Not Selected

ՉԼ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՓՈՒԼԻ ԱՌԱՋԻՆ ԽԱՂՈՒՄ ԶԻՋԵՑԻՆՔ ԲՈՍՆԻԱԿԱՆ «ԶՐԻՆՍԿԻԻՆ»

11/07/2023

Հուլիսի 11-ին «Ուրարտուն» սկսեց պայքարը Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին խմբում:

Սեփական հարկի տակ կայացած առաջին խաղում մեր թիմը նվազագույն հաշվով զիջեց բոսնիական «Զրինսկիին»: Հյուրերի կազմում գոլի հեղինակ դարձավ Մատեի Սենիչը:

Առաջին խաղակեսը ակտիվ չէր. գրոհները քիչ էին, վտանգավոր գործողություններով էլ թիմերը քիչ էին աչքի ընկնում: Մրցակիցը փորձում էր մի քանի դրվագում հաջողության բանալի փնտրել, բայց մեր պաշտպանները վստահ էին գործում: «Զրինսկին» առաջին կեսում հաշիվը բացելու լավ հնարավորություն ունեցավ 36-րդ րոպեին, երբ Մատիա Մալենկինուշիչի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին: Խաղակեսի վերջին րոպեին էլ լավ իրավիճակում հայտված Մարկոս Ժունիորի հարվածից հետո գնդակը մի փոքր շեղությամբ ընթացավ: Արդյունքում ընդմիջման գնացինք 0-0 հաշվով:

Երկրորդ Խաղակեսում Գունկոյի տղաները սկսեցին իրենց խաղը ցուցադրել: Անհամեմատ ավելի վստահ էին գործում, իսկ ստեղծած պահերով բավական մեծ վտանգ ներկայացնում բոսնիացիներին: 54-րդ րոպեին թիմը տուգանայինի իրավունք վաստակեց, որն իրացրեց Ժիրայր Մարգարյանը: Ցավոք, մեր ավագի հարվածից հետո գնդակը դիպավ հորիզոնական դարպասաձողին: Այնուհետև երկու լավ հնարավորություն ունեցավ Ուգոչուկվու Իվուն, բայց նիգերացի կիսապաշտպանի փորձերն անհաջող էին: «Զրինսկին» սկսել էր հակագրոհների միջոցով հասնել մեր տուգանային, սակայն ապարդյուն:

77-րդ րոպեին ամենաիրական պահերից մեկը բաց թողեցինք. Փոխարինման մտած Յայա Սանոգոն նպաստավոր դիրքից գնդակն ուղարկեց դարպասապահի գիրկը: Բազմաթիվ պահեր բաց թողնելուց հետո «Զրինսկին» 89-րդ րոպեին հաջողության հասավ անկյունայինի խաղարկումից: Հաշիվը բացեց Մատեի Սենիչը: Բոսնիացիները հաղթական հաշիվը պահպանեցին մինչև հանդիպման ավարտը:

Հիշեցնենք, որ պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 18-ին, Բոսնիա և Հերցեգովինայում:

«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ԶՐԻՆՍԿԻ» 0-1

0-1 Մատեի Սենիչ (89')

«ՈՒՐԱՐՏՈՒ». 42. Ալեքսանդր Մելիխով, 2. Նանա Անտվի, 3. Էրիկ Փիլոյան, 4. Եվհենիի Ցիմբալյուկ, 88. Ժիրայր Մարգարյան (ա), 8. Ուգոչուկվու Իվու, 5. Դրաման Սալու, 33. Մարկոս Ժունիոր, 11. Նարեկ Գրիգորյան, 55. Արտյոմ Մաքսիմենկո, 18. Լեոն Սաբուա: 

Պահեստայիններ` 31. Դմիտրի Աբակումով, 13. Իվան Զոտկո, 16. Իսաակ Բարրի, 20. Պերիշ Պեշուկիչ, 9. Նարեկ Աղասարյան, 17. Էդուարդո, 22. Միքայել Միրզոյան, 23. Արաս Օզբիլիզ, 28. Պավել Մոգիլևեց, 10. Կարեն Մելքոնյան, 90. Օլեգ Պոլյակով, 99. Յայա Սանոգո: 

«ԶՐԻՆՍԿԻ»․ 35. Մարկո Մարիչ, 2. Լուկա Մարին, 4. Հրվոյե Բարիշիչ, 5. Դարիո Ջանաջիա, 6. Ջոսիփ Չոռլուկա, 17. Մատիա Մալենկինուշիչ, 20. Անտոնիո Իվանչիիչ, 23. Մատո Ստանիչ, 91. Մարիո Տիկինովիչ, 95. Մատեի Սենիչ, 99. Նեմանիա Բիլբիա (ա):

Պահեստայիններ՝ 1. Լուկա Պրշլյա, 12. Անտոնիո Սոլդո, 8. Դամիր Զլոմիսիչ, 10. Կիշ Տոմիսլավ, 19. Տարիկ Ռամիչ, 22. Ալդին Հրվանովիչ, 24. Պետր Միսիկ, 25. Մարիո Ճուժե, 50. Մեմիա Կերիմ, 93. Զվոնիմիլ Կոժուլ, 93. Մատեյ Սենիչ, 9. Ֆրանկո Սաբլիչ: