Not Selected

ՊԵՏՐՈՍ ՄԱՆՈՒԿՅԱՆ․ «ԿՐԿՆԱԿԻ ԵՌԱՆԴՈՎ ԵՄ ԱՇԽԱՏՈՒՄ ՈՒ ՓՈՐՁՈՒՄ ՀԵՏ ԲԵՐԵԼ ՄԱՐԶԱՎԻՃԱԿՍ»

06/07/2023

Մեր ակումբի սան Պետրոս Մանուկյանը տևական ժամանակ բացակայում էր ծանր վնասվածքի պատճառով։ Ֆուտբոլիստն անհատական ծրագրով մարզվելուց հետո արդեն միացել և նախապատրաստական շրջանն անցկացնում է «Ուրարտու-2»-ի կազմում։

ՎՆԱՍՎԱԾՔԻՑ ԱՊԱՔԻՆՎԵԼՈՒ ՈՒ ՄԱՐԶԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

«Վնասվածքս ստացել եմ երիտասարդական հավաքականի կազմում, խաչաձև կապանի վնասվածք էր, և մոտ 9 ամիս անհրաժեշտ եղավ վերականգնողական փուլն անցնելու համար: Փառք Աստծո, այս պահին ամեն ինչ կարգին է, թեև ինձ սկզբնական ժամանակահատվածում ասում էին, որ մոռանամ ֆուտբոլի մասին: Հիմա կամաց-կամաց, բայց փորձում եմ մարզավիճակ հավաքել, որպեսզի լիովին ինտեգրվեմ թիմին»:

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ի ՀԵՏ ՄԱՐԶՈՒՄՆԵՐԻ ՈՒ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ՓՈՒԼԻ ՄԱՍԻՆ

«Այս պահին մարզվում եմ «Ուրարտու 2»-ի կազմում, նախևառաջ մարզավիճակ ձեռք բերելու նպատակով, բացի այդ, որպեսզի նորից հնարավորություն ստանամ հանդես գալ գլխավոր թիմում, այնտեղ մարզվելու և խաղալու:

Նախապատրաստական շրջանը շատ լավ է անցնում, պատրաստվում ենք առավելագույնս կենտրոնացված, որպեսզի խաղի ժամանակ կարողանանք անել այն, ինչ ուզում է մարզիչը` արդյունքի հասնելու համար: Թիմը, ըստ իս, գտնվում է լավ վիճակում, նախատեսված են նաև ստուգողական հանդիպումներ, որոնք էլ կօգնեն ավելի պատրաստ մոտենալ առաջնությանը»:

ԳԼԽԱՎՈՐ ԹԻՄԻ ԿԱԶՄՈՒՄ ՀԱՆԴԵՍ ԳԱԼՈՒ ՈՒ ՎՆԱՍՎԱԾՔԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Հասցրել էի մարզվել ու նորամուտս նշել գլխավոր թիմի կազմում, իսկ դա յուրաքանչյուր ֆուտբոլիստի նպատակն է, դրա համար տարիների ջանք ու եռանդ է ներդրվում:

Բայց ամեն բան կարող է լինել, մեկ վնասվածքը կարող է փոշիացնել այն, ինչին երկար ժամանակ ձգտել ես հասնել։ Վնասվածն իր ազդեցությունը թողնում է` սկսում ես հետ վարժվել, բաց ես թողնում մարզումներ, հետ մնում մարզավիճակիցդ: 9 ամիսն էլ ֆուտբոլում բավական երկար ժամանակահատված է, հիմա անում եմ ամեն ինչ, կրկնակի եռանդով, որպեսզի շուտ վերադառնամ մարզավիճակիս։ Կփորձեմ ջանքեր ներդնել և կրկին վերադառնալ գլխավոր թիմ և այնտեղ հանդես գալով օգնել իմ ակումբին»: