Not Selected

ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԽԱՂՈՒՄ ԶԻՋԵՑԻՆՔ «ՉՈՆԲՈՒԿ ՀՅՈՒՆԴԱՅ ՄՈԹՈՐՍԻՆ»

02/02/2024

Արաբական Միացյալ Էմերիությունների հավաքի ընթացքում մեր թիմը երկրորդ ստուգողական հանդիպումն անցկացրեց, այս անգամ մրցելով հարավկորեական «Չոնբուկ Հյունդայ Մոթորսի» հետ։ Հանդիպումն ավարտվեց մրցակից հաղթանակով՝ 3-1 հաշվով։ Մեր թիմից միակ գոլը հեղինակեց Միքայել Միրզոյանը։

Ինչպես առաջին խաղում, այստեղ ևս թիմի գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն երկու խաղակեսերին դաշտ դուրս բերեց տարբեր կազմեր։ Առաջին կեսում ընթանում էր հավասար պայքար, երկու թիմերն էլ ավելի զգուշ ֆուտբոլ էին խաղում և փորձում էին գնդակի վերահսկողությունը վերցնել իրենց ձեռքը։ Հանդիպման 25-րդ րոպեին մեր թիմը առաջին լուրջ գրոհը ձեռնարկեց։ Աջ եզրից կատարած փոխանցումից հետո նպաստավոր դիրքում հայտնվեց Վլադիսլավ Պանտելեևը, սակայն նրա հարվածն ընթացավ դարպասաձողի կողքով։ Մրցակիցը ևս ակտիվ էր հարձակման գծում, բայց «Ուրարտուի» պաշտպանները հուսալի էին գործում։ Թիմերն ընդմիջման գնացին 0-0 հաշվի պայմաններում։

Երկրորդ խաղակեսը ավելի լավ դասավորվեց մրցակցի համար։ Հենց սկզբում հարավկորեական թիմը կարողացավ բացել հանդիպման հաշիվը։ Մոտ 30 մետր հեռավորության վրա նրանք ստացան տուգանային հարվածի իրավունք և ուղիղ հարվածով դարձան գոլի հեղինակ։ Անցավ ևս մի քանի րոպե և լուսատախտակի հաշիվը դարձավ 2-0։ Լուքման Գիլմորի սխալից օգտվեցին մրցակից թիմի ֆուտբոլիստները և գրավեցին Մելիխովի պաշտպանած դարպասը։ Խաղակեսի միջնամասում հաշիվը դարձավ նաև 3-0։ «Ուրարտուի» ֆուտբոլիստները խաղավերջում կարողացան մեկ գնդակ հետ բերել։ Գևորգ Տարախչյանի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Միքայել Միրզոյանը։ Հանդիպումն ավարտվեց 3-1 հաշվով՝ հօգուտ «Չոնբուկ Հյուդայ Մոթորսի»։

Հիշեցնենք, որ հաջորդ ստուգողական հանդիպումը կկայանա փետրվարի 5-ին։ «Ուրարտուի» մրցակիցը կլինի ռուսական «Տորբեդոն»։