Not Selected

ԴԻՏԱՐԺԱՆ ԽԱՂՈՒՄ ԿԱՄԱՅԻՆ ՀԱՂԹԱՆԱԿ ՏՈՆԵՑԻՆՔ «ՍՅՈՒՆԻՔԻ» ՆԿԱՏՄԱՄԲ

03/04/2023

Հայաստանի Առաջին խմբի առաջնության 23-րդ տուրում «Ուրարտու-2»-ը սեփական հարկի տակ ընդունել էր «Սյունիք» ֆուտբոլային ակումբին: Գոլառատ խաղում մեր թիմը հաղթանակ տոնեց 4-3 հաշվով։ «Ուրարտու-2»-ից դուբլի հեղինակ դարձան Իսաակ Բարրին և Էդիկ Վարդանյանը, մեկ անգամ սեփական դարպասը գրավեց Ալիկ Առաքելյանը, իսկ հյուրերի կազմում աչքի ընկան Դավիթ Մայիլյանն ու Արման Ասիլյանը։

Հանդիպումը սկսվեց շատ արագ տեմպով, թիմերը փորձում էին տիրել նախաձեռնությանը, բայց ստեղծված իրարանցման մեջ ինչպես հարկն է չկողմնորոշվելով, «Ուրարտու-2»-ի ֆուտբոլիստ Ալիկ Մկրտչյանը գնդակն ուղարկեց սեփական դարպասը։ Բայց մեր տղաները կարողացան արագ շտկել իրենց սխալը և 8-րդ րոպեին տուգանային հարվածից հետո Իսաակ Բարրին կարողացավ հավասարեցնել հանդիպման հաշիվը։ 8 րոպե անց Պադերինի տղաները ճիշտ նույն կերպ իրացրին հերթական տուգանային հարվածը, և այս անգամ նույնպես Դավիթ Հարությունյանի փոխանցումը օգնեց Իսաակ Բարրիին դուբլ գրանցել։ Հարկ է նշել, որ խաղակեսը բավականին հագեցած էր գրոհներով ու գոլերով։ Հյուրերի հերթական գրոհն ավարտվեց Դավիթ Մայիլյանի՝ հեռվից կատարած գեղեցիկ հարվածով, հյուրերի ավագը կրկին հավասարեցրեց հանդիպման հաշիվը՝ գրավելով մեր դարպասի հեռավոր վերին անկյունը։ 37-րդ րոպեին «Ուրարտու-2»-ի հարձակվող Էդիկ Վարդանյանը հակագրոհի ժամանակ գնդակ ստացավ և հեռահար հարված կատարեց, և գնդակը, դիպչելով մրցակցի պաշտպանի ոտքին, 3-րդ անգամ ընթացավ «Սյունիքի» դարպասը։ Արդյունքում՝ առաջին խաղակեսում տեսանք խփված 5 գոլ։

Երկրորդ խաղակեսն ակտիվությամբ չէր զիջում առաջինին. մեր դարպասապահ Հայկ Ղազարյանը մի քանի անգամ փրկեց թիմին անխուսափելի թվացող գոլերից։ Մրցակիցը բավականին ագրեսիվ պրեսինգ էր գործադրում, սակայն մեր տղաները թույլ չէին տալիս նրանց մոտենալ տուգանային հրապարակին։ Երկու թիմերի ֆուտբոլիստներն էլ վտանգավոր ու ոչ կանոնների սահմաններում էին գործում, ինչի արդյունքում բազմաթիվ խախտումներ եղան․ 75-րդ րոպեին, ստանալով երկրորդ դեղին քարտը, խաղադաշտից հեռացվեց «Ուրարտու-2»-ի պաշտպան Արա Ջոլաքյանը։ Տասը հոգով մնացած մեր թիմը սկսեց մի փոքր ավելի զգույշ գործել և առաջ շարժվել արդեն հակագրոհներով: Սակայն 85-րդ րոպեին գրոհներից մեկի ժամանակ «Սյունիքի» ֆուտբոլիստ Արման Ասիլյանը կրկին հեռահար հարվածով հավասարեցնեց հաշիվը։ Այդ էմոցիաները նաև խանգարեցին նրանց, թիմը կորցրեց կենտրոնացումն ու 90-րդ րոպեին Էդիկ Վարդանյանը այս խաղում վերջին անգամ առաջ մղեց թիմին՝ դառնալով դուբլի հեղինակ՝ 4-3։

Այսպիսով, հաջորդ հանդիպումը Պադերինի գլխավորած թիմը կանցկացնի ապրիլի 10-ին՝ հյուրի կարգավիճակում մրցելով ԲԿՄԱ-2-ի հետ։ Խաղը կկայանա Ավանի ֆուտբոլի ակադեմիայում ու կմեկնարկի 16։00-ին։

«ՈՒՐԱՐՏՈՒ-2» - «ՍՅՈՒՆԻՔ» 4-3 

0-1 Ալիկ Մկրտչյան (5' ԻԳ) 1-1 Իսաակ Բարրի (8'), 2-1 Իսաակ Բարրի (17'), 2-2 Դավիթ Մայիլյան (19'), 3-2 Էդիկ Վարդանյան (37'), 3-3 Արման Ասիլյան (85'), 4-3 Էդիկ Վարդանյան (90')

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»․ 55. Հայկ Ղազարյան, 12․ Արա Ջոլաքյան, 8․ Գևորգ Գրիգորյան, 15․ Կարեն Դավթյան (ա), 27․ Գառնիկ Մինասյան, 77․ Ալիկ Մկրտչյան, 35․ Իսաակ Բարրի, 16․ Էդիկ Վարդանյան, 17․ Էրիկ Ասատրյան, 6․ Հայկ Նորիկյան, 10․ Դավիթ Հարությունյան։ 

Պահեստայիններ՝  1․ Սուրեն Ղազարյան, 50․ Դավիթ Արտենյան, 2․ Արթուր Մելիքյան, 9․ Արթուր Իսրայելյան, 39․ Նարեկ Դավթյան, 21․ Հարություն Ստեփանյան, 23․ Լևոն Բաշոյան, 7․ Հայկ Ղազարյան, 70․ Էմանուել Դիտու, 14․ Արամ Հունանյան, 38․ Հարություն Ջավադյան, 11․ Էրիկ Ղուլինյան։ 

«ՍՅՈՒՆԻՔ»․ 33. Սուրեն Ալոյան, 8․ Դավիթ Մայիլյան (ա), 14․ Սամվել Սարգսյան, 10․ Յուրա Առաքելյան, 9․ Կորյուն Սեդրակյան, 2․ Հայկ Հովհաննիսյան, 30․ Վահե Մուրադյան, 94․ Անդրանիկ Քոչարյան, 44․ Յուրի Մաղաքյան, 5․ Գագիկ Գևորգյան, 21․ Արման Ասիլյան։

Պահեստայիններ՝ 1․ Միհրան Հովհաննիսյան, 24․ Հրաչ Մարտիրոսյան, 99․ Դավիթ Վարդանյան, 4․ Հովհաննես Ոսկանյան, 11․ Էդգար Գրիգորյան, 13․ Վարդան Ազիզյան, 25․ Մայիս Ավանեսյան, 15․ Արտուշ Միրզախանյան։