Not Selected

ԴՄԻՏՐԻ ԳՈՒՆԿՈ․ «ԱՅՍ ԷՄՈՑԻԱՆԵՐԸ ԿՀԱՆԴԱՐՏՎԵՆ ՈՒ ԿՊԱՏՐԱՍՏՎԵՆՔ ԱՌՋԵՎՈՒՄ ՍՊԱՍՎՈՂ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻՆ»

13/05/2023

Fastex Հայաստանի գավաթի եզրափակչում «Շիրակի» նկատմամբ տոնած հաղթանակի ու գավաթակիր դառնալու մասին խոսել է մեր թիմի գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն, ինչպես նաև պատասխանել լրագրողների հարցերին։

ԽԱՂԻ ԵՎ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ

«Կարծում եմ՝ հեշտ եզրափակիչներ չեն լինում։ Չնայած նրան, որ բացեցինք հաշիվը, գոլ բաց թողեցինք ստանդարտ իրավիճակից և խաղը նորից ստացավ այն սցենարը, որն ակնկալում էինք։ Կարեն Մելքոնյանի փայլուն գոլն էլ զարդարեց եզրափակիչը ու դրա շնորհիվ դարձանք գավաթակիր։

Չեմ մտածել այն մասին ու նման զգացողություն չեմ ունեցել, որ լինելու է լրացուցիչ ժամանակ՝ չնայած որ հաշիվը 1-1 էր։ Նույնիսկ կարելի է ասել, «Շիրակը» հոգեբանական առավելություն ուներ, բայց ես գիտեի, որ մենք խփելու ենք երկրորդը ու հաղթանակ ենք տոնելու 90 րոպեների ընթացքում։ Ունեինք պահեր, հարվածներ կատարում էինք, բայց դիպուկությունը չէր բավականացնում, մտածում էինք, որ կարող է ավելի բարդ լինել ամեն ինչ, չնայած, գրեթե ամբողջ խաղը մրցակցի տուգանայինում անցկացրինք»։

ԲԱՑ ԹՈՂԱԾ ԳՈԼԻ ՄԱՍԻՆ

«Ես լավ գիտեի, որ ստանդարտներն ու հակագրոհները լավագույն հնարավորությունն են լինելու «Շիրակի» համար։ Խաղից առաջ վերլուծել էինք մրցակցի 30 անկյունային։ Կարելի է ասել, որ սխալ աշխատեցինք անկյունայինի ժամանակ, մրցակիցը կարողացավ փակել Մելիխովին և արդեն երկրորդ հարկում  նրանք օգտագործեցին հնարավորությունը»։

ԿԱՐՄԻՐ ՔԱՐՏԻ ԴՐՎԱԳԻ ՄԱՍԻՆ

«Դրվագն այնպիսին էր, որ մրցավարը մոտ էր կանգնած ու ըստ իս լավ տեսավ՝ ով է խախտել կանոնները, և ով՝ չէ։ Իմ կարծիքով, այնտեղ խախտում չկար, կար սիմուլյացիա, որը մրցավարը նույնպես տեսավ ու ճիշտ որոշում կայացրեց։ Հասկանում եմ դժգոհությունը նաև «Շիրակի» կողմից, բայց մրցակիցը շատ բուռն արձագանքեց դրան»։  

ԿԱՐԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ ԽԱՂԱԴԱՇՏ ԴՈՒՐՍ ԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Նանան այնքան ակտիվ չէր, ինչպես մենք ուզում էինք, գիտեինք նաև Կարենի հարձակողական  ունակությունները, և առաջին անգամ չէ, որ նա խաղը սկսում էր հենց աջ եզրից»։

ԳԱՎԱԹԱԿՐԻ ԷՄՈՑԻԱՆԵՐԸ ՄԱՐԶՉԻ ՀԱՄԱՐ

«Խաղի էմոցիաները դեռ պահում են ինձ, երիտասարդական մակարդակում հաջողություններ ունեցել եմ, բայց սա գավաթում իմ առաջին եզրափակիչն էր և առաջին տիտղոսը, ինչի համար շատ ուրախ եմ։ Մենք չենք պատրաստվում կորցնել մեր զգոնությունը, առջևում դեռ 5 խաղ կա, որոնց պետք է պատրաստվենք»։

ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՀԵՏԱԳԱ ԸՆԹԱՑՔԻ ՎՐԱ

«Էմոցիաները կհանդարտվեն, հիմա բոլորը երջանիկ են, սա շատ հաճելի զգացողություն է, որովհետև մեծ ուժ էին ներդրել։ Պետք է հաշվի առնել, որ սա տղաների երկրորդ եզրափակիչն էր, նախորդ տարի նրանք պետք է գավաթը բարձրացնեին իրենց գլխավերևում, բայց դա արեցին այսօր։ Իսկ առջում կարևոր խաղեր ունենք, որոնց պետք է լրջորեն պատրաստվենք»։