Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒՆ» ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ՇԱՐՔԸ

16/03/2023

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի խաղում «Ուրարտուն» հյուրընկալվելիս հաղթանակ տոնեց 0-2 հաշվով ԲԿՄԱ-ի նկատմամբ։ Մեր թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ Թեմուր Ջիկիան։ 

Թիմերը մինչ այս ընթացիկ մրցաշրջանում հանդիպել էին երկու անգամ, երկու դեպքում էլ մեր տղաներն առավելության էին հասել, հյուրի կարգավիճակում հաղթել էին 4-1, իսկ տանը 1-0 հաշվով։

ՀՖՖ Տեխնիկական կենտրոն-ակադեմիայում մեկնարկած հանդիպումը հարթ ընթացք չունեցավ, երկու թիմերն էլ բավական կոպիտ ֆուտբոլ էին ցուցադրում, ինչից կարելի է ենթադրել, որ դադարները շատ էին։ Առաջին գոլային պահը խաղում ստեղծեցին մեր ֆուտբոլիստները․ 17-րդ րոպեին ԲԿՄԱ-ի դարպասին հարվածեց Թեմուր Ջիկիան, որից հետո գնդակը դուրս հանեց դարպասապահ Արման Ներսիսյանը։ Նշենք, որ տանտերերի կազմում մեկնարկային րոպեներից խաղադաշտում էին «Ուրարտուից» վարձավճարով բանակայինների կազմում հանդես եկող Գոռ Լուլուկյանն ու Էրիկ Սիմոնյանը։

Գունկոյի թիմն իր պահերն էր ստեղծում, որոնք, ցավոք, չէին հասնում իրենց տրամաբանական ավարտին, իսկ ԲԿՄԱ-ն բավական սուր հակագրոհներով էր փորձում սպառնալ մեր դարպասին։ Մինչ խաղակեսի ավարտը հաշիվն այդպես էլ չբացվեց։

Երկրորդ խաղակեսում պատկերը փոխվեց։ Դիմտրի Գունկոն, կատարելով մի շարք փոփոխություններ, թարմեցրեց կազմը։ Ամբողջ 45 րոպեներն անցան մեր տղաների տարածքային և խաղային բացարձակ առավելությամբ։ ԲԿՄԱ-ն ընդմիջումից հետո փակվել էր սեփական կիսադաշտում, ինչը բարդացնում էր մեր թիմի առաջխաղացումը, սակայն հանդիպման 76-րդ րոպեին սառույցը կոտրվեց։ Փոխարինման մտած Նանա Անտվիի հեռվից կատարած հարվածը դիպավ մրցակցի պաշտպանին և հայտնվեց Թեմուր Ջիկիայի մոտ, որն էլ արդեն մոտ տարածությունից բացեց հանդիպման հաշիվը։ Խփած գոլից հետո մրցակիցը փորձեց հետ բերել կորցրածը, բայց արդյունքում պատժվեց։

Ավելացված ժամանակի վերջին՝ 6-րդ րոպեին, մրցակցի տուգանայինում ստեղծված խառնաշփոթ իրավիճակից ամենաարագը կողմնորոշվեց նույն Ջիկիան, որի հուժկու հարվածը հայտնվեց դարպասում։ Մեր հարձակվողը իր առաջին դուբլը գրանցեց թիմի կազմում և հաղթանակ պարգևեց «Ուրարտուին»․ ԲԿՄԱ - «Ուրարտու» 0-2։

Հավելենք, որ ազգային հավաքականների ելույթներով պայմանավորված՝ Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայում կլինի դադար և կվերսկսվի ապրիլի 1-ին։ «Ուրարտուն» 25-րդ տուրի շրջանակում՝ ապրիլի 2-ին, սեփական հարկի տակ կմրցի «Ալաշկերտի» հետ։ Հանդիպման մեկնարկը 19։00-ին է։ 

ԲԿՄԱ - «ՈՒՐԱՐՏՈՒ» 0-2

0-1 Թեմուր Ջիկիա (75'), Թեմուր Ջիկիա  (90+6')

ԲԿՄԱ․ 1․ Արման Ներսիսյան, 6․ Արգիշտի Պետրոսյան, 10․ Արթուր Գրիգորյան (ա), 7․ Դանիել Աղբալյան, 8․ Միքայել Միրզոյան, 22․ Գևորգ Տարախչյան (27․ Արայիկ Էլոյան 70'), 3․ Էրիկ Սիմոնյան, 11․ Նարեկ Ալավերդյան (18․ Միսակ Հակոբյան 82'), 4․ Ալբերտ Խաչումյան, 9․ Գոռ Լուլուկյան (2․ Նորայր Նիկողոսյան 56'), 30․ Գրենիկ Պետրոսյան։

Պահեստայիններ՝ 29․ Գոռ Մատինյան, 12․ Ռաֆայել Մանասյան, 5․ Վոլոդյա  Սասոնյան, 18․ Միսակ Հակոբյան, 14․ Համլետ Սարգսյան, 24․ Դավիթ Սարգսյան, 2․ Նորայր Նիկողոսյան, 20․ Դավիթ Արշակյան, 27․ Արայիկ Էլոյան։

«ՈՒՐԱՐՏՈՒ»․ 24․ Արսեն Բեգլարյան, 10․ Կարեն Մելքոնյան (2․ Նանա Անտվի 46'), 34․ Էրիկ Փիլոյան, 4․ Եվհենիի Ցիմբալյուկ, 88․ Ժիրայր Մարգարյան (ա), 9․ Նարեկ Աղասարյան (15․ Մաքսիմ Մայրովիչ 70'), 33․ Մարկոս Ժունիոր (25․ Դրաման Սալու 46'), 8․ Ուգոչուկվու Իվու (27․ Դավիթ Խուրցիձե 46'), 21․ Նարեկ Գրիգորյան (31․ Իվան Զոտկո 82'), 77․ Թեմուր Ջիկիա, 90․ Օլեգ Պոլյակով։ 

Պահեստայիններ՝  42․ Ալեքսանդր Մելիխով, 22․ Մխիթար Ումրեյան, 2․ Նանա Անտվի, 6․ Արման Ղազարյան, 31․ Իվան Զոտկո, 35․ Ռաֆայել Կարիոկա, 36․ Խարիտոն Այվազյան, 23․ Արաս Օզբիլիզ, 25․ Դրաման Սալու, 27․ Դավիթ Խուրցիձե, 15․ Մաքսիմ Մայրովիչ, 18․ Լեոն Սաբուա, 13․ Դմիտրո Խլյոբաս։