Not Selected

ԱՄԷ-Ի ՀԱՎԱՔԻ ՎԵՐՋԻՆ ԽԱՂՈՒՄ ԶԻՋԵՑԻՆՔ ՄՈՍԿՎԱՅԻ «ԼՈԿՈՄՈՏԻՎԻՆ»

08/02/2024

ԱՄԷ ուսումնական հավաքի վերջին օրը մեր թիմը փետրվարի 8-ին անցկացրեց ևս 1 ստուգողական հանդիպում: Մրցակիցը Մոսկվայի «Լոկոմոտիվն» էր: Հանդիպումն ավարտվեց ռուսական թիմի հաղթանակով` 2-1 հաշվով:

Հանդիպման մեկնարկում թիմերը հավասար պայքար էին մղում: Մեր թիմի առաջին վտանգավոր պահի հեղինակը Միքայել Միրզոյանն էր, որի հարվածը մրցակցի դարպասապահի համար բարդություն չներկայացրեց: 20-րդ րոպեին հաջողվեց ռեալ գոլային պահ ստեղծել: Թիմի ավագ Ժիրայր Մարգարյանի փոխանցումից հետո Թեմուր Ջիկիայի հարվածից հետո գնդակը փոքր շեղությամբ ընթացավ: Եվս 3 անց մրցակիցը կարողացավ բացել հանդիպման հաշիվը: Մինչև առաջին կեսի ավարտը Գևորգ Տարախչյանը հարվածի 2 փորձ իրականացրեց, որոնցից մեկն անհաջող էր, մյուսի դեպքում, դարպասապահը հեշտությամբ ֆիքսեց գնդակը: 

Երկրորդ խաղակեդում «Լոկոմոտիվը» փորձում էր մեծացնել առավելությունը: 58-րդ րոպեին, մասնավորապես, իրականացրեց սուր գրոհ, որը, բարեբախտաբար, հարվածով չավարտվեց: Հաջորդ իսկ գրոհին հաշիվը կարող էր հավասարվել: Ժիրայր Մարգարյանի, Միքայել Միրզոյանի ու Նարեկ Աղասարյանի ձեռնարկած բազմաքայլ կոմբինացիան ավարտվեց վերջինիս շատ վտանգավոր հարվածով: Այնուամենայնիվ, մեր տղաների ճնշումը 79-րդ րոպեին տվեց իր արդյուքնը: Երկար փոխանցման հետևից գնացած Ալվարոն ստիպեց մրցակցին գրավել սեփական դարպասը: Սակայն ոչ-ոքի արդյունքը պահպանել չհաջոզվեց: Մրցակիցը հաղթանակը կորզեց 83-րդ րոպեին:

Այսպիսով, ավարտվեց «Ուրարտուի» երկշաբաթյա հավաքը Արաբական Միացյալ Էմիրություններում։