Not Selected

ՈՉ-ՈՔԻ՝ «ՎԱՆԻ» ՀԵՏ ՏՆԱՅԻՆ ԽԱՂՈՒՄ

30/03/2024

ԴԱԴԱՐԻՑ ՀԵՏՈ ԱՌԱՋԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

Միջազգային դադարի մեր թիմը գնացել էր 25-րդ տուրում «Ալաշկերտի» նկատմամբ տոնած արտագնա հաղթանակով։ Իսկ ահա IDBank Պրեմիեր լիգայի վերադարձից հետո Գունկոյի թիմը սեփական հարկի տակ ուժերը չափեց «Վանի» հետ և 1-1 հաշվով ոչ-ոքի գրանցեց։ Մեր թիմի միակ գոլը հեղինակեց Թեմուր Ջիկիան, իսկ հյուրերից աչքի ընկավ Մոմո Տուրեն։ 

ԱՌԱՋԻՆ ԿԵՍԻ ՀԱՂԹԱԿԱՆ ԳՈԼԸ ՋԻԿԻԱՅԻ ՀԱՄԱՐ 10-ՐԴՆ ԷՐ

Հանդիպման մեկնարկում թիմերը գործում էին զգուշավոր: Առաջին կեսի առաջին վտանգավորը ստեղծեց Դրաման Սալուն: Մեր կիսապաշտպանը դիմեց հեռահար հարվածի, բայց գնդակը շեղ ընթացավ: Հաջորդ վտանգավոր պահին երկրպագուները ստիպված եղան սպասել մինչև 22-րդ րոպեն: Անդրեյ Կրավչուկի անհատական բարձր վարպետության շնորհիվ գնդակը հայտնվեց Թեմուր Ջիկիայի մոտ: Մեր հարձակվողն առանց խնդիրների շրջանցեց մրցակցի դարպասապահին և բացեց հաշիվը` խփելով իր 10-րդ գոլն այդ առաջնությունում:
5 րոպե անց նորից ուշադրության կենտրոնում հայտնվեց Կրավչուկը: Դենիս Գլուշակովի փոխանցումից հետո Կրավչուկը գլխի հարվածով փորձեց գրավել դարպասը բայց դարպասապահը հեռացրեց գնդակն անկյունային: Առաջին կեսի վերջնամասում «Ուրարտուն» շատ մոտ էր հաշիվը կրկնապատկելուն: 43-րդ րոպեին Ժիրայր Մարգարյանը ձախ եզրից հարված կատարեց, բայց գնդակն անցավ դարպասաձողի կողքով: Թիմերը հանդերձարան գնացին մեր տղաների նվազագույն առավելությամբ։ 

ԺԻՐԱՅՐ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ ՍԵՅՎԸ 

«Վանն» առաջին խաղակեսում որևէ լուրջ սպառնալիք ստեղծել չկարողացավ, բայց երկրորդում մի փոքր ակտիվացավ: Բայց մինչև այդ մեր տղաները դարձյալ պահ ստեղծեցին: 46-րդ րոպեին Սալուն գլխով բարձր հարվածեց: 57-րդ «Վանը» ձեռնարկեց ճնշում մեր դարպասի ուղղությամբ․ կատարված հարվածից հետո գնդակը դարպասից հեռացրեց Ժիրայր Մարգարյանը` ցույց տալով անհավանական ռեակցիա: 68-րդ րոպեին դուբլի հեղինակ դառնալուն մոտ էր Թեմուր Ջիկիան: Նարեկ Աղասարյանը կենտրոնում գտավ Ջիկիային, որն էլ շրջվեց ու հարված կատարեց, բայց մի փոքր շեղ էր:

11-ՄԵՏՐԱՆՈՑԻՑ ԲԱՑ ԹՈՂԱԾ ԳՈԼ ԵՎ ՈՉ-ՈՔԻ 

72-րդ րոպեին «Վանը» կազմակերպեց սուր գրոհ, որն ավարտվեց կանոնների խախտմամբ: Ալեքսանդր Մելիխովը մրցակցին գցեց սեփական տուգանային հրապարակում, մրցավարը նշանակեց 11-մետրանոց, որը հստակ իրացրեց Մոմո Տուրեն: Բաց թողած գոլից հետո «Ուրարտուն» ակտիվացավ ու նետվեց գոլ խփելու: 81-րդ րոպեին աջ թևում Անդրեյ Կրավչուկը անկասելի հարված կատարեց, բայց գնդակը դարձյալ անցավ դարպասաձողի կողքով: 88-րդ րոպեին քիչ էր մնում աշխատեր Դմիտրի Գունկոյի փոփոխությունը: Վլադիսլավ Պանտելեևը հեռվից կրակեց, բայց նորից գնդակը բարձր ընթացավ: Մինչ խաղի ավարտը ոչինչ փոխել չհաջողվեց, և տնային խաղում ոչ-ոքի գրանցեցինք՝ վաստակելով 1 միավոր։

ՀԱՋՈՐԴ ԽԱՂԸ՝ ԱՐՏԱԳՆԱ

Առաջնության 27-րդ տուրի խաղում մեր թիմը արտագնա մրցավեճ կանցկացնի «Արարատի» հետ։ Հանդիպումը կկայանա ապրիլի 3-ին «Հանրապետական» մարզադաշտում ու կմեկնարկի 19։00-ին։ 

«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ՎԱՆ» 1-1

1-0 Թեմուր Ջիկիա (22'), 1-1 Մոմո Տուրե (77')

«ՈՒՐԱՐՏՈՒ»․ 42. Ալեքսանդր Մելիխով, 20․ Պերիշա Պեշուկիչ, 3․ Էրիկ Փիլոյան, 24․ Ուրոշ Ստոյանովիչ, 88․ Ժիրայր Մարգարյան (ա), 9. Նարեկ Աղասարյան, 5․ Դրաման Սալու 12․ Լուքման Գիլմոր, 8․ Դենիս Գլուշակով, 21․ Անդրեյ Կրավչուկ, 77․ Թեմուր Ջիկիա։ 

Պահեստայիններ՝  1․ Մխիթար Ումրեյան, 92․ Ալեքսանդր Միշիև, 55. Էրիկ Սիմոնյան, 99․ Խարիտոն Այվազյան, 13․ Վլադիսլավ Պանտելեև, 22․ Միքայել Միրզոյան, 17. Դոլգով, 90․ Օլեգ Պոլյակով, 30. Ալվարո Վելյեզ 19․ Նիկոլայ Պրուդնիկով, 11․ Գևորգ Տարախչյան։