Not Selected

ՋԵՎԱՆ ՉԵԼՈՅԱՆՑԻ ԾԱՎԱԼՈՒՆ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ

15/06/2023

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբի համար 2022/23 մրցաշրջանը եզակի էր։ Թիմն առաջին անգամ դուբլ գրանցեց իր պատմության մեջ, 4-րդ անգամ դարձավ Հայաստանի գավաթակիր, իսկ երկրորդ անգամ՝ Հայաստանի չեմպիոն։

Մրցաշրջանն ամփոփել ենք ակումբի նախագահ Ջևան Չելոյանցի հետ․

- Եկեք ամփոփենք «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի համար 2022/23 մրցաշրջանը, բայց մինչև հարցաշարին անցնելը, հետաքրքիր է իմանալ՝ ինչ զգացողություններ եք ունենում առավոտյան արթնանալիս, երբ գիտեք, որ «Ուրարտուն» Ձեր գլխավորությամբ Հայաստանի չեմպիոն է և գավաթակիր։

Հաճելի է, չեմ թաքցնի, իրոք հաճելի է։ Ուղղակի սա պարտադրում է էլ ավելի շատ աշխատել։ Կա մեկ խոսք՝ «Ավելի հեշտ է նվաճել, քան պահել»։ Ուղղակի պետք է դրան պատրաստվել։

Պարոն Չելոյանց, արդյո՞ք գոհ եք ակումբի առաջին և երկրորդ թիմերի խաղերից և նվաճումներից։

Նախևառաջ, ես ցանկանում եմ շնորհավորել բոլոր երկրպագուներին մրցաշրջանի ավարտի կապակցությամբ, իսկ մեր երկրպագուներին այն կապակցությամբ, որ այս մրցաշրջանում մենք ուժեղ էինք բոլորից, առանց բացառությունների։

– Իսկ արդյունքների և զարգացվածության առումով գո՞հ եք առաջին և երկրորդ թիմերից։

Իհարկե, այս ամենը հաճելի է, այս ամենը լավ է։ Ես շատ գոհ եմ և չեմ կարող գոհ չլինել, որովհետև մենք հաղթեցինք հնարավոր բոլոր գավաթները այս պահի դրությամբ։ Ես գոհ եմ, ինչը կապված է առաջին թիմի հետ, իսկ ինչը կապված է երկրորդ թիմի և ակադեմիայի հետ, նույնպես չպետք է մոռանալ։ Երկրորդ թիմի նպատակը այլ է։ Ես երկրորդ թիմի առջև չէի դրել ինչ-որ բան հաղթելու նպատակ, երկրորդ թիմն ունի մեկ այլ նպատակ։ Այն պարտավոր է ֆուտբոլիստներ պատրաստել առաջին թիմի համար և, ընդհանրապես, ինչի՞ համար է ստեղծված երկրորդ թիմը՝ հենց այս նպատակի՝ առաջին թիմին ֆուտբոլիստներ տրամադրելու համար և այս հարցում ես գոհ եմ, թե ինչպես է խաղում երկրորդ թիմը, ինչ մարտավարությամբ և այլն։

Մեր հիմնական թիմին նայելով՝ տեսնում ենք, որ երկրորդ թիմի գոյությունը աննպատակ չէ։ Մենք ունենք ամենաշատ ֆուտբոլիստներին հիմնական կազմում, որոնք ակումբի սան են։ Այն մարդիկ, որոնք եկել են մեր ակումբ, երբ  5, 6,7 տարեկան էին և առ այսօր մեր ակումբում են և խաղում են հիմնական կազմում, նրանք քիչ չեն, ինչն էլ ամենակարևորն է։

– Ակումբը վերջին անգամ գավաթ էր նվաճել 7 տարի առաջ։ Ըստ Ձեզ, ի՞նչը չէր ստացվում այսքան ժամանակ թիմի մոտ հաջողության հասնելու համար։ Ինչի՞ հետ էր դա կապված։

 Որպեսզի ինչ-որ բանի հասնել և հասնել այնպես, որ դա լինի երկարաժամկետ, պետք է ինչ-որ բան անել, իսկ ինչ-որ բան անելու համար ժամանակ է պետք։ Այսքանը։ Մեզ մոտ ոչինչ իդեալական չէ, մենք դեռ պետք է աշխատենք ու աշխատենք, բայց արդեն ինչ-որ բան ունենք։ Որպեսզի ինչ-որ բան ունենանք պետք է աշխատենք, իսկ աշխատանքի համար պետք է ժամանակ, ազատություն։ Կարելի է թիմից պահանջել, որ նա միշտ հաղթի ամեն ինչ, բայց պետք է հասկանանք, որ պետք է համապատասխան կատարված աշխատանք, պետք է համապատասխան պատրաստվածություն և ես հույս ունեմ, ես չեմ կարող վստահեցնել, բայց հույս ունեմ, որ հետագայում գավաթները կլինեն ավելի հաճախ։

– Մրցաշրջանի սկզբում թիմն ունեցավ մարզչական նոր շտաբ և ինչպես բոլոր թիմերի, այնպես էլ  «Ուրարտուի» մոտ կային նպատակներ։ Ի՞նչ գնահատական կտաք մարզչական շտաբին մրցաշրջանի ավարտից հետո։

  Այն թիմը, որը գոյություն ունի այս պահին վերցրել է ակունքները ոչ այս մարզչական շտաբից։ Այդ սկիզբը դրել է Ալեքսանդր Գրիգորյանը, հետո դրան բազմապատկել է Ռոբերտ Արզումանյանը։ Ես շնորհակալ եմ և՛ Գրիգորյանից, և՛ Արզումանյանից իրենց կատարած աշխատանքի համար։ Նրանք են դրել հիմքը, շատ ֆուտբոլիստներ, որոնք հիմա թիմի կազմում են, խաղում էին դեռևս Գրիգորյանի օրոք, իսկ ով չէր խաղում, արդեն մոտ էր թիմին, դա նույնպես պետք է ճիշտ գնահատել։ Հետո այդ գործը շարունակեց Ռոբերտ Արզումանյանը, բայց նրա համար բարդ էր, անկեղծ ասած, որովհետև դա նրա համար առաջին ինքնուրույն փորձն էր, և նա արեց ամեն հնարավոր բան, որ կարող էր այդ պահին։

Եթե ինչ-որ մեկը մտածում է, որ ես նախապես գիտեի, որ կգա այս շտաբը, ամեն ինչ լավ կլինի, և մենք կգրանցենք դուբլ, դա այդպես չէ։ Ես չէի պատրաստվում փոխել շտաբը և ասեմ թե ինչու։ Ես նախորդ մարզչին ասում էի․ «Ռոբերտ, դու պետք է աշխատես, դու ունես ժամանակ, ես քեզ տալիս եմ այդ ժամանակը»։ Ի դեպ, թե ինչու մենք ավելի վաղ չէինք հաղթում։ Ես նման բնավորություն ունեմ, ես չեմ սիրում մարզիչներ փոխել, բայց ստացվեց այնպես, որ պետք էր փոխել, նա ինքն ասաց, որ հոգնել է, չունի էմոցիաներ, իսկ երբ մարզիչը չունի էմոցիաներ, դա վատ է, և մենք ընկերաբար բաժանվեցինք, նա շատ հեռանկարային մարզիչ է, և դա ասում եմ հաշվի չառնելով, թե որ տեղն է զբաղեցրել «Նոա»-ն, ու եթե չեմ սխալվում, Ռոբերտը ընդամենը կես մրցաշրջան է անցկացրել այնտեղ և շատ լավ է աշխատում «Նոա»-ում։ Իսկ հիմա այն, ինչ վերաբերում է գործող անձնակազմին․ ես Դմիտրի Իվանովիչին գիտեմ 20 տարի, կարող է մի փոքր ավել, ասենք՝ 20-ին մոտ, չեմ հիշի այս պահին, և իսկզբանե ես Դմիտրի Իվանովիչին հրավիրել էի ակադեմիա և ինձ համար վատն է այն ղեկավարը, որը չունի պահեստային տարբերակ։ Իհարկե, ես իմ մտքում ունեի, որ կա պատրաստի գլխավոր մարզիչ, բայց դա տեղի ունեցավ շատ ավելի վաղ։ Ինչ կապված է մարզչական շտաբի հետ․ նրանք պրոֆեսիոնալ են, և ես խոսում եմ ոչ միայն Գունկոյի մասին։ Նրանք իրենց աշխատանքի պրոֆեսիոնալներ են։ Իրենք մարդիկ են, որոնք գիտեն, թե ուր են գնում, ինչպես են գնում և ում հետ են գնում, և դա ամենակարևորն է, բայց ես այստեղ օրիգինալ չեմ լինելու։ Ես համարում եմ Գունկոյին Հայաստանի առաջնության ամենաուժեղ մարզիչը և ոչ միայն այս մրցաշրջանում։ Ես չեմ խոսում արդյունքների մասին, ինչու՞, որովհետև ինձ մոտ դիրքորոշումն այսպիսին էր՝ ավելի ուժեղ է այն մարզիչը, որը ունի արդյունք առաջնությունում և հնարավոր է՝ գավաթում։ Ըստ իս, ամենաուժեղ մարզիչը նա է, բայց եթե ամբողջությամբ վերցնենք, արդեն պարզ է՝ ով է ամենաուժեղ մարզիչը և ինչ ձևերով է նա հասել արդյունքի։

– Պարոն Չելոյանց, դուք ասացիք, որ ուժեղ մարզչին ցույց են տալիս արդյունքները։ Ուժեղ մարզչին պետք են նաև լավ ֆուտբոլիստներ։ «Ուրարտուում» կամ ակումբի սաներ, որոնք շատ ուժեղ ֆուտբոլիստներ են, բայց ինչպե՞ս կգնահատեք այս մրցաշրջանի տրանսֆերային պատուհանները։ Կարելի՞ է ասել, որ լեգեոնականների մակարդակը բարձրացել է։

Ինձ համար՝ այո, բայց դա սուբյեկտիվ գնահատական է։ Ընդհանրապես, երբ ֆուտբոլիստին գնահատում ես, 100 մարդ կարող է 100 կարծիք հայտնել։ Ըստ իս, այո, ես կարծում եմ, որ մենք ունենք բարձր մակարդակի լեգեոնականներ, հնարավոր է ոչ բոլորը, բայց թիմը ամեն տարի փոխվում է և պետք է փոխվի և այն մեզ մոտ ամեն տարի քիչ փոխվում է, ոչ այնպես ինչպես որոշ թիմեր, անուններ չտամ, որոնք փոխում են կազմը գրեթե ամբողջությամբ մրցաշրջանի կեսից, ինձ համար դա անընդունելի է, հնարավոր է որ նրանց համար է ընդունելի, բայց դա նրանց գործն է։ Ասենք լավ մակարդակի լեգեոնական, ինչպիսին Մարկոսն է․ նա երբեք չի լքել Բրազիլիան, նա միշտ ապրել և խաղացել է տանը և դա մեկ այլ բան է, իսկ երբ հեռանում ես դա արդեն ուրիշ բան է, և ես դեռ չեմ խոսում հարմարվելու մասին, դա նույնպես ազդում է այն էլ ինչպես։ Ես շատ գոհ եմ մեր լեգեոնականներից, բայց պետք է այլ բան ասեմ, ես գոհ եմ նրանից, թե ինչպես է աշխատում մեզ մոտ սպորտային բաժինը։ 

– Պարոն Չելոյանց, վերջին տարիներին «Ուրարտուն» միշտ եղել է թոփ-3 թիմերի ցանկում, որոնց կազմում ֆուտբոլիստների միջին տարիքը բավականին երիտասարդ է, և մենք արդեն խոսեցինք ակումբի սաների մասին։ Կարելի է հաստատել, որ ֆուտբոլիստների մասնակցությունը ներքին առաջնությանը և եվրագավաթներին համարվում է ակումբի առաջնահերթություններից մեկը։

Ոչ, ինչպես դու արտահայտվեցիր, ո՛չ, ի՞նչ է նշանակում խաղացնել։ Մեզ մոտ խաղում է նա, ով տվյալ պահին ավելի ուժեղ է։ Մենք դիտմամբ ոչ մեկին չենք խաղացնում։ Ուրիշ հարց է այն, սա նախորդ հարցի պատասխանն է, թե ինչու 7 տարի ոչինչ չէինք նվաճում։ Մեկ անգամ ես առաջադրանք տվեցի ինքս ինձ, աշխատակիցներին, որ հնարավորինս շատ, ես չգիտեմ թե ինչքան, դա մրցակցությունը ցույց կտա, բայց հնարավորինս շատ ակումբի սաներ ունենանք հիմնական թիմում և իմ կարծիքով մենք այդ առաջադրանքը կարողանում ենք իրականացնել։ Ներողություն եմ խնդրում, եթե ինչ-որ մեկին չնշեմ, կհուշեք․ Ղազարյան, ես ուղղակի պաշտպանությունից եմ գնում, Ղազարյան, Մարգարյան, Փիլոյան, Բարրին է հայտնվել մեզ մոտ, նա մեր սանն է։ Նա հայ չէ, բայց նա մեր սանն է։ Մենք նրան վերցրել ենք այն ժամանակ, երբ ոչ ոք չէր վերցնում։ Մենք վերցրեցինք նրան, նա ապրում էր այստեղ, խաղաց երկրորդ թիմում և նա մեծացավ, դա երևում է։ Խարիտոն, բայց Խարիտոնը պետք է դեռ շատ ու շատ աշխատի, ես դա վերջին խաղից հելնելով եմ ասում։ Շատ էին սխալները, շատ։ Դա նույնպես պետք է ասել։ Աղասարյան, Մկրտչյան Սերգեյը, նրա բախտը չբերեց այս մրցաշրջանում, նա կտրեց խաչաձև կապանները, բայց արդեն սկսել է վերականգնողական փուլը, Գրիգորյան, նրանք այն մարդիկ են, ովքեր մեր թիմում են, Կարեն Մելքոնյան, նա այքան էլ երիտասարդ չէ ես պետք է նրան հիշեցնեմ, բայց բավական երիտասարդ, որպեսզի զարգացում ապրի իր կարիերայում, իսկ ես արդեն 6 տարի սպասում եմ այդ արագացմանը։ Ես կարծում եմ, որ այս մրցաշրջանը նրա լավագույնն էր այն պահից, երբ նա մեր ակումբում է, չնայած այն փաստին, որ նա ակումբում փոքր տարիքից է։

Հիշենք նաև նրա խփած գոլը Հայաստանի գավաթի եզրափակչում։

Չի կարելի գնահատել ֆուտբոլիստին խփած գոլերով, իրավունք չունենք, այնպես գոլը ուղղակի գոլ է։ Գեղեցիկ լինի այդ գոլը թե ոչ, դա ուղղակի գոլ է։ Շնորհակալություն նրան այդ պահին էսթետիկ հաճույք պարգևելու համար, բայց խաղը մեկ այլ բան է։ Ես թվարկեցի այն ֆուտբոլիստներին, որոնք այս պահին թիմում են։ Վերջին խաղին այս մրցաշրջանում խաղադաշտ դուրս եկան Էդիկ Վարդանյանը, Դավիթ Ղիասյանը, Լևոն Բաշոյանը, նույն Բարրին, Գառնիկ Մինասյանը։ Նրանք բոլորը երկրորդ թիմի ֆուտբոլիստներ են, ակումբի սաներ, բայց այսքանով չեն սահմանափակվում։ Ես կասեմ ֆուտբոլիստներ ԲԿՄԱ-ից, «Նոա»-ից։ Հայկական գրեթե բոլոր ակումբներում՝ Հայաստանի Բարձրագույն առաջնության և Առաջին խմբի, կան և քիչ չեն մեր ակումբի սաները, և մենք հպարտ ենք դրանով։ Ոչ բոլորն են մերը, այ օրինակ ԲԿՄԱ-ում, որքանով որ ես եմ դիտել խաղերը, իրեն լավ է դրսևորում Գևորգ Տարախչյանը։ Ինքը մեզ չի պատկանում այս պահին, բայց նա մեր սանն է, և մեզ համար դա հպարտություն է և առիթ է ոչ թե գլուխ գովալու, դա վատ արտահայտություն է, բայց նշել, որ նրանք մեր սաներն են, մենք զուր չենք աշխատել։ Տեսեք, չեմ խոսում Լուլուկյանի, Աբրահամյանի մասին և, այո, ես արդեն կարող եմ դա ասել՝ Միքայել Միրզոյան՝ մեր սանը, բայց թե ինչ է արեց Ռաֆայել Նազարյանը, միայն գովասանքի է արժանի։ Դա աշխատանք է հայկական ֆուտբոլի համար, մեզ համար կարևոր է, որովհետև մեր սանն է, բայց ընդհանուր դա հայկական ֆուտբոլի համար կարևոր չէ, կարևորը որ դաստիարակել են այսպիսի տղաների։ Հնարավոր է ինչ-որ մեկին չնշեցի, նախապես ներողություն եմ խնդրում, մենք շատ-շատ սաներ ունենք, որոնք մերն են, վարձակալությամբ են հանդես գալիս և մեզ չեն պատկանում։

– Պարոն Չելոյանց, այս մրցաշրջանում մենք ականատես եղանք մի շարք հետաքրքիր հանդիպումների «Ուրարտուի» մասնակցությամբ, այլ խաղեր էլ եղան, բայց ես կուզեի, որ մենք քննարկեինք մեկ թեմա՝ այս մրցաշրջանում խոսակցություններ կային մրցավարների աշխատանքի վերաբերյալ դժգոհ լինելու մասին։ Կմեկնաբանե՞ք իրավիճակը։

Ես չգիտեմ մի երկիր աշխարհում, որտեղ մրցավարներից գոհ են լինում, անկեղծ եմ ասում։ Համապատասխանաբար, մենք շարքի վերջերում չենք։ Հայերը, Հայաստանը, ովքեր ապրում են Հայաստանում, ինչպես բոլորը դժգոհ են մրցավարներից և մենք ունենք դրա իրավունքը, և ես այդքան էլ համաձայն չեմ, որ դա ֆուտբոլի մի մասն է, դա ֆուտբոլի շուրջ եղածի մի մասն է։ Կարելի է լինել դժգոհ, բայց պետք է ցույց տաս՝ ինչու ես դժգոհ։ Չես կարող ուղղակի ասել, որ դժգոհ ես։ Պետք է ունենալ պատճառներ, այն էլ՝ հիմնավորված։ Ցավոք, հայկական մրցավարական բաժինը շատ փակ է ֆուտբոլային շրջապատից։ Տարբեր երկրներում ամեն ինչ տարբեր է։ Հայաստանում շատ փակ է, չափազանց փակ է։ Իհարկե, մենք ունենք լուրջ հարցեր մրցավարական բաժնին, շատ լուրջ։ Այն չի վերաբերում մրցավարական սխալներին խաղադաշտում, այլ այն սխալներին, որ օրինակ՝ մրցաշրջանի ավարտից ոչ վաղ պարզեցինք, որ նույն մրցավարը դատել է մեր հանդիպումների 35 տոկոսը։ Ի՞նչ է դա նշանակում։ Ինձ նման բաները անհասկանալի են։ Ինձ սկսում են բացատրել, իբրև առաջատար ենք, իսկ նա լավագույն մրցավարն է, ու՞մ համար է լավագույնը, ո՞վ է որոշել։ Ես չեմ ասում որ նա վատն է և չեմ էլ ասի։ Ես չեմ ասում, որ նա դատել է մեր դեմ, ես ուրիշ բան եմ ասում՝ չի կարող նույն մրցավարը դատել խաղերի 30 տոկոսը, ըստ իս, դա սխալ է։ Ցավոք, կան ֆուտբոլային բաներ, որոնք միանգամից երևում են։ Դա չի տեսնի մի մարդ, ով դեռևս փորձ չունի, որոնք դեռ կան հայկական ֆուտբոլում՝ կողմնակալ մրցավարություն։ Ես չեմ ասում, որ դա համակարգն է։ Հնարավոր է՝ սխալ ոտքի վրա է արթնացել, հնարավոր է՝ կինն է ինչ-որ բան ասել առավոտյան, հնարավոր է՝ երեխաներն են դպրոցում չարություն արել։ Ոչ-ոք և ոչ մի անձնավորություն, այն ժամանակից, երբ ակումբում եմ, չի կարող ասել, որ մենք մրցավարների հետ ենք աշխատել, ոչ-ոք չի կարող ասել, վստահեցնում եմ ձեզ, կարող եմ երդվել այն ամենով, ինչ ունեմ և ում ունեմ, երբեք նման բան չի եղել ո՛չ այստեղ, ո՛չ «Սպարտակում» և ո՛չ էլ «Արմավիրում»։ Կամ ծնվում ու ապրում ես դրանով, կամ էլ դառնում ես ուրիշ մեկը։ Սա յուրաքանչյուրի որոշումն է։

– Պարոն Չելոյանց, «Ուրարտուն» կրկին հայտնվեց եվրագավաթներում։ Վերջին երկու տարում հայկական երկու ակումբ հայտնվել է եվրագավաթային խմբային փուլում։ Դրվա՞ծ է թիմի առջև նման առաջադրանք, և սպասելի՞ են լեգեոնականների տրանսֆերներ ավելի բարձր մակարդակի։

Ի՞նչ է նշանակում բարձր մակարդակի, ես քեզ եմ ուզում հարցնել։ Մեր առջև դրված չէր և դրված չի եղել նման առաջադրանք։ Ի՞նչ կապ ունի լեգեոնականը, մեզ պետք են խաղացողներ։ Լեգեոնական է, տեղացի ֆուտբոլիստ է, մեր ֆուտբոլիստն է, բայց հավասար պայմաններում ես, իհարկե, կընտրեմ իմ սանին, բայց եթե դեռահասը, պատանին, երիտասարդը Մոսկվայից, Լոնդոնից, չգիտեմ Բրազիլիայից, ես ասում եմ Բրազիլիա՝ որպես մայրաքաղաք, Մադրիդից և որտեղից որ լինի, եթե ես տեսնում եմ և թիմում մասնագետները տեսնում են, որ նա ավելի ուժեղ է տվյալ դիրքում, քան այն ֆուտբոլիստը, որին մենք ունենք, իհարկե, կփորձենք վերցնել, բայց հիմա որ ասացի երկրպագուներ, կասեն, որ միլիոն անուն կարող ենք տալ, ես նույնպես կարող եմ տալ, բայց կան պայմաններ։ Կարծում եմ, որ այդեղ կար հարց, որ երկու ակումբ դուրս են եկել եվրագավաթների խմբային փուլ։ Ես ցանկանում եմ ասել և կարող եք հաշվել եվրագավաթներում մեր ելույթներից հետո, մեզ համար Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլ հայտնվելն անհաջողություն է։ Ոչ թե նրա համար, որ մենք հպարտ ենք, մեզ համար ընդունելի արդյունք կլինի Չեմպիոնների լիգայի խմբային փուլը, Եվրոպա լիգայի խմբային փուլը և Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ դուրս գալը, մնացածը անհաջողություն է։ Եթե, Աստված չանի, մենք դուրս մնանք առաջին փուլից կամ ընդհանրապես առաջին փուլից դուրս մնու՞մ են։

Չեմպիոնների լիգայի առաջին փուլից դուրս մնալուց հետո պայքարը շարունակում ես Կոնֆերենցիաների լիգայում։

Եթե մենք դուրս մնանք առաջին կամ երկրորդ փուլերում, պարզ է որ դա անհաջողություն է։ Եթե մենք հայտնվենք Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում և ոչ ավել, դա ինձ համար անհաջողություն կլինի, եթե մենք դուրս գանք փլեյ-օֆֆ ապա ես կարող եմ ընդունել մեր ելույթները բավարար։

– Սպասե՞նք նոր ձեռքբերումների։

Չգիտեմ, Սամվել Առուստամյանը այստեղ է, նրանից հարցրեք։ Ես հույս ունեմ։ Ես տեսնում եմ մի քանի դիրք մեր թիմում, որոնք պահանջում ենք ուժեղացում, այդպես կասեմ։

– Պարոն Չելոյանց, հիմա ես կցանկանամ, որպեսզի մենք խոսենք մի թեմայից, որը կարևոր է ոչ միայն ինձ, Ձեզ, այլև բոլոր ֆուտբոլասերների համար։ Խոսքը հայկական ֆուտբոլի մասին է։ Հարցս այսպիսին է․ վերջին տարիներին Հայաստանի առաջնության մակարդակը զգալիորեն բարձրացել է։ Կարելի՞ է փաստել, որ մենք մոտենում ենք կամ արդեն մոտեցել ենք Ռուսաստանի առաջնության մակարդակին։

Ոչ, ամեն ինչում։ Առաջին՝ ֆուտբոլային կազմակերպվածությունը, մենք առ այսօր չունենք առաջնություն։ Ֆեդերացիան անցկացնում է առաջնություն, անհեթեթություն է։ Երևի նրանց դուր է գալիս, որ նրանք ինքնուրույն են անցկացնում։ Առաջնությունը կամ անում են կամ ոչ։ Ժամանակ կար, երբ ես ու պարոն Մելիքբեկյանը պայմանավորվեցինք, որ կանցկացնենք ժողով, ես ակումբների հետ, իսկ հետո նա կհավաքի բոլորին։ Ես ակումբների հետ ժողով արեցի, բոլորը կային, գրեթե բոլորը՝ «Փյունիկ», «Նոա», «Արարատ-Արմենիա», «Արարատ», մեծամասնությունը և բոլորը կողմ էին։ Հետագայում ժողովին ակումբներին պետք է հավաքեր պարոն Մելիքբեկյանը։ Ես չունեմ տեղեկություն, որ նման ժողով տեղի ունեցել է, իսկ դա պետք է լիներ դեռևս հունվարին։ Ես ոչինչ չեմ պահում, ես ամեն ինչ ասում եմ։ Վատ է, թե լավ, ինձ համար էական չէ, ես ուղղակի մարդկանց ճիշտն եմ հասցնում։

– Պարոն Չելոյանց, այս մրցաշրջանը բարեբախտաբար ավարտվեց թիմերի նույնքան քանակով, որքանով որ սկսվել էր։ Նախորդ տարիներին մրցաշրջանի կեսից ակումբներ կային, որոնք դուրս էին գալիս իսկ եղել են դեպքեր, երբ ակումբներն ուղղակիորեն այլևս գոյություն չեն ունեցել։ Ինչպե՞ս  են ազդում նման երևույթները խաղերի և ֆուտբոլի զարգացման վրա։

Իրականում այդքան էլ հեշտ հարց չէ։ Ես առաջարկել եմ ֆեդերացիայի նախորդ նախագահին, պարոն Մելիքբեկյանին։ Յուրաքանչյուր ակումբ՝ «Արարատ», «Արարատ-Արմենիա», «Փյունիկ», «Նոա», «Վան», «Շիրակ», մրցաշրջանից առաջ պետք է ստանա ֆինանսական հաստատում բանկի կողմից, ինչպես արվում է ոչ թե բոլոր այլ շատ երկրներում, բայց միշտ լսում ես նույն պատասխանը՝ ակումբների կեսը կգնան։ Եթե գնում են, թող գնան հիմա, այլ ոչ թե մրցաշրջանի կեսից և հետաքրքիրն այն է, որ այդ ամենից տուժել է հիմնականում «Ուրարտուն», որովհետև ակումբները հեռանում էին մինչև մրցաշրջանի 50 տոկոս հանդիպումներն անցկացնելը և բոլոր միավորները հանվում էին և ստացվում էր այնպես, որ մենք ամենաշատն էին հավաքում միավորներ այդ թիմերի դեմ խաղերում։ Այս անգամ ես ասել եմ, որ տղաներ ոչ մի միավոր մի հավաքեք, որովհետև ում դեմ միավոր եք վաստակում նրանք հեռանոմ են։ 

ֆուտբոլի զարգացման վրա դա մեծ ազդեցություն է թողնում։

Հենց դա է խնդիրը, որ զարգացման վրա չէ, դա ազդում է վիճակի վրա։ Մենք չենք խոսում դրա մասին, ինչ զարգացում այստեղ կարող է լինել, եթե ակումբ է դուրս եկել, ոչ մի, իսկ ֆուտբոլի գործող վիճակի վրա, իհարկե, ազդում է։ Առաջնությունը եթե փոխվում է ընթացքում դա շատ վատ է։

– Խոսելով հայկական ֆուտբոլի մասին․ 2023-ին «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն և կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն ստացան Հայաստանի քաղաքացիություն։ Գիտենք նաև որ Հայաստանի քաղաքացի է համարվում նաև երկրորդ թիմի մարզիչ Իգոր Պադերինը։ Ի՞նչ է դա նշանակում ակումբի և հայկական ֆուտբոլի համար։ 

Սկզբից այն ինչ կապված է, ես բացատրեմ, որովհետև ոչ բոլորը գիտեն․ Դմիտրի Գունկոն ունի հայկական արմատներ։ Գունկոյի մայրը հայ է, եթե չեմ սխալվում մոր ազգանունը Գևորգյան է։ Ինչ վերաբերում է Պադերինին, նրա մայրը հայ չէ, բայց կինն է հայ, ճիշտ է, նա ամուսնացել է ոչ թե այստեղ, այլ Արմավիրում, հայ կինը այնտեղից է՝ Արմավիրից, բայց կինը ստացել է Հայաստանիհայկական քաղաքացիություն, աղջիկը նույնպես, հետո էլ Պադերինը։ Նա ցանկություն հայտնեց և ստացավ Հայաստանի քաղաքացիություն։ Ինչ վերաբերում է Իվուին, մարդը Հայաստանում է խաղում արդեն 6-րդ տարի և ունի բոլոր իրավունքները, և, ի փոքր շեղվեմ հարցից, խաղում է Հայաստանի հավաքականի կազմում և կասեմ իմ սեփական կարծիքը․ ըստ իս, այն ֆուտբոլային որակները, որոնք ունի Իվուն, Հայաստանի առաջնությունում չունի ոչ մի ֆուտբոլիստ, առանց բացառությունների, բոլորը, լինի մեր ֆուտբոլիստը թե ոչ, կապ չունի, դա իմ կարծիքն է և ես ունեմ իրավունք արտահայտվելու և ես արտահայտվում եմ, ու մենք պետք է հպարտ լինենք, որ կազմում ունենք նման տղաներ։

– Ես խոսել եմ մի քանի մասնագետների, լրագրողների հետ և բոլորը համաձայն են, որ Իվուն վերջին 3-4 տարում առաջնության լավագույն կիսապաշտպանն է։

Իմ կարծիքով, Իվուն լավագույնն է ամբողջ առաջնությունում, իմ կարծիքով։ Ես արտահայտվում եմ իմ կարծիքը և վերջ։

– Մենք խոսում ենք Իվուից, որը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական։ Ի՞նչ եք կարծում ֆուտբոլիստների նատուրալիզացին օգուտ է, թե ուղղակի տեղացի ֆուտբոլիստների տեղն է զբաղեցնում։

Շատ բարդ հարց է

Ազգային հավաքականում պետք է խաղան լավագույնները

Ո՞վ ասաց, հա, ինձ թվաց՝ ասում ես, թե ազգային հավաքականում պետք է խաղան տվյալ ազգի ֆուտբոլիստները։ Դա սխալ է։ Հիմա ես հիշեցի Ֆրանսիայի հավաքականին, ես հիշեցի աշխարհի առաջնության եզրափակիչը Ռուսաստանում։ Քանի՞ էթնիկ ֆրանսիացի կար կազմում։ Ինչ-որ մեկը Ֆրանսիայում կարո՞ղ է նման հարց տալ, ահա և վերջ։ Որոշները կարող են ասել, որ դա նրանք չեն, այլ նրանց մայրերն են, պապիկները, չգիտեմ ովքեր են եկել, իսկ նրանք արդեն ֆրանսիացի են։ Կարող է Իվուն վաղը մնալ այստեղ, ամուսնանալ և նրա երեխաները նույնպես կլինեն հայեր։ Սա նորմալ գործընթաց է, պետք չէ կատարել հովանավորչություն, այ դա չպետք է արվի, բայց եթե սա արդար մրցակցություն է ուրեմն ամեն ինչ նորմալ է, ըստ իս։ Նա ուժեղագույնն է ու եթե հնարավորություն ունի խաղալու ազգային հավաքականում, ապա պետք է խաղա։

Դուք խոսե՞լ  եք նրա հետ՝ ազգային հավաքական հրավերի մասին։

Այո, ես չեմ ուզում ստել, այո, խոսել եմ և համարում եմ դա նորմալ։ Կարծում եմ նաև, որ այդ աշխատանքի մեջ իմ նպաստը նույնպես կա։

– Մենք խոսեցինք ազգային հավաքականից, ընդհանուր առմամբ, այս մրցաշրջանում առաջին անգամ հավաքական հրավիրվեցին մեր սաներ Սերգեյ Մկրտչյանը, Արման Ղազարյանը, Էրիկ Փիլոյանը, ընդլայնված ցուցակում էր նաև Նարեկ Աղասարյանը։ Կարո՞ղ ենք ասել, որ ակումբում բոլոր թիմերը ճիշտ են աշխատում, եթե ազգային հավաքականում մենք ունենք այս քանակությամբ ֆուտբոլիստներ։

Ես կարող եմ խոսել միայն իմ անունից։ Ինչ-որ մեկը գնահատում է, ես նկատի ունեմ՝ ղեկավարներից, իր ակումբի արդյունքը, ես վերցնում եմ բոլոր թիմերին՝ նաև երկրորդ թիմին և ակադեմիային, մրցաշարային աղյուսակի դիրքից, ինչ-որ մեկը գնահատում է միայն առաջին հորիզոնականով, բայց նման բան չկա Հայաստանում, նույնիսկ մենք չենք հասել դրան։ Ես չեմ կարող ասել, որ բոլոր թիմերը ժամացույցի պես են աշխատում։ Մենք շատ բան ունենք անելու, շատ բան պետք է անել ակադեմիայում։ Ճիշտ բառեր, ամեն ինչ սկսվում է այնտեղից։ Ես հիմա ասում եմ ոչ թե առաջին հորիզոնականների առումով կամ ինչ-որ գավաթ նվաճելու։ Ակադեմիայում այնքան գավաթ կա, որ ես գլուխս կորցնում եմ։ Պետք է շատ բան արվի և մենք դրանով կզբաղվենք անպայման։ Հիմա, անձնապես ինձ համար, եթե դնենք նժարի վրա և ինքս ինձ հարցնեմ՝ որն է ամենակարևորը մինչև հիմնական թիմը, կասեմ, որ վստահաբար տեղը չէ, բայց դա չի նշանակում, որ տղան, ով չգիտեմ 5-6 տարեկան է, 7,8,9,10, նա չի կարող ուղղակի մարզվել, նա պետք է մրցի, և դրա մեջ նույնպես կա ճիշտ։ Մարզիչ՝ ամենակարևոր մարդը մարզումների և խաղերի ժամանակ տեխնիկական գոտում։ Հիմա լսելով իմ խոսքերը, նրանք չպետք է ձգտեն հաղթելու։ Ինձ համար միևնույնն է, թե որ տեղ են զբաղեցնում իմ 11 տարեկան տղաները՝ 1-ին թե 5-րդ։ Ինձ համար կարևոր է, որ ես և մասնագետները տեսնենք այդ 11 տարեկանների մեջ գոնե մի քանի հոգու 16 տարեկան, իսկ դրանից հետո Աստված տա՝ ստացվի։ Ֆուտբոլը հեշտ բան չէ, եթե բոլորը ֆուտբոլ խաղային, ապա ֆուտբոլ չէր լինի, խաղալ նկատի ունեմ պրոֆեսիոնալ մակարդակի, թե չէ այնպես ամբողջ աշխարհն էլ խաղում է։

– Կարելի՞ է ասել, որ մրցակցությունը ակադեմիայում համարվում է զարգացման հիմնաքարերից մեկը։

Կարելի է, ես ասացի, որ դա իմ կարծիքն է, թե ինչ կընտրեմ, իսկ եթե դուք ասեք, թե որն է ավելի կարևոր, ես չգիտեմ։ Ես խոսում եմ իմ անունից և կարծում եմ, որ ոչ-ոք չգիտի։

Պարոն Չելոյանց, եկեք մի փոքր խոսենք նաև «Ուրարտու-2»-ի մասին։ Մրցաշրջանի սկզբում՝ երկրորդ թիմում նույնպես տեղի ունեցավ մարզչական շտաբի փոփոխություն։ Թիմը գլխավորեց Իգոր Պադերինը, որը եղել է ակումբի կառուցվածքի մեջ, եղել է մեր ֆուտբոլիստը ինչպես նաև աշխատել է ակադեմիայի սելեկցիան բաժնում։ Ինչպես առաջացավ Պադերինին թիմի գլխավոր մարզիչ նշանակելու միտքը։

Դու հենց նոր թվարկեցիր՝ որտեղ նա եղել է։ Ամենակարևորն այն է, որ նա լավ ֆուտբոլիստ էր և Պադերինին ես գիտեմ ոչ միայն «Ուրարտուից»։ Հայաստանում ժամանակին կար «Ուլիս» ֆուտբոլային ակումբը, և այնտեղ ես տեսա նրան առաջին անգամ՝ հավաքի ժամանակ՝ Թուրքիայում։ «Ուլիսը» և Մոսկվայի «Սպարտակը» միաժամանակ հավաք էին անցկացնում այնտեղ, և այն ժամանակ ես դեռ «Սպարտակում» էի։ Այնտեղ առաջին անգամ տեսա Պադերինին ու նա տպավորվեց իմ հիշողությունում։ Հետո նա ինձ մոտ սկսեց խաղալ «Արմավիրում», դադարներով, հետո հրավիրեցինք նրան «Ուրարտու», մնացածը դու արդեն թվարկեցիր։ Պադերինը գիտի, ըստ իս, թե ինչ չի կարելի անել ֆուտբոլում, իր մաշկի և փորձի վրա։ Հետո, երբ ես սկսեցի ավելի խորը ուսումնասիրել, թե ով է Պադերինը, ես հաճելիորեն զարմացա, իմանալով, որ մարդը կարող էր նույնիսկ դպրոցն ավարտել ոսկե մեդալով, սովետական դպրոցը․ ընդգծում եմ, որովհետև ամեն դեպքում տարբեր են։ Հետո արդեն ֆուտբոլն էր մեղավոր կամ էլ՝ նրա տաղանդը ֆուտբոլում։ Հետագայում ամեն ինչ չգնաց այնպես, ինչպես մտածում են մեծերը, բայց գնաց այնպես, ինչպես մտածում են 90 տոկոս երեխաները։ Երբ դու ինչ-որ բանի հասնում ես, սկսում ես մտածել, որ վերջ։ Ես հիշում եմ, երբ ինձ ասացին, որ վերցնում են Գրոնզիի «Տերեկի» երկրորդ թիմ, ես մտածում էի, որ Մարադոնան եմ, և իրոք, ինձ վերցրին «Տերեկի» երկրորդ թիմ։ Երկրպագում էի «Սպարտակին», բայց եթե խաղան «Սպարտակը» և «Ուրարտուն», ապա ես կերկրպագեմ «Ուրարտուին» և դա գիտեն բոլորը, բայց եթե «Սպարտակը» խաղում է մեկ այլ թիմի հետ, գիտեն՝ կա մեկ թիմ՝ Մոսկվայի «Սպարտակը», մինչև որ չկա «Ուրարտուն»,  հենց հայտնվում է «Ուրարտուն» ամեն ինչ փոխվում է։ «Սպարտակը» մոտ հարևան է, մոտ ընկեր, որի հետ մեծացել ես մանկուց, ես 5 տարեկանից եմ երկրպագում այս թիմին։ Գալիք տարի կլինի արդեն 60 տարի, որ ես երկրպագում եմ այդ թիմին։Իսկ «Ուրարտուն» քո հարազատն է։ Հուսամ՝ կարողացա բացատրել տարբերությունը։

Պարոն Չելոյանց, մրցաշրջանի առաջին հատվածը «Ուրարտու-2»-ը սկսել էր անհաջող։ Մարզիչը փորձում էր տարբեր մարտավարություններ, բացատրում էր իր փիլիսոփայությունը, իսկ երկրորդ հատվածում սկսեց հաջող հանդես գալ, ցույց տալ բնավորություն ու արդյունքներն էլ տեսանելի էին։ Ի՞նչ կասեք թիմի ելույթների մասին։

Լսիր, դու սկսեցիր հարց տալ, ինքդ էլ սկսեցիր պատասխանել։ Ոչինչ միանգամից չի լինում, ամեն ինչի համար ժամանակ է պետք։ Եկավ նոր շտաբ, որն ուներ իր մտքերը, պետք էր ժամանակ՝ բացատրելու ֆուտբոլիստներին, սովորեցնել կիրառել դրանք խաղադաշտում, այդ իսկ պատճառով երկրորդ հատվածում լավացավ։

Կես մրցաշրջանը բավարար էր, որպեսզի ֆուտբոլիստները հասկանան ամեն ինչ։

Ես չեմ կարող այդպես ասել, տարբեր է։ Ինչ-որ մեկին բավարար է կես մրցաշրջանը։ Խաղն է փոխվել, ահա թե ինչն է ամենակարևորը։ Ինչ-որ մեկին պետք է երեք մրցաշրջան, ինչպես Ֆերգյուսոնին։

Պարոն Չելոյանց, «Ուրարտու-2» թիմում երիտասարդներ են՝ 15-16 տարեկան, և արդեն երրրոդ տարին անընդմեջ նրանք հավաք են անցկացնում։ Որքանո՞վ է կարևոր հավաքի անցկացումը երիտասարդ ֆուտբոլիստների համար։

Ինձ ընդհանրապես ապշեցնում է այս հարցը։ Չի կարող թիմը չանցկացնել հավաք։ Ես եմ այդպես մեծացել, աշխարհում շատ թիմեր են այդպես աճում, ինչու՞ է այս հարցը առաջանում Հայաստանում։ Հավաքները ամեն տեղ են հավաքներ, այստեղ էլ են հավաքներ։ Հիմա եվրագավաթի համար գլխավոր թիմը հավաք է անցկացնելու, ճիշտ է արտասահմանյան չէ, բայց հավաք է։ Ուրիշ բան է, որ ես որոշել եմ, որ մենք պարտավոր ենք երկրորդ թիմին տարվա մեջ գեթ մեկ անգամ ուղարկել արտասահմանյան հավաքի։ Դա մեր պարտավորությունն է, և ես կարծում եմ, որ դա ճիշտ որոշում է։

Եվ, ամփոփելով «Ուրարտու-2»-ի ելույթները, մեկ պարզ հարց․ ո՞րն է «Ուրարտու-2»-ի նպատակը։

Պատրաստել ֆուտբոլիստներ առաջին թիմի համար և վերջ։ Վերջ չէ, ես հասկանում եմ, և դու ինքդ էլ ասացիր, որ այնտեղ երիտասարդ տղաներ են՝ 15-16 տարեկան, իհարկե, նրանք ցանկանում են հաղթել, իհարկե, բայց ինձ համար ամենակարևորը ուրիշ բան է։ Ես ցանկանում եմ երկուսն էլ, բայց այս պահին ունենք այն, ինչ ունենք։

- Եվս մեկ շատ կարևոր թեմայի անդրադառնանք՝ ակումբի ակադեմիային։ Արդյո՞ք անհրաժեշտ է ակադեմիայի թիմերին հարմարվել գլխավոր թիմի խաղաոճին (խաղալ նույն ֆուտբոլը, ինչ գլխավոր թիմը)։

- Ոչ մի դեպքում։ Գլխավոր թիմը պետք է խաղա այնպես, ինչպես ակադեմիան է խաղում, այ սա է ճիշտ։ Այդտեղից է սկսվում ամեն ինչ։ Գլխավոր թիմը պետք է խաղա, մասնագետը կհասկանա, որ խոսքս ոչ ֆորմալ խաղալու մասին չէ, այլ նույն սխեմայով, նույն մարտավարությամբ, ինչպես դա անում են երեխաները մանկուց։ Եվ այդ ժամանակ երեխան, որը մեծացել է ակադեմիայում, կգա գլխավոր թիմ ու նորից ինչ-որ բան սովորելու կարիք չի ունենա։ Չեմ կարծում, որ ավելի հեշտ է, բայց կարծում եմ՝ այդպես պետք է լինի։

- Ի՞նչ հունով է ընթանում «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի ակադեմիայի զարգացումն ու ընդլայնումը։

- Պետք չէ անվերջ աճել։ Ես կարծում եմ, որ մենք կհասնենք որոշակի մակարդակի՝ քանակական առումով ու կկայունանանք այդտեղ։ Եվ հենց այդ ժամանակ մենք կմտածենք մասնաճյուղերի մասին, միայն այդ ժամանակ, ոչ ավելի շուտ։ Որովհետև չի կարելի գնալ ինչ-որ տեղ՝ գյուղ, փոքր քաղաք, և միայն նրա համար, որ մենք «Ուրարտուն» ենք, մեզնից մի բան թողնենք այնտեղ։ Մենք պետք է գնանք ու ասենք՝ երեխաներ, նաև աղջիկներին, ի դեպ, ահա թե ինչի ենք հասել մենք, ու ուզում ենք, որ դուք դառնաք մեր մասնիկը, եթե ձեզ հետաքրքում է, մենք ակադեմիա կունենանք այստեղ, սա է սկզբունքը։

- Դուք իմ հաջորդ հարցին անցաք, քանի որ ես ուզում էի հարցնել՝ պլանավորու՞մ եք մասնաճյուղեր բացել Հայաստանի մարզերում։

- Դեռ ոչ։ Հենց հասնենք նրան, ինչի մասին ես ասացի, կպլանավորենք։ Քայլ առ քայլ։

Կանանց երկու թիմ ունենք։ Մեկը մինչև 12 տարեկան աղջիկներն են, մյուսը՝ ավելի մեծ տարիքային։ Որքանո՞վ է կարևոր զարգացնել կանանց ֆուտբոլը Հայաստանում։

- Մի բան կասեմ, կանանց թիմերի հովանավորը մեր ակումբում ես եմ, ու ես ասացի, նաև առաջադրանք տվեցի, որ մինչև այս ժամանակահատվածը հստակ թվով աղջիկ պետք է զբաղվի ֆուտբոլով մեր ակադեմիայում։ Ողջ ղեկավար կազմը դեմ էր, նույնիսկ աղջիկները։ Ասում էին՝ մեր մենտալիտետն այլ է, հարցնում էի՝ ինչպիսի՞ն է․ աղջիկները չպետք է զբաղվեն ֆուտբոլով։ Դա ի՞նչ է։ Ուրեմն աղջիկները չպետք է գեղարվեստական մարմնամարզությամբ նույնպես չզբաղվեն, ինչն այժմ տղաներն են սկսել անել, դա էլ ինձ համար է անընդունելի։ Ճիշտ չէ, ամբողջ աշխարհում զբաղվում են։ Կանանց ֆուտբոլի վերջին աշխարհի առաջնությունը դիտեցի, հեռարձակել էին, եզրափակիչ խաղում 77 հազար հանդիսատես կար, տես, դու հաշվել ես, ես՝ ոչ, ու ինչպիսի ֆուտբոլ էր։ Ինչու՞մն է հարցը, ով չի ուզում, թող չզբաղվի, ոչ ոքի չեն ստիպում։

- Կարելի՞ է սովորել՝ տեսնելով թե ինչ է կատարվում Եվրոպայում կանանց ֆուտբոլում։

- Սովորել պետք է միշտ ու ամեն լավ բան։ Լատինական Ամերիակում նույնպես շատ ուժեղ է զարգացած կանանց ֆուտբոլը։ Չեմ հիշում անունը․․․բրազիլացին․․․Մարտեն․․․որը շատ տարիներ ճանաչվել է լավագույն ֆուտբոլիստուհի։ Նա բրազիլացի է, եվրոպացի չէ։ Սովորել պետք է լավը, ով լավն է քեզնից, իրենից էլ սովորիր, ու ով վատն է քեզնից, պետք է քեզնից սովորի, ահա և վերջ։

- «Ուրարտու» մարզաբազայում երկրորդ տարին անընդմեջ անցկացվում է Simon Cup միջազգային հուշամրցաշարը։ Որքանո՞վ է այս մրցաշարը կարևոր ակումբի և մեր երկրում մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման համար:

- Նորից կարող եմ իմ կարծիքն ասել։ Շատ ուրախ եմ, որ մենք կազմակերպել ենք այս մրցաշարը։ Նախևառաջ, սա մեր աշխատակցի հիշատակին է, մեր լավագույն աշխատակցի։ Միշտ ասել և ասում եմ, որ նա ակումբի հանդեպ իր վերաբերմունքով լավագույնն էր, երկրորդ՝ ես կարծում եմ, որ Հայաստանում մենք պակաս ունենք երեխաների համար միջազգային մրցաշարերի, որտեղ կարելի է ստուգել նրանց։ Միմյանց միջև խաղում են, դա լավ է, բայց դա քիչ է։ Մեր ակադեմայից թիմեր մշտապես գնացել են, հետո համաճարակ սկսվեց և այլն, բայց մենք ամեն ինչ ծրագրել ենք հաջորդ տարի։ Եվ մերոնք կգնան, և հույս ունեմ՝ մեզ մոտ կգան ավելի շատ թիմեր ու ոչ միայն Ռուսաստանից, ոչ միայն Վրաստանից, չնայած սա դժվար հարց է, ես աճպարար չեմ։ Շատ կուզեմ, որ թիմեր գան մեզ մոտ Եվրոպայից, Վրաստանից, Ռուսաստանից։ Կյանքն առաջ է գնում։ Այլ բան ասել չեմ կարող։

- Խոսենք նաև հայկական ֆուտբոլից, մասնավորապես՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից։

- Ֆեդերացիան հայկական ֆուտբոլը չէ, այն վերնաշենք է, որը ղեկավարում է ֆուտբոլը և որն ինքներս ենք ընտրել։

Գո՞հ եք կառույցի աշխատանքից։

- Եթե ես այդ կառույցի աշխատանքից գոհ լինեի, ինձ պետք էր հեռացնել ակումբից, պետք չէ։ Նա գոհ է ամեն ինչից, դա ճիշտ չէ։ Բայց պետք չէ լինել դժգոհ հենց այնպես, նշանակում է՝ ինքդ ինչ-որ բան չես արել, սովորաբար դա այդպես է լինում։ Այն, ինչ ես տեսնում եմ, թե ինչպես ես դու արտահայտվում հայկական ֆուտբոլի մասին վերջերս, ինձ համոզում է դրանում։ Շատ բաներ կան, որոնցից գոհ չեմ, բայց ոչ թե այն պատճառով, որ «չար տղա» եմ ու դժգոհում եմ ամեն ինչից, այլ նրա համար, որ ունեմ փաստարկներ։ Դժգոհ եմ, որ մենք իմանում ենք խաղի ժամը ֆեդերացիայից։ Այն պետք է համաձայնեցնի հանդիպման ժամը, ոչ թե նշանակի։ Դա իմ կարծիքն է։ Դժգոհ եմ, որ խախտված են ԲԿՄԱ-ի աշխատանքի սկզբունքները։ ԲԿՄԱ-ի ստեղծման հովանավորը Վանեցյանը չէր, այլ ակումբում իմ նախկին գործընկեր Օլեգ Մկրտչյանն ու ես ենք եղել, երկուսով հանդես ենք եկել շատ ավելի վաղ, երբ Վանեցյանը դեռ չգիտեր՝ ինչ է ֆուտբոլը։ Իսկ այժմ, ում ինչպես հարմար է, ասում է, որ Վանեցյանն է ստեղծել, նա չէր, նրա օրոք միայն սկսել է ձևավորվել, բայց գաղափարը, որը նաև այլ էր․ ակումբներից մեկի սեփականատերը՝ Չելոյանցը չի ֆինանսավորում ԲԿՄԱ-ն, այո, չեմ ֆինանսավորում ու չեմ պատրաստվում, քանի որ մենք այլ բան էինք պայմանավորվել։ Այն, որ ԲԿՄԱ-ն երբեք չի խաղալու Բարձրագույն խմբում, որ սա թիմ է այն ֆուտբոլիստների համար, որոնց մենք չենք ցանկանում կորցնել, և որ պետք է խաղա Առաջին խմբում, իսկ ակումբները, որոնց ֆուտբոլիստները հանդես են գալիս այնտեղ, պետք է ըստ ֆուտբոլիստների ֆինանսավորեն։ Ես դեմ չեմ, որ թիմը խաղա Բարձրագույն խմբում, բայց եթե թիմը խաղում է ու ենթադրենք՝ զբաղեցնում է առաջին հորիզոնականը, նա պետք է խաղա Չեմպիոնների լիգայում։

 

- Այժմ արգելվում է, դրա համար էլ ես դեմ եմ։ Այն պետք է լիարժեք թիմ լինի։ Եթե թիմը պատկանում է Պաշտպանության նախարարությանը, ուրեմն վերջինս պետք է բյուջեում կետ ունենա ԲԿՄԱ ֆուտբոլային ակումբի բովանդակությամբ։ Հրաշալի մարզիչ ունեն, ցավոք, նոր եմ դա հասկացել, կարծում եմ՝ նա Հայաստանում լավագույնն է զարգացնում երիտասարդ ֆուտբոլիստներին, սա էլ է իմ կարծիքը։ Հարցում չեմ անցկացրել, չեմ կարող ասել՝ ովքեր կհամաձայնեն, ովքեր ոչ։ Բայց դա տեսանելի է։ Վաճառեք ինչ-որ մեկին այդ թիմը, բայց թողեք այն գործառույթը, ինչի համար ստեղծվել է թիմը, այդ ժամանակ նրան կտեսնեք Առաջին խմբում։

Կարո՞ղ ենք ասել, որ ֆեդերացիան զարգանում է ճիշտ ուղղությամբ ու ծախսում է իր բոլոր ռեսուրսները իսկապես անհրաժեշտ ոլորտների վրա։

- Չգիտեմ, դու ցանկանում ես ինձ աուդիտոր դարձնել, անկեղծորեն չգիտեմ, բայց գիտեմ՝ որտեղից է ծնվում հարցը։ Երբ դու, ես, նա, նրանք ինչ-որ մեկին անձամբ մեղադրում ենք ինչ-որ բանում, մենք պետք է կամ փաստաթղթերը դնենք սեղանին, կամ բանտում հայտնվենք, եթե ճիշտ չլինենք։ Հասկանում եմ՝ որտեղից է ծնվում հարցը, դրա համար այդպես եմ պատասխանում։ Երբ Սողոմոնյանը խոսում է Մելիքբեկյանի կամ էլի ինչ-որ մեկի կոռուպցիայի մասին, պետք է ասել՝ գնա ստուգող հանձնաժողով, դիր փաստաթղթերը սեղանին և վերջ։ Դու ղեկավա՞ր ես, թե շուկայի տատիկ։ Գնա ստուգող հանձնաժողով, ասա՝ ահա փաստաթղթերը, նա կոռումպացված է, նա պետք է նստի, ու հետո գնացեք դատարան։ Իսկ երբ դու հենց այնպես ես ասում, դա ոչինչ է։ Եթե լինեն փաստեր, պետք չէ ասել, գնա ու ցույց տուր։

Կա՞ն այլ հարցեր այս թեմայի հետ կապված, եթե ոչ, ես չեմ էլ ուզում այլ բան խոսել, որովհետև ինձ դուր չի գալիս դա։

- Նախորդ տարվա դեկտեմբերին ՀՀ կառավարությունը 5 մլրդ դրամ հատկացրեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային նոր ենթակառուցվածքների համար։ Հետաքրքրում է Ձեր կարծիքը այս մասին:

- Ես ուզում էի խոսել այս մասին, բայց մոռացել էի։ Կտրականապես դեմ եմ, հետո կասեք՝ որտեղ է ֆեդերացիան ճիշտ, որտեղ ոչ, չգիտեմ այս դեպքում ավելի շատ ֆեդերացիան է թե կառավարությունը, բայց ես չեմ կարծում, որ կառավարությունում, կան մարդիկ, որոնք շատ լավ գիտեն ֆուտբոլը, բայց այդ գործողությունը ծայրաստիճան սխալ եմ համարում։ Գումար պետք է ստանա նա, ով անմիջականորեն զբաղվում է ֆուտբոլով, և այդ 5 մլրդ-ը կամ որքան որ հատկացվել է, պետք է բաժանվեր ակումբներին, իսկ ֆեդերացիան կամ մեկ այլ մարմին ակումբների հետ համաձայնագիր կազմեր, թե ուր կուղղի տվյալ ակումբն այդ գումարները՝ կառուցապատմանը, լուսավորությանը, նրան, ինչին հարմար է, ու ինչը օգուտ կբերի ֆուտբոլին, բայց դա պետք է արվի ոչ ֆեդերացիայի կողմից, ու դրանում ես խորը համոզմունք ունեմ։

- Մարդկանց մեջ կարծիք կա, որ առանց դրսի օգնության՝ ակնարկելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի աջակցության մասին, այս մրցաշրջանն այդքան հաջող չէր լինի «Ուրարտուի» համար։ Ինչպե՞ս կմեկնաբանեք:

- Այն ավելի հաջող կլիներ։ Պատասխանեցի՞ հարցիդ։ Եթե որևէ մեկը խոսում է աջակցության մասին, թող հիշի հետևյալը․ ինչի՞ց սկսվեցին սկանդալները՝ Կուդրյաշովի դեպքից, նա է մեղավոր ամեն ինչում։ Բոլորը մտածում են, և ամենակարևորը որ մեր մրցակիցներն են այդպես մտածում, բայց դա ամենևին էլ այդպես չէ։ Կուդրյաշովը խախտել է կանոնները՝ որպես մարզիչ, չեմ հիշում՝ որ խաղում էր, բայց ամսաթիվը կարող եմ ասել, րոպեն նույնիսկ կասեմ՝ 35-րդ րոպեին, «Արարատ-Արմենիայի» հետ խաղում, նա հայհոյանք օգտագործեց, որի համար կարմիր քարտ ստացավ։

Ֆուտբոլի ֆեդերացիան հատուկ կայք է ստեղծել, հարթակ, այսպես ասած՝ FMS-ը, որին, ով պատասխանատու է ակումբում հայտացուցակի և այլնի համար, պարտավոր է հետևել։ Ինքս գաղափար չունեի այդ FMS-ի մասին, մինչև չպատմեցին։ Այդ կայքում խաղից հետո նշված է եղել Կուդրյաշովի պատիժը՝ որակազրկում 1 խաղով։ Կա, նշանակում է պետք է կատարենք։ Կարծեմ այդ խախտումը տեղի ունեցավ հոկտեմբերի 9-ին, 2 օր անց՝ 11-ին, տեղի է ունենում Ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական նիստը, որտեղ մի շարք հարցեր են քննարկվում, բայց Կուդրյաշովի մասին՝ ոչ մի բառ անգամ չկար։ Ամսի 15-ին «Շիրակի» հետ հանդիպումն էր, և մենք՝ որպես օրինապաշտ, չենք հայտավորում, ու այդ խաղին պահեստայինների նստարանին Կուդրյաշովը չի հայտնվում։ Իսկ հոկտեմբերի 20-ին, արդեն 10-11 օր անցել էր, ընդունվում է իմ տեսանկյունից անհավանական մի որոշում, երբ նա արդեն կրել էր իր պատիժը, ու ինչպես հայտնի է ողջ աշխարհի իրավական դաշտում, միևնույն մեղադրանքի համար 2 անգամ պատիժ չեն կրում, առաջ է գալիս նոր որոշում, ըստ որի, նա ևս 3 խաղ պետք է որակազրկվեր։ Բայց մենք կարգապահ մարդիկ ենք, խոսքս իմ ակումբի մասին է, ու կատարող: Այնքան տարօրինակ էր գրվել որոշումը, որ դժվար էր գլուխ հանել, բայց դա մեր խնդիրը չէ։ Մենք միայն կարդում ենք այն, ինչում մեզ մեղադրել են։ Այդ որոշումից չէիր հասկանա՝ որակազրկել են նրան ամսի 9-ին ու միայն այդ օրը թե ոչ, այդպիսի անհասկանալի որոշում էր։ Բացի այդ, ասացի, որ նա կրել է պատիժը, բաց է թողել խաղը, որը նշված էր եղել FMS-ում։ Նախևառաջ, 11 օր անց ընդունվեց այդ որոշումը, նրանք հավաքվել էին 2 օր անց, բայց երևի այնքան զբաղված էին, որ այդ օրը ոչինչ չքննարկվեց, այնուհետև այլ որոշում ընդունեցին, բողոքարկեցինք, ներկայացրինք բոլոր փաստաթղթերը։ Ի դեպ, նաև կայքից հանեցին այն մասը, որ Կուդրյաշովը մեկ խաղով որակազրկվում է։ Փառք ու պատիվ մեր աշխատակցին, որը սքրինշոթ էր արել ու մենք դա ցույց տվեցինք։ Այժմ ես հարց եմ տալիս՝ ո՞վ էր մեղավոր, իհարկե՝ ոչ մենք։ Ու մենք հետևեցինք այդ որակազրկմանը, որն ի սկզբանե եղել էր կայքում։ Ահա և ամբողջ պատմությունը։

Իսկ Ձեզ հետ խոսե՞լ էին որոշումից առաջ։

- Ես ինքս չխոսեցի, ասացի՝ իրավունքը ձերն է, բայց ես կգնամ որտեղ հարկն է՝ Լոզան, մինչև իսկ ֆեդերացիայի լուծարում։ Ըստ իս, այստեղ ֆեդերացիայի մեղքի մեծ բաժինը կա, պետք է կարողանալ խոստովանել սեփական սխալները, այդ ժամանակ չէր լինի այս աղմուկը։ Պետք է անկեղծորեն խոստովանել։ Ինձ ասեցին՝ կհեռացնենք աշխատանքից ինչ-որ մեկին բայց սա ինձ պետք չէր, եթե մարդը սխալվել է, նոր աշխատող է, դա այլ հարց է, եթե արել է հատուկ՝ այլ հարց, ահա թե ինչումն է հարցի էությունը։ Եթե նախորդ հարցերի դեպքում ես ասում էի, որ սա իմ կարծիքն է, ապա այս դեպքում այն է, ինչ կա: Ասացվածք կա՝ «Ձայնը լսում եմ, բայց չգիտեմ՝ որտեղից է այն գալիս»: Եթե մեկին ինչ-որ բան է թվում, խաչակնքվեք:

Ջևան Կրիկորովիչ, բոլորը գիտեն, որ երկար տարիներ է ցանկություն ունեք մարզադաշտ կառուցել Հայաստանում՝ Երևանում։ Հիմա ի՞նչ փուլում է այն։

- Ես ստադիոն եմ կառուցել Ռուսաստանի «Արմավիր» քաղաքում՝ չնայած իշխանությունների հակազդեցութանը, այնտեղ ոչ ոք դեմ չէ, բոլորը կողմ են, իսկ հող ինչպես չկար, այնպես էլ հիմա չկա։

- Ինչու՞մն է պատճառը։

- Ես չգիտեմ։ Երկրում չկա կառավարական համակարգ, սա է գլխավոր դժբախտությունը։ Ընդ որում, հավաքվում են խելացի մարդիկ ու ասում՝ Դուք գիտե՞ք՝ որքան արժի այդ հողատարածքը, ինձ համար սկզբունքային հարց է։ Ասում եմ՝ ես չեմ պատրաստվում գնել այդ տարածքը, բայց ես ձեզ կտամ (այն ժամանակ դեռ պատերազմ էր գնում) 500 բնակարան, կնվիրենք կառավարությանն այդքան բնակարան։ Ու երբ նրանք հարցնում էին՝ գիտե՞ք՝ որքան արժի, ես հարցնում էի թիվը, ու եթե 500 բնակարանը արժեքը հաշվեք մետր քառակուսու նվազագույն արժեքով, կրկնակի թանկ կլինի այդ հողատարածքի արժեքից։ Ես ասացի՝ կառավարությանը գումար չեմ տա, դա ճիշտ չէ, իսկ դուք պետք է տաք հողը ու կատարեք որոշակի պարտավորություններ։ Ամբողջ աշխարհում ղեկավարությունը պարտավոր է ենթակառուցվածներ ստեղծել, ինչ է կատարվում հիմա։ Ես շինարար չեմ, բայց 0-ից մասնակցել եմ 2 քաղաքի շինարարության, Սիբիրում։ Բայց երբ սկսում եմ բացատրել, ցավոք, քչերն են հասկանում ինձ, ու սա ամենից շատն է հուսալքում։ Որպեսզի չմտածեք, որ ես քաղաքականությամբ եմ զբաղվում, Սերժ Սարգսյանի ժամանակ ավելի շատ չէին հասկանում։

- Դուք նաև ցանկանում եք կառուցել փակ մարզադաշտ (փակ դաշտ/արենա), որքան գիտենք, դուք ինքներդ եք գտել տարածքը և արդեն նախագիծ եք առաջարկել։ Ի՞նչ փուլում է այս գործընթացը։

- Ես ցանկանում եմ ստեղծել փակ դաշտ, ոչ թե մարզադաշտ։ Դա վերջերս էր, հիմա դժվար է ինչ-որ մեկին որևէ բանում մեղադրել, ինչպես ինձ են ասում՝ հարցն ուսումնասիրվում է, կսպասենք։

- 2022 թվականի հոկտեմբերին ակումբի 30-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում բացվեց Հայաստանում առաջին ակումբային թանգարանը՝ «Ուրարտու» ՖԱ թանգարանը, որը ոչ միայն ակումբի, այլև հայկական ֆուտբոլի պատմությունն է կրում։ Կպատմե՞ք, թե որքանով է կարևոր թանգարան ունենալն ու ինչպե՞ս առաջացավ դրա ստեղծման գաղափարը։

- Երբ ես եկա «Ուրարտու», ես հասկացա, որ չկա թանգարան, ու նաև հասկացա, որ այդ գաղափարն արագ իրագործվող չէ, ու ժամանակ է հարկավոր։ Ժամանակը եկավ, մենք այն համընկեցրինք 30-ամյակի հետ, բացեցինք թանգարանը։ Չի կարող լինել նորմալ, լիարժեք ֆուտբոլային ակումբ առանց թանգարանի։ Երեխաները, որոնք գալիս են, պետք է իմանան՝ ուր են եկել ու սա ինչ է։ Եվ իրենց, և նրանց հոգում, ովքեր այս ակումբում են։

- 2022 թվականի դեկտեմբերից «Փյունիկ» ՖԱ նախագահ Արթուր Սողոմոնյանը բազմաթիվ հարցազրույցներ է տվել, որոնցում մեղադրանքներ են հնչել ֆեդերացիայի հասցեին և ոչ միայն։ Ի՞նչ կասեք այս մասին։

- Մի մասին պատասխանեցի արդեն, ինձ շատ զարմացրեց, երբ նա սկսեց ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին մեղադրել կոռուպցիայի մեջ, ինձ համար դա անհեթեթություն է։ Մեղադրանք ներկայացնել կարող է կամ քննչական կոմիտեն կամ համապատասխան մարմինները։ Եթե փաստեր ունես, գնա ու ցույց տուր, ոչ թե խոսիր։ Բայց սա մի հարց է։ «Փյունիկի» կամ վերջին՝ «Արարատի» հետ խաղից հետո նա հարցազրույց տվեց, արդեն ռուսերենով, թարգմանության կարիք չունեի, ասածի իմաստն այն էր, որ ֆեդերացիային մեղավոր է նրանում, որ «Փյունիկն» ինչ-որ բան չի հաղթել, քանի որ չեն տրամադրել մարզումային խաղադաշտեր: Չգիտեմ՝ ինչ է պարտավոր ֆեդերացիան, բայց գիտեմ, որ նրանք ունեն բազա, ու նա արդեն 5 տարի է՝ այդ բազայի սեփականատերն է, ինքս եմ նպաստել դրան։ Նա ոչինչ այնտեղ չի արել 5 տարիների ընթացքում՝ կոսմետիկ վերանորոգում, ու իր դիմանկարն է կախված։ Ինչի մասին կարելի է խոսել․ մենք վերանորոգել ենք բոլոր խաղադաշտերն այստեղ՝ մարզումային, ստադիոնի։ Իսկ խաղադաշտ վերանորոգելը պարզապես «ճանապարհ գցել» չէ, դա բավական ծախսատար ու ճարտարապետության տեսանկյունից մեծ աշխատանք է, պետք է կատարել ջրահեռացում ու շատ այլ բաներ նախքան հանդիսատեսը կտեսնի դաշտը, պետք է ջրել այն: Մեզ մոտ՝ եզակին երկրում, ջրելու հնարավորություն կա նաև արհեստական խաղադաշտերում։ Բոլորն ասում են՝ ինչի՞ համար է պետք արհեստական խոտածածկով դաշտում դա, իսկ ես ասում եմ՝ երեխան չպետք է խաղա փոշու մեջ, նա չպետք է խաղա այրված արհեստական դաշտում, հանուն նրանց ենք մենք անում դա։ Իր հարցազրույցներում նա շատ է վիրավորել «Ուրարտուին», ոչ մի անգամ ոչ-ոքի չեմ պատասխանել, հիմա ասում եմ բոլորին, ովքեր չեն սիրում «Ուրարտուն» կամ միգուցե ատում են, նրանց իրավունքն է, բայց մենք եղել ենք, կանք ու կլինենք՝ ի բարօրություն հայկական ֆուտբոլի, բոլորդ հիշեք։ Այսքանով փակենք թեման։

- Շուտով կլրանա 10 տարին այն պահից, երբ միացաք «Ուրարտուին», հետաքրքիր է Ձեր կարծիքը, հասցրե՞լ եք ստեղծել լիարժեք ակումբ որպես այդպիսին։ Ձևավորվա՞ծ է ակումբի կազմակերպչական կառուցվածքը։

- Մենք նշանակալիորեն առաջ ենք գնացել, ավարտե՞լ ենք մենք, ոչ, եթե այո, ապա կարելի է փակել ակումբը ու հեռանալ բոլորին։ Սա երբեք չի վերջանա, կյանքը շարունակվում է, ինչպես դու ես ասում։ Ամեն դեպքում իմ օրոք այլ կերպ չի լինելու։ Մենք մշտապես առաջ ենք շարժվելու։ Ի՞նչ է «Ուրարտուն»․ հնագույն երկիր է, ի՞նչ է «Ուրարտուն» մեզ համար․ այն մեր տունն է, տանն ամեն ինչ լինում է, բայց այդ ամենը պետք է մնա տանը, իսկ արտաքին տեսքից այն պետք է խնամված ու հյուրերի համար հաճելի լինի, մենք պետք է այդպիսին լինենք։