Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒԻ» ՄՐՑԱԿԻՑԸ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱՅՈՒՄ՝ ՄՈՍՏԱՐԻ «ԶՐԻՆՍԿԻ»

21/06/2023

ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի, 2023/24 մրցաշրջանի որակավորման առաջին փուլում «Ուրարտուին» բաժին հասավ Բոսնիայի և Հերցեգովինայի չեմպիոն Մոստարի «Զրինսկին»։ Մի փոքր ծանոթանանք Մոստարը ներկայացնող ակումբին․

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Մոստար քաղաքը գտնվում է Ներետվա գետի վրա և համարվում է երկրի հինգերորդ ամենամեծ քաղաքը։ Քաղաքի և ամբողջ երկրի գլխավոր խորհրդանիշներից է համարվում 16-րդ դարում կառուցված Հին կամուրջը, որը ավերվել է հարավսլավական պատերազմների ժամանակ և վերականգնվել 2000-ականներին։ Երկրորդ խորհրդանիշը, անկասկած, համարվում է «Զրինսկի» և «Վելեժ» ակումբների դերբին։ Պայմանականորեն քաղաքը բաժանված է երկու մասի՝ բնակեցված տարբեր էթնիկ և կրոնական համայնքներից՝ բոսնիացի մուսուլմաններ և խորվաթ կաթոլիկներ։

Մոստարը Բոսնիա և Հերցեգովինայի ամենամեծ բնակչությունն ունեցող քաղաքն է։ 1992-1995 թվականներին Բոսնիայում պատերազմից հետո Բոսնիա և Հերցեգովինայի դեմոգրաֆիկ պատկերը փոխվել է։ Բնակչությունը կազմում է 105 448 բնակիչ։

ԱԿՈՒՄԲԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

«Զրինսկին» Բոսնիայի ամենահին ակումբներից մեկն է։ Ստեղծվել է 1905 թվականին (հետագայում հանդես է եկել Բոսնիայի և Հերցեգովինայի առաջնությունում* Նույնիսկ ակումբի տարբերանշանի վրա է Խորվաթիայի ազգային դրոշի գույները*)։ Ակումբը հանդես էր գալիս Խորվաթիայի ֆուտբոլային լիգայում իսկ երկրորդ համաշխարհային պատերազից հետո լուծարվեց։ «Զրինսկի» ակումբը 47 տարի գոյություն չի ունեցել, բայց Բոսնիա և Հերցեգովինա անկախ պետության ստեղծումից հետո ակումբը վերադարձրին։

2000 թվականին ստեղծվեց Բոսնիա և Հերցեգովինայի ֆուտբոլի Պրեմիեր-լիգան։ Սկզբում առաջնությունում խաղում էին միայն բոսնիական և խորվաթական թիմերը։ 2000 թվականի ամռանը «Զրինսկին» առաջին անգամ մասնակցեց ՈՒԵՖԱ-ի մրցաշարին։ Ինտերտոտոյի գավաթի առաջին փուլում նա պարտվեց շվեդական «Վեստրեյին» (2-1,0-1): 2005 թվականին «Զրինսկին» նշեց իր 100-ամյակը։

23 տարի մասնակցելով Բոսնիա և Հերցեգովինայի բարձրագույն առաջնությանը՝ «Զրինսկին» ճանաչվել է հաղթող 8 անգամ։ 2022/23 մրցաշրջանում Մոստարը ներկայացնող թիմը, ինչպես և «Ուրարտուն», գրանցեց ակումբի համար պատմական արդյունք՝ նվաճելով ոսկե դուբլ։ Նախորդ անգամ «Զրինսկին» գավաթակիր դարձել էր 2007/08 մրցաշրջանում։

Բոսնիական ակումբը եվրագավաթներին մասնակցել է 14 անգամ։ Լավագույն արդյունքը «Զրինսկին» գրանցել է նախորդ առաջնությունում։ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում պարտվելուց հետո թիմը շարունակել է պայքարը Կոնֆերենցիաների լիգայում՝ հասնելով փլեյ-օֆֆ փուլ։ Որոշիչ խաղում նրանք 11-մետրանոցներով զիջեցին Բրատիսլավայի «Սլովանին»։ Եվրագավաթային ճանապարհին «Զրինսկին» մեկ անգամ հանդիպել է նաև հայկական ակումբի։ 2015/16 մրցաշրջանում բոսնիացիները Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում 2-3 հաշվով զիջել էին Գյումրիի «Շիրակին»։

«Զրինսկիի» կազմում հանդես է եկել նաև մեր օրերի լավագույն  ֆուտբոլիստներից մեկը՝ 2018 թվականի «Ոսկե Գնդակի» հաղթող Լուկա Մոդրիչը, որը 2005 թվականին դարձել էր թիմի լավագույն ֆուտբոլիստ։

ՍՏԱԴԻՈՆ

«Զրինսկիի» տնային խաղերն անցնում են «Զրինսկի» ստադիոնում։ Ստադիոնը գտնվում է Ներետվա գետի աջ ափին և կառուցվել է 1971 թվականին։ Այն տեղավորում է 25․000 հանդիսական, որից 9000՝ նստարաններով։ Այն համարվում է երկրի չորրորդ ամենամեծ ստադիոնը։

Նշենք, որ Չեմպիոնների լիգայի 2023/24 մրցաշրջանի որակավորման առաջին փուլի առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 11-ին «Ուրարտու» մարզադաշտում և կմեկնարկի 19։00-ին, իսկ պատասխան խաղը՝ հուլիսի 18-ին կամ 19-ին Բոսնիա և Հերցեգովինայում։