Not Selected

ԷԴԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ․ «ՄԵՐ ՆՊԱՏԱԿՆ Է ՀՆԱՐԱՎՈՐԻՆՍ ԲԱՐՁՐ ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆՈՎ ԱՎԱՐՏՎԵԼ ՄՐՑԱՇՐՋԱՆԸ»

29/03/2023

«Ուրարտու-2»-ի հարձակվող Էդիկ Վարդանյանը Հայաստանի Առաջին խմբի առաջնության 22-րդ տուրի՝ «Ալաշկերտ-2»-ի դեմ խաղում, որտեղ թիմը հաղթեց 5-2 հաշվով, դարձավ հեթ-թրիկի հեղինակ։ Էդիկը խոսել է հաղթանակի, իր մարզավիճակի և թիմի նպատակների մասին։

ԹԻՄԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ՀԵԹ-ՏՐԻԿԻ ՄԱՍԻՆ

«Խաղի սկզբում մեր սխալի պատճառով գոլ բաց թողեցինք, բայց կարողացանք արագ համախմբվել և առաջին խաղակեսում հավասարեցրինք հաշիվը։ Երկրորդ խաղակեսում մարզչի ցուցումներից հետո ավելի ճիշտ մոտեցանք խաղին, կարողացանք տիրել խաղային առավելությանը ու էլ ավելի շատ գոլեր խփելով՝ հաղթանակ տոնեցինք։

Շատ ուրախ եմ, որ կարողացա հեթ-տրիկի հեղինակ դառնալ։ Պետք է շարունակեմ աշխատել, որ կարևոր խաղերում կարողանամ ևս օգնել իմ թիմին»։

ՄՐՑԱԿՑԻ ՄԱՍԻՆ

«Մրցակիցը ավելի շատ պաշտպանողական ֆուտբոլ էր խաղում։ Մենք հիմնականում տիրում էինք խաղային և տարածքային առավելությանը, որի օգնությամբ շարունակաբար ճնշում էինք։ Բարդ էր, բայց կարողացանք օգտագործել մեր դրվագները և կարևոր հաղթանակ տոնեցինք»։

ԻՐ ՄԱՐԶԱՎԻՃԱԿԻ ԵՎ ԹԻՄԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Լավ մարզավիճակում եմ գտնվում։ Գլխավոր թիմի հետ հավաքից հետո էլ ավելի լավ եմ ինձ զգում։ Երևի թե այս պահին գտնվում եմ իմ լավագույն մարզավիճակում։ Մրցաշրջանի առաջին հատվածում այդքան էլ լավ դիրքում չէինք գտնվում, բայց արդեն գարնանային հատվածում մեր նպատակն է՝ որքան հնարավոր է բարձր հորիզոնական զբաղեցնել մրցաշարային աղյուսակում»։