Not Selected

ՔԱՄԲԵՔ ԵՎ ՀԱՂԹԱՆԱԿ «ՎԵՍՏ ԱՐՄԵՆԻԱՅԻ» ՀԵՏ ԱՐՏԱԳՆԱ ԽԱՂՈՒՄ

01/09/2023

IDBank Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի շրջանակում «Ուրարտուն» հյուրի կարգավիճակում մրցեց «Վեստ Արմենիայի» հետ։ Հանդիպումն ավարտվեց մեր թիմի կամային հաղթանակով՝ 5-2 հաշվով։ «Ուրարտուի» կազմից հեթ-թրիկի հեղինակ դարձավ Թեմուր Ջիկիան, իսկ մեկական անգամ աչքի ընկան Լեոն Սաբուան և Արտյոմ Մաքսիմենկոն, իսկ մրցակցի կազմում գոլեր հեղինակեցին Սարգիս Մեթոյանն ու Արտեմ Գևորգյանը։

«Վեստ Արմենիայի» հետ ID­­ Bank Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի արտագնա հանդիպումը մեր թիմի համար անհաջող սկսվեց: 3-րդ րոպեին մրցավարը նշանակեց տուգանային հարված «Ուրարտուի» դարպասին: Հարվածը չստացվեց, սակայն տուգանային հրապարակի ներսում ամենից արագը կողմնորոշվեց Սարգիս Մեթոյանը` գնդակն ուղարկելով մեր թիմի դարպասը:

Բաց թողած գոլից հետո «Ուրարտուն» չկարողացավ արագ հետ գալ. խանգարում էր շոգ եղանակն ու արհեստական խոտածածկի հանգամանքը: Իսկ մրցակիցը 20-րդ րոպեին կարող էր կրկնապատկել հաշիվը, սակայն Անդրե Լիմայի դեմ մեն-մենակ մնացած Մելիխովը փրկեց «Ուրարտուին»:

Մեր տղաներն արթնացան միայն 30-րդ րոպեին: հեռահար հարվածով հաջողությանը մոտ էր Օլեգ Պոլյակովը, սակայն հարվածը բարձր ստացվեց: 2 րոպե անց մրցակցին փրկեց արդեն Գոռ Մանուկյանը, որը հեռացրեց գնդակն անկյունային Էդուարդոյի հարվածից հետո: Եվս 4 րոպե անց վտանգավոր պահ մրցակցի դարպասի մոտ ստեղծեց Դրաման Սալուն, բայց հաջողությունը դարձյալ «Վեստ Արմենիայի» կողմն էր: 37-րդ րոպեին գնդակն այնուամենայնիվ հայտնվեց Գոռ Մանուկյանի դարպասում, սակայն մրցավարը դարպասի գրավում չարձանագրեց` խաղից դուրս վիճակի պատճառով: Առաջին խաղակեսում հաշիվը մնաց անփոփոխ, և թիմերն ընդմիջման գնացին տանտերերի նվազագույն առավելությամբ։

Երկրորդ խաղակեսի սկզբնամասում մեր տղաները բավական վտանգավոր գրոհներ էին ձեռնարկում, որոնցից մեկի ժամանակ մրցակիցը սեփական տուգանայինում կանոնների խախտում թույլ տվեց, ինչի համար պատժվեց մրցավարի կողմից նշանակված 11-մետրանոցով։ 52-րդ րոպեին Լեոն Սաբուան, որն այսօր նշում էր ծննդյան տարեդարձը, դիպուկ հարվածով հավասարեցրեց հաշիվը։ 61-րդ րոպեին «Վեստ Արմենիայի» ֆուտբոլիստը նպաստավոր դիրքից հարված կատարեց, որն իր վրա ընդունեց Ալեքսանդր Մելիխովը։

71-րդ րոպեին հերթական գրոհի ժամանակ Լեոն Սաբուայի փոխանցումից հետո մեր թիմին առաջ մղեց Թեմուր Ջիկիան։ Շատ չանցած՝ ֆուտբոլիստը ևս մեկ լավ պահ ունեցավ, սակայն հարվածից հետո գնդակը հետ մղեց դարպասապահ Գոռ Մանուկյանը։

85-րդ րոպեին մեր դարպասին մրցավարը 11-մետրանոց նշանակեց։ Էրիկ Կարապետյանի հարվածից հետո գնդակը հետ մղեց Ալեքսանդր Մելիխովը, սակայն մրցավարը կանոնների խախտում տեսավ և կրկնել տվեց հարվածը։ Այս անգամ Արտեմ Գևորգյանը դիպուկ գտնվեց և հավասարեցրեց հաշիվը։ Պատասխան գրոհի ժամանակ 11-մետրանոց նշանակվեց արդեն տանտերերի դարպասին, որն իրացրեց Թեմուր Ջիկիան՝ ձևակերպելով դուբլ։ Այսքանով ամեն ինչ չավարտվեց․ մեր տղաներըն այս խաղի 3-րդ 11-մետրանոցը վաստակեցին․ Թեմուր Ջիկիան դասական հեթ-տրիկ գրանցեց՝ հաշիվը դարձնելով 2-4: Ավելացված ժամանակում էլ փոխարինման մտած Արտյոմ Մաքսիմենկոն ինքը վաստակեց, ինքն  էլ իրացրեց խաղում վերջին գոլն ու 11-մետրանոցը՝ 2-5:

Նշենք, որ առջևում հավաքականների ելույթներով պայմանավորված միջազգային դադարն է, որից հետո հյուրի կարգավիճակում կմրցենք «Ալաշկերտի» հետ։ Սեպտեմբերի 15-ին հանդիպումը կմեկնարկի 17:00-ին։

«ՎԵՍՏ ԱՐՄԵՆԻԱ» - «ՈՒՐԱՐՏՈՒ» 2-5

«ՎԵՍՏ ԱՐՄԵՆԻԱ». 13. Գոռ Մանուկյան, 10. Արտեմ Գևորգյան (ա), 31. Վլադիմիր Խարատյան, 69. Մաքս Ձիով, 19. Սարգիս Մեթոյան, 2. Յուրի Մարտիրոսյան, 8. Զալիմ Մակոև, 11. Զախար Տարասենկո, 4. Միխայիլ Ստրելնիկ, 88. Անդրե Լիմա, 99. Էյդիսոն Սուարես։

Պահեստայիններ՝  1. Խաչատուր Մանուկյան, 14. Ուֆուոմա Ջուլիուս, 9. Արամ Լոռեցյան, 3. Գագիկ Դաղբաշյան, 33. Էրիկ Կարապետյան, 16. Էրիկ Մվիջագե, 6. Վահրամ Մախսուդյան, 21. Սպարտակ Հայրապետյան, 30. Արթուր Ստեփանյան։ 

«ՈՒՐԱՐՏՈՒ». 42. Ալեքսանդր Մելիխով, 3. Էրիկ Փիլոյան, 4. Եվհենիի Ցիմբալյուկ (16. Իսաակ Բարրի 68'), 6. Արման Ղազարյան, 88. Ժիրայր Մարգարյան (ա), 5. Դրաման Սալու (28. Պավել Մոգիլևեց 68'), 9․ Նարեկ Աղասարյան, 17. Էդուարդո (23. Արաս Օզբիլիզ 81'), 22. Միքայել Միրզոյան, 18. Լեոն Սաբուա (55. Արտյոմ Մաքսիմենկո 81'), 90. Օլեգ Պոլյակով (77. Թեմուր Ջիկիա 46')։ 

Պահեստայիններ՝ 1. Մխիթար Ումրեյան, 31. Դմիտրի Աբակումով, 2. Նանա Անտվի, Իվան Զոտկո, 16. Իսաակ Բարրի, 24. Ուրոշ Ստոյանովիչ, 23. Արաս Օզբիլիզ, 28. Պավել Մոգիլևեց, 51. Գառնիկ Մինասյան, 19. Նիկոլայ Պրուդնիկով, 55. Արտյոմ Մաքսիմենկո, 77. Թեմուր Ջիկիա։