և գավաթներ հանձնեց անձամբ Սիմոնի հայրը՝ Սպարտակ Իսրայելյանը, որն իր հերթին խոսեց մրցաշարի կարևորության մասին․ 

«Ֆուտբոլը մի ամբողջ կյանք է, քանի որ Սիմոնն այլևս մեզ հետ չէ, ամեն անգամ, երբ գալիս ենք այստեղ, հիշում ենք նրան, նա միշտ մեզ հետ է։ Ֆուտբոլը մեզ համար մեծ ուրախություն է դարձել»։

«Գարնանը ևս մեկ մրցաշար է լինելու, բայց արդեն երեխաների մասնակցությամբ։ Գիտեմ, որ ցանկանում են ընդլայնել մրցաշարը, որպեսզի մասնակիցները լինեն տարբեր երկրներից, գան այստեղ խաղալու։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի միշտ հիշենք Սիմոնին»։

Ստորև ներկայացնում ենք եզրափակիչ օրվա տեսանյութը