Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒՆ» 350-ՐԴ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՏՈՆԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

03/09/2023

ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ՝ 350-ՐԴ ՀԱՂԹԱՆԱԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

«Ուրարտուն» իր հոբելյանական՝ 350-րդ հաղթանակը Հայաստանի առաջնություններում տոնեց IDBank Հայաստանի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի՝ «Վեստ Արմենիայի» հետ խաղում (5-2): Այդ արդյունքին հասնելու համար մեր թիմից 717 խաղ պահանջվեց: 

Հայաստանի առաջնություններում առաջին հաղթանակի բերկրանքը մեր ֆուտբոլիստները վայելել են 1992թ. ապրիլի 19-ին Աբովյանում Երևանի «Նաիրիի» հետ կայացած մրցավեճում, որում «Բանանցը» 3 անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը: Դա անդրանիկ առաջնության 3-րդ տուրի հանդիպումն էր: Ի դեպ, հենց 1992թ. առաջնությունում էլ մեր թիմն իր պատմության մեջ մեկ մրցաշրջանում առավել շատ հաղթանակներ տոնեց՝ Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ անցկացրած 34 հանդիպումներից 28-ում (խաղերի 82,3 տոկոսը) պարտության մատնելով մրցակիցներին:

Հաղթանակների թվով երկրորդ լավագույն արդյունքն «Ուրարտուն» ցույց տվեց նախորդ առաջնությունում՝ Դմիտրի Գունկոյի գլխավորությամբ անցկացրած 36 հանդիպումներից հաղթելով 26-ը (խաղերի 72,2 տոկոսը):

Ամենախոշոր հաշվով հաղթանակն էլ (12-0) մեր թիմը գրանցել է 1992թ. առաջնությունում Երևանի «Կիլիկիայի» նկատմամբ: Հաջորդ մրցաշրջանում «Ուրարտուն» (նախկինում՝ «Բանանց») կրկնեց ամենախոշոր հաշվով հաղթանակի իր ռեկորդը՝ 13-1 հաշվով պարտության մատնելով Աշտարակի «Քասախին»:

300-ՐԴ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՇԵՄԸ ՀԱՏԵՑԻՆՔ 2020-ԻՆ

100-րդ հաղթանակը տոնելու համար «Բանանցից» ընդամենը 143 խաղ պահանջվեց: Այդ հոբելյանը մեր թիմը նշել է 2003թ. հուլիսի 12-ին՝ սեփական հարկի տակ 4 անպատասխան գնդակ ուղարկելով Արարատի «Արաքսի» դարպասը: Իսկ 200-րդ հաղթանակի հոբելյանը նշելու համար մեր թիմն ավելի երկար ճանապարհ անցավ՝ անցկացնելով 187 խաղ: Այն գրանցվեց 2010թ. ապրիլի 17-ին Կապանում «Գանձասարի» հետ կայացած խաղում (2-1), որում հաղթական գոլի հեղինակ դարձավ Արսեն Բալաբեկյանը:

Հաջորդ 100 հաղթանակը տոնելու և 300-րդ հաղթանակի հոբելյանը նշելու համար մեր ֆուտբոլիստներից էլ ավելի մեծ ջանքեր պահանջվեցին: Հարկ եղավ 291 խաղ անցկացնել: Դա տեղի ունեցավ 2020թ. սեպտեմբերի 13-ին «Ալաշկերտի» հետ կայացած խաղում (2-1), որում «Ուրարտուի» հաղթանակն ապահովեց Ջոնել Դեսիրեի դուբլը:

«Ուրարտուն» Հայաստանի առաջնություններում առավել հաճախ՝ 41 անգամ հաղթել է «Շիրակին» (88 խաղում, 46,5 տոկոսը): Երկրորդ ցուցանիշը գրանցվել է «Արարատի» հետ հանդիպումներում՝ 39 հաղթանակ 81 խաղում (48,1 տոկոսը): 

ԲԿՄԱ-ի նկատմամբ մեր թիմի գերազանցությունը բացահայտ է՝ բոլոր 9 հանդիպումներն էլ ավարտվել են «Ուրարտուի» հաղթանակով: «Վանի» հետ դիմակայությունում էլ «Ուրարտուն» լավագույնն է. հաղթել է 11 խաղերից 8-ում: «Նոային» մեր թիմը հաղթել է 18 հանդիպումներից 7-ում, «Արարատ-Արմենիայի» հետ անցկացրած 18 խաղերից 5-ն է ավարտվել «Ուրարտուի» հաղթանակով:

ԼԱՎԱԳՈՒՅՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ ԳՐԱՆՑԱԾ ՄԱՐԶԻՉՆԵՐԸ

Մեր թիմը գլխավորած մարզիչներից առավել հաջողակ է գտնվել Վարուժան Սուքիասյանը, որի գլխավորությամբ 1992-1994թթ. անցկացրած առաջնության 88 հանդիպումներից 67-ում (76,1 տոկոսը) նրա սաները հաղթել են: Տոնած հաղթանակների թվով լավագույն եռյակում են նաև Արմեն Գյուլբուդաղյանցը (41՝ 81 խաղում, 50,6 տոկոսը) և Հովհաննես Զանազանյանը (36-ը՝ 58 խաղում, 62 տոկոսը):

Բավական բարձր ցուցանիշ է գրանցել Դմիտրի Գունկոն, որի օրոք «Ուրարտուն» առաջնությունում անցկացրած 42 հանդիպումներից 30-ում (71,4 տոկոսը) հաղթել է: Հուսանք, որ առաջնության ավարտից հետո մեր թիմի ներկայիս գլխավոր մարզիչը հաղթանակների թվով կբարձրանա 2-րդ հորիզոնական: