Not Selected

ԼՈՒՔՄԱՆ ԳԻԼՄՈՐ․ «ԲՈԼՈՐՆ ԻՆՁ ԼԱՎ ԵՆ ԸՆԴՈՒՆԵԼ ԱՅՍՏԵՂ»

16/02/2024

Մեր թիմի նորեկ նիգերացի կիսապաշտպան Լուքման Գիլմորի հետ զրուցել ենք ակումբ տեղափոխվելուց հետո առաջին տպավորությունների, մարզչի հետ աշխատանքի և այլ թեմաների մասին․ 

ԱՌԱՋԻՆ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Ակումբի մասին առաջին տպավորություններս դրական են, բոլորն այստեղ ընկերասեր են։ Թիմն ինձ շատ լավ է ընդունել, ինչն էլ օգնում է, որպեսզի ես ավելի հեշտ ընտելանամ»: 

ԱՄԷ-ՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՎԱՔԻ ՄԱՍԻՆ

«Ուսումնամարզական հավաքը լավ անցավ։ Բոլորը գիտեն, որ հավաքների ընթացքում մարզումները բարդ և տեմպային են։ Մենք պետք է պատրաստվեինք առաջնության վերսկսմանը, խաղացինք մի քանի լավ հանդիպումներ։ Մարզիչները բացատրեցին մեր սխալները իսկ մենք փորձում էինք շտկել այն՝ պատրաստվելով առաջնությանը»: 

ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶՉԻ ՄԱՍԻՆ

«Ես խոսել եմ գլխավոր մարզչի հետ, նա շատ լավ մարդ է և շատ լավ ֆուտբոլիստներ է պատրաստում։ Կարծում եմ, որ նա լավագույններից է, երբ խոսքը գնում է մարդու մենեջմենթի մասին։ Դմիտրի Գունկոն այն մարզիչներից է, որը սիրում է խոսել, անդրադառնալ բոլոր դետալներին, միշտ հուշում է սխալների մասին և օգնում շտկել դրանք։ Նա շատ լավ մարզիչ է»։

ԱԿՈՒՄԲԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Երբ ես նոր եկա ակումբի բազա, չէի պատկերացնում որ այսքան մեծ կլինի և զարմացա որ տեսա այս կառույցը։ Այստեղ ամեն ինչ կա ֆուտբոլիստի համար՝ մարզասրահ, խաղադաշտեր, լողավազան։ Ամեն ինչ բարձր մակարդակի վրա է»։ 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ

«Ես կարծում եմ, որ Հայաստանը շատ լավ երկիր է, այստեղ մարդիկ սիրալիր են։ Մի քանի անգամ դուրս եմ եկել քաղաք, շատ գեղեցիկ է, մարդիկ միշտ փորձում են օգնել քեզ։ Կարծում եմ ապրելու համար շատ լավ երկիր է»։ 

ԻՐ ՄԱՐԶԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ 

«Ես պատրաստ եմ խաղալ, ես լավ մարզավիճակում եմ գտնվում և կարծում եմ, որ ամբողջությամբ պատրաստ եմ»։