Not Selected

ԴՄԻՏՐԻ ԳՈՒՆԿՈ․ «ԽՆԴՐԵՑԻ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆՍ ՏՐԱՄԱԴՐՎԵԼ ՈՒ ՑՈՒՅՑ ՏԱԼ ԼԱՎ ՖՈՒՏԲՈԼ»

12/03/2024

Մեր թիմի գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն խոսել է ԲԿՄԱ-ի նկատմամբ տոնած հաղթանակի մասին․

ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Այս խաղում մեզ համար շատ կարևոր էր հաղթել, քանի որ սա ճանապարհ է դեպի եվրագավաթներ, դեպի տիտղոս։ Հաշվի առնելով նաև նախորդ հանդիպումների արդյունքները, ես խնդրեցի իմ ֆուտբոլիստներին, որպեսզի նրանք հատուկ տրամադրվածությամբ դուրս գան խաղադաշտ։ Այնպես որ այսօր շատ կարևոր էր դածշտ դուրս գալ ու հաղթել։

Մենք ունենք վնասվածք ստացած ֆուտբոլիստներ, որոնք նոր են ապաքինվել։ Այսօր, օրինակ, առաջին անգամ դաշտ են դուրս եկել Լուքման Գիլմորն ու Ալվարո Վելյեզը։ Երկրորդ անգամ խաղալու հնարավորություն ստացան Խարիտոն Այվազյանն ու Դավիթ Հարությունյանը։ Այո, դեռևս կան ֆուտբոլիստներ, որոնք մինչև հիմա խաղաժամանակ չեն ստացել։ Եթե մենք ունենայինք 9 փոխարինման իրավունք, բոլորն էլ դաշտ դուրս կգային։ Բայց քանի որ կա սահմանափակում, մենք դաշտ ենք դուրս բերում այն ֆուտբոլիստներին, որոնք պետք են խաղադաշտում։ Պետք է լինի մրցակցություն, որպեսզի հանդերձարանում լինի լավ ու առողջ մթնոլորտ, բայց դաշտում լինում են խնդիրներ, նպատակներ, որոնք պետք է իրականացնել։ Շատերը գուցե չգիտեն, բայց Էրիկ Սիմոնյանը վնասվածք էր ստացել՝ բաց թողնելով 4 օր ու կարողացել էր վերականգնվել այս խաղից օր առաջ։ Նախորդ խաղը նա բաց է թողել, բայց այս անգամ հայտնվել է հայտացուցակում»։

ԼԻՄԻՏԻ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՄԱՍԻՆ

«Գիտեք, իմ փորձով կարող եմ ասել, որ լիմիտները ֆուտբոլիստի կամ ֆուտբոլիստների զարգացման հետև որևէ առնչություն մեծ հաշվով չունեն։ Բայց հաշվի առնելով, որ «Ուրարտուն» ունի ակադեմիա, որտեղ մարզվում է 1300 տղա և աղջիկ, և նրանք ստանալու են ավելի շատ խաղային պրակտիկա, քանի որ 2025-ից հիմնական կազմերում է պետք է 4 հայ ֆուտբոլիստ խաղա, ակումբի տեսանկյունից, երևի, լավ է։ Մենք ունենք մեր ակադեմիան, դրանով մենք կարող ենք զարգացնել մեր ակումբի հիմքը, սակայն, կրկնվեմ՝ լիմիտը ոչ միշտ է աշխատում»։ 

ԱՆԴՐԵՅ ԿՐԱՎՉՈՒԿԻ ՄԱՍԻՆ

«Նա ֆուտբոլիստ է, որը կարող է խաղալ գծերի արանքում։ Կրավչուկը ֆուտբոլիստ է, որը կարող է կատարել հիանալի փոխանցումներ։ Այո, նա կարողանում է ազատ տարածություններ որսալ, սակայն լինում են դեպքեր, երբ նրա ստացած ազատությունը նա չի կարողանում օգտագործել այնպես, ինչպես պետք է թիմին»։ 

ԷՐԻԿ ՓԻԼՈՅԱՆԻ ՄԱՍԻՆ

«Դեպքերի հաջորդականությունը ոչ մի կապ չունի Էրիկ Փիլոյանի՝ հավաքական հրավիրվել-չհրավիրվելու հետ։ Էրիկ Փիլոյանի հետ մենք ունեցել ենք անկեղծ երկխոսություն, չեմ թաքցնում։ Մեզ ձեռնտու չէր նրա ցուցադրած ֆուտբոլը ուսումնամարզական հավաքների և առաջնության մեկնարկային խաղերի ժամանակ, բայց մարզումային պրոցեսի ժամանակ և այսօր նա լրիվ այլ ֆուտբոլիստ էր, նա ցույց տվեց, որ կարող է մրցակցություն առաջարկել, դուրս գալ մեկնարկային կազմում ու հրավիրվել ազգային հավաքական։ Հույս ունեմ, որ առաջիկա ընկերական խաղերում նա շատ ավելի շատ խաղաժամանակ կստանա»։

ԺԻՐԱՅՐ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ՄԱՍԻՆ

«Իմ կարծիքով Մարգարյանն այն եզակի ֆուտբոլիստներից է, որը ցույց է տալիս ստաբիլ ֆուտբոլ»։

ԹԻՄԻ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Մենք հիմա խաղային այնպիսի վիճակում ենք, որ խաղում ենք. 4 պաշտպանով։ Դա որևէ առնչություն չունի այն բանի հետ, որ մեր թիմից հեռացել է Նանան։ Դա կապ ունի մեր փիլիսոփայության հետ։ Մենք նախորդ առաջնությունում էլ քիչ հանդիպումներ ենք խաղացել 3 կենտրոնական պաշտպանով։ Ես չեմ բացառում որ մենք էլի կարող ենք որոշ խաղերում արդյունք ապահովելու համար խաղալ 3 կենտրոնական պաշտպանով։ Հասկանալի է, որ ի սկզբանե, նախնական դասավորությունը դեռևս ոչինչ չի նշանակում, քանի որ գրոհելիս մենք մի սխեմայով ենք խաղում, պաշտպանվելիս՝ լրիվ այլ։ Բայց մենք փնտրում ենք հիմա ֆուտբոլիստների ուժեղ կողմերի արտահայտման հնարավորություն դաշտի տարբեր հատվածներում, ինչպես գրոհելիս, այնպես էլ պաշտպանվելիս։ Իհարկե, ոչ միշտ է հաջողվում, մենք հեռու ենք լավ մարզավիճակից, բայց մենք դեռ կազմավորման փուլում ենք, մենք շատ նորեկներ ունենք»։ 

ԳԵՎՈՐԳ ՏԱՐԱԽՉՅԱՆԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Նախորդ խաղի առաջին կեսում նա բռնեց ազդրի հետին մկանը, սակայն մենք նրան չփոխարինեցինք, քանի որ նա ասաց, որ ամեն ինչ կարգին է։ Այնուամենայնիվ պարզվեց, որ դա մկանային թեթև վնասվածք է, ու նա հիմա անցնում է վերականգնողական փուլ»։

ՀԱՅԿ ԳԱԼՍՏՅԱՆԻ՝ ՀԻՄՆԱԿԱՆ ԹԻՄ ՀՐԱՎԻՐՎԵԼՈՒ ՇԱՆՍԵՐԻ ՄԱՍԻՆ

«Այո, իհարկե, մենք հետևում ենք «Ուրարտու-2»-ի խաղերին, երեկ էլ ներկա էինք գտնվել «Շիրակ-2»-ի դեմ հանդիպմանը։ Մի խումբ ֆուտբոլիստներ եղել են մեզ հավաքին, նույնիսկ խաղաժամանակ են ստացել։ Այսինքն, մենք գիտենք՝ ֆուտբոլիստներից որոնք կարող են համալրել հիմնական թիմի կազմը մոտակա ժամանակներում։  Հայկ Գալստյանի մասին մի փոքր դժվարանում եմ ասել։ Եթե նա ավելի աճի, զարգացնի իր խաղային որակները, գուցե, միանալու հնարավորություն ստանա։ Ինձ թվում է՝ սա նրա համար վճռորոշ հատված է»։