Not Selected

ԽՈՇՈՐ ՀԱՇՎՈՎ ՀԱՂԹԱՆԱԿ ՕՐՎԱ ԱՌԱՋԻՆ ՄՐՑԱԿՑԻ ՆԿԱՏՄԱՄԲ

08/02/2024

ԱՄԷ-ում ընթացող հավաքի ավարտի նախօրեին «Ուրարտուի» երկու մրցակիցներից առաջինը տեղի «Դուբայ Սիթի» ֆուտբոլային ակումբն էր: Մեր տղաներն այս խաղում վստահ հաղթանակ տոնեցին՝ 7-1 հաշվով: Մեկ գոլով աչքի ընկավ Արթուր Իսրայելյանը, պոկերի հեղինակ դարձավ Դավիթ Հարությունյանը, դուբլ էլ ձևակերպեց Կարեն Դավթյանը:

Հանդիպման մեկնարկում արագ գոլ բաց թողեցինք, բայց մրցակցի առավելությունը շատ կարճ տևեց: 7-րդ րոպեին հաշիվը գլխի հարվածով հավասարեցրեց Արթուր Իսրայելյանը: Հավասար հաշվի պայմաններում խաղն էլ սկսեց հավասար ընթանալ, երկուստեք գրոհներով, բայց 25-րդ րոպեին Դավիթ Հարությունը առաջ մղեց մեր թիմին, ինչից հետո խաղը գրեթե ամբողջությամբ սկսեցին թելադրել մեր տղաները: Մինչ ընդմիջում «Ուրարտուի» երիտասարդ հարձակվողը դուբլի հեղինակ դարձավ և թիմերը հանդերձարան գնացին 3-1 հաշվով:

Երկրորդ խաղակեսում Գունկոյի թիմը մրցակցին որևէ հնարավորություն չտվեց: Իսկ մեր տղաների գործողությունները սուր էին հատկապես ստանդարտ իրավիճակներից: Գոլային պահերն ու փորձերը շատ էին, բայց բոլորն իրացնել չէր ստացվում, այլապես հաշիվն ավելի խոշոր կստացվեր, բայց դա էլ չխանգարեց Դավիթ Հարությունյանին 4-րդ գնդակն ուղարկել «Դուբայ Սիթիի» դարպասը: Այս գոլին հետևեց նաև մեր մյուս երիտասարդ ֆուտբոլիստ Կարեն Դավթյանի դուբլը: Արդեն 69-րդ րոպեի դրությամբ Հարությունյանը պոկերով վերջակետ դրեց հանդիպմանը՝ խաղի հաշիվը դարձնելով 7-1:

Հիշեցնենք, որ առջևում «Ուրարտուն» կանցկացնի ևս մեկ ստուգողական հանդիպում՝ 18:30-ին ուժերը չափելով Մոսկվայի «Լոկոմոտիվի» հետ։