Not Selected

ԴՄԻՏՐԻ ԳՈՒՆԿՈ․ «ՀՈՒՅՍ ՈՒՆԵՆՔ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՄՆԱՑԱԾ ՀԱՏՎԱԾՆ ԱՆՑԿԱՑՆԵԼ ՇԱՏ ԱՎԵԼԻ ԼԱՎ, ՔԱՆ ՄԵԿՆԱՐԿՆ ԷՐ»

29/02/2024

Մեր թիմի գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն ծավալուն հարցազրույց է տվել ակումբի մամուլի ծառայությանը, որի ժամանակ խոսել է ԱՄԷ-ում անցկացրած ուսումնամարզական հավաքի, ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում թիմին միացած ֆուտբոլիստների, առաջնությունում ելույթների և այլ թեմաների մասին․ 

ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՀԱՎԱՔՆԵՐԻ ՈՒ ԸՆՏՐՎՈՂ ՍՊԱՐԻՆԳ-ՄՐՑԱԿԻՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Երկրորդ տարին է՝ հավաք ենք անցկացնում Դուբայում՝ ավելի ճիշտ Միացյալ Էմիրությունների Աջման քաղաքում, շատ լավ բազա կա այնտեղ, հիանալի պայմաններ են հավաքի անցկացման համար։ Այն երկրորդ լիգայում հանդես եկող ֆուտբոլային ակումբի բազան է, և այնտեղ 2 հրաշալի դաշտ կա, 2 մարզասրահ՝ հենց մարզադաշտերին հարակից։ Իհարկե, հավաքների ժամանակ շատ կարևոր են սպարինգները, շատ փորձառու թիմեր կան, որոնք հենց Էմիրատներում են հավաքներ անցկացնում ու կարելի է ընտրել ցանկացած մրցակցի։ Մենք առաջնահերթությունն այդ խաղերում տալիս ենք ուժեղ մրցակիցներին և, ելնելով նրանից, թե ինչի վրա մենք պետք է աշխատենք, հենց դրա վրա էլ շեշտը դնում ենք։ Մենք չենք կարևորում արդյունքը, եթե մենք աշխատում ենք պաշտպանության վրա ու հասկանում ենք, որ մեր մրցակիցը հենց այնտեղ է գնդակ խլում մեզանից, ուրեմն մենք պատրաստվում ենք ու վերլուծում խաղը պաշտպանությունում, եթե մրցակիցը ունակ չէ մեզնից գնդակ խլել, մենք դա նույնպես դիտարկում ենք և արդեն կենտրոնանում հարձակումը կառուցելու վրա․ հենց այդ չափորոշիչներով էլ մենք գնահատում ենք մեր նախապատրաստությունը, այլ ոչ թե խաղերի արդյունքով»։

ՀԱՎԱՔԻՑ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Ընդհանուր առմամբ, այո, քանի որ արդեն երկրորդ տարին ենք նույն վայրում անցկացնում, ես լավ գիտեի՝ ինչ է մեզ սպասվում այնտեղ, ուստի բոլոր սպասելիքներն արդարացան, չհաշված որոշ նրբություններ, որոնք տեղի ունեցան։ Երկրորդ տարին մենք ֆուտբոլիստ կորցրինք խաղադաշտում, ցավոք, Ալեքսանդր Պուցկոն, ոտքի կոտրվածք ստացավ այնպիսի դրվագում, երբ դժվար էր դա մտածել, բայց ֆուտբոլն այդպիսին է, վնասվածքները ևս դրա բաղկացուցիչ մասն են»։

ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Մենք հասկանում էինք, որ այս առաջնությունն ավելի դժվար է լինելու, քան նախորդը։ Մենք մոտեցանք հստակ գիտակցմամբ, մեկ, թե ինչպես են տրամադրվելու թիմին, մեկ, թե ինչ կարգավիճակում է գտնվում թիմը, ուստի գիտեինք, որ դժվար է լինելու, այդպես էլ ստացվեց։ Պետք է երևի խոստովանել, որ մենք այդքան էլ չկարողացանք դիմակայել այն ճնշմանն ու վիճակին, որում թիմն էր, չնայած հասկանում էինք, որ հենց այդպիսի խնդիրներ էլ ունենալու ենք։ Բայց ֆուտբոլ է, ցանկանում էինք ավելին ու խաղում էինք ավելին, տեղ-տեղ մեր բախտը չէր բերում։ Ու նորից այն վնասվածքների շարանը, որը վրա հասավ առաջնության վերջին հատվածում, երբ ինչ-որ պահի մենք զրկվել էինք 11 ֆուտբոլիստից, բացի դրանից 2 ֆուտբոլիստ էլ որակազրվել էր թիմի ներսում ոչ սպորտային պահվածքի համար, այլ ոչ թե մրցակցի նկատմամբ, հիշում ենք այդ զավեշտալի դրվագը։ Բայց փաստն այն է, որ մենք չխաղացինք այնպես, ինչպես ծրագրում ու նախատեսում էինք։

Իհարկե, եզրակացություններ ենք արել առաջնության առաջին հատվածից հետո, շատ բան ենք փոխել ու թարմություն ենք մտցրել թիմում։ Հույս ունենք առաջնության մնացած հատվածն անցկացնել շատ ավելի լավ, քան մեկնարկն էր»։

ՄԱՐԿՈՍ ԺՈՒՆԻՈՐԻ ՈՒ ՅԱՅԱ ՍԱՆՈԳՈՅԻ ՀԵՌԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

«Մարկոսի ու Սանոգոյի հեռանալը նախատեսված չէր, դա նրչանց որոշումն էր։ Բավական երկար եմ զրուցել Մարկոսի հետ, ոչ մեկ անգամ բայց ընտանեկան խնդիրներ կային, հասկանում ենք՝ բրազիլացի են, արև, Բրազիլիա, իսկ այստեղ նրանց երևի այդքան էլ հարմար չէր, ու նա որոշեց կարիերան շարունակել հայրենիքում, մենք էլ հետևում ենք նրան ուրախությամբ։ Յայա Սանոգոն էլ որոշեց հեռանալ կրկին ընտանիքին առնչվող խնդիրներով, մենք նրան հասկացանք, ընդունեցինք։ Առաջնության ընթացքում էլ հեշտ չէր նրա համար, հաճախ էր մեկնում, ուշ վերադառնում, ու այդ խնդիրները ընտանիքի հետ էին կապված, կուտակվել էին նրա մոտ անսպասելիորեն, բայց դա կյանքն է»։

ՁՄԵՌԱՅԻՆ ՏՐԱՆՍՖԵՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Այս պահին մենք փակել ենք 7 դիրք, և տրանսֆերային պատուհանը թիմի համար փակ է։ Այն ինչ ցանկանում էինք, պլանավորում էինք, մենք արեցինք։

Մենք ունենք ֆուտբոլիստներ Ռուսաստանից, բայց մենք ունենք նաև ֆուտբոլիստներ Բուրկինա Ֆասոյից, Արգենտինայից, մենք ունենք ֆուտբոլիստներ Սերբիայից, Չեռնոգորիայից, Ուկրաինայից։ Գուցե ես ևս մի քանի այլ ազգություն ունեցող ֆուտբոլիստների բաց թողեցի, բայց բազմազգ կոլեկտիվ է, որտեղ կա լիովին մարզական մրցակցություն։ Բնականաբար ունենք հայեր, որոնք նախորդ տարի մեծ ներդրում ունեցան չեմպիոնությունն ու գավաթը նվաճելու հարցում, դա չի կարելի անտեսել։ Նրանք շատ կոշտ մրցակցության են մասնակցում, ու այդ մրցակցությունում նրանք աճ են գրանցում, մենք դա տեսնում ենք։ Դրա համար, մենք բազմազգ թիմ ենք։

Բնականաբար, եթե մարզիչը աշխատել է ֆուտբոլիստի հետ մինչև նոր թիմին միանալը, հասկանում է նրա դրական ու բացասական կողմերը, բնավորությունը, ոճը, ավելի հեշտ է պատկերացնել նրան թիմում, ավելի հեշտ է լինում նրան ամրապնդել խաղային համակարգում։ Դրա համար այստեղ կան դրական կողմեր, դա աներկբա է»։

ԴԵՆԻՍ ԳԼՈՒՇԱԿՈՎԻ՝ ԹԻՄԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

«Դենիս Գլուշակովն այն ֆուտբոլիստն է, որին ես ճանաչում եմ ու ճանաչում շատ վաղուց։ Ավելին ասեմ, գլխավորելով «Խիմկին» 4 տարի առաջ, ես դարձյալ երկարատև բանակցություններ էի վարում և ցանկանում էի, որ նա միանա մեզ «Խիմկիում»։ Չստացվեց այն ժամանակ, բայց ստացվեց հիմա։ Ամենակարևորն այն է, որ Գլուշակովը ցանկանում է խաղալ, ցանկացել է ու ցանկանում է խաղալ։ Նա արդեն ցույց է տվել դա՝ խաղադաշտ դուրս գալով ու 45 րոպե անցկացնելով Հայաստանի առաջնության վերջին խաղում։ Հենց այս սկզբունքով է ակումբը, մարզչական շտաբն առաջնորդվում։ Մենք գիտակցում էինք նրա՝ կարիերան շարունակելու ցանկությունը, որ նա ունի ուժ, նա ունի կարողություններ կարիերան շարունակելու համար։

Մենք տեսնում ենք, որ այն փորձը, որը նա ունի, խաղի այն մանրուքները, որոնք նա կարող է փոխանցել մարզումային պրոցեսի և, իհարկե, պաշտոնական խաղերի ժամանակ, կարծում եմ՝ սա ամենաէականն է։ Բացի դրանից, չնայած տարիքին, նա շատ-շատ աշխատունակ է։

Ավելին ասեմ՝ Գլուշակովը, երևի ոչ միայն «Ուրարտուի», այլև Հայաստանի ամբողջ առաջնության ամենափորձառու ֆուտբոլիստներից է։ Կարծում եմ՝ նա իր խաղով կարժանանա այն հարգանքին, որին արժացել էր Ռուսաստանում խաղալու ժամանակահատվածում։ Պետք է ընդգծել, որ այստեղ նա փողի համար չէ, որ խաղում է։ Նրա խաղալու ցանկությունն ավելի մեծ է, քան ֆինանսական գործոնը։ Հայկական չափորոշիչներով դրանք կոպեկներ են»։

ԲԿՄԱ-ԻՑ ՎԵՐԱԴԱՐՁԱԾ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Եթե խոսենք Էրիկ Սիմոնյանի ու Խարիտոն Այվազյանի մասին, նրանք մեզ լավ ծանոթ են, նրանք տեղափոխվել էին վարձավճարով՝ խաղաժամանակ ու փորձ ստանալու նպատակով։ Նրանք այդ խնդիրը լուծել են՝ գտնվելով ԲԿՄԱ-ում։ Նրանք վերադարձել են ավելի ուժեղ, անհամեմատ ավելի ուժեղ, երբ գնում էին ու արդեն հիմա պայքարում են հիմնական կազմում տեղ զբաղեցնելու համար։ Խարիտոնը խաղադաշտ դուրս եկավ «Փյունիկի» հետ խաղում ու ցույց տվեց, որ նա այն ֆուտբոլիստն է, որը կարող է աճել այն մրցակցության պայմաններում, որն ավելի ուժեղ է, քան ԲԿՄԱ-ում էր»։

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ի ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻՆ ԹԻՄՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Խոսելով «Ուրարտու-2»-ի ֆուտբոլիստների՝ Դավիթ Ղիասյանի, Արթուր Իսրայելյանի, Դավիթ Հարությունյանի և Կարեն Դավթյանի մասին, պետք է ասեմ, որ ես նրանց ճանաչել եմ «Ուրարտու-2»-ի կազմում ելույթների ընթացքում, ուշադրությամբ հետևել եմ նրանց։ Ես լավ հասկանում եմ նրանց ուժեղ և թույլ կողմերը և առաջին տպավորությունները ես ստացել եմ, երբ դիտել եմ «Ուրարտու-2»-ի հանդիպումները։ Նրանք իրենց լավ են դրսևորել այս հավաքի ժամանակ։ Թեպետ, նրանք չունեցան բավականաչափ խաղաժամանակ ավելի փորձառու ֆուտբոլիստների հետ, բայց, ընդհանուր առմամբ, նրանք իրենց վատ չդրսևորեցին։ Չէի ցանկանա առանձնացնել նրանցից որևէ մեկին՝ մյուսներին չվնասելու նպատակով, բայց ես հույս ունեմ, որ այս քառյակի ներկայացուցիչներից մեկը կարող է իրեն վառ դրսևորել»։