Not Selected

ԴՄԻՏՐԻ ԳՈՒՆԿՈ․ «ԵՐԿՈՒ ԽԱՂԱՑՈՂ ԹԻՄԵՐ ԷԻՆ, ԽԱՆԳԱՐԵԼ ՊԵՏՔ ՉԷՐ»

30/03/2024

«Վանի» հետ տնային խաղում գրանցած ոչ-ոքիի մասին իր կարծիքն է հայտնել մեր թիմի գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն․ 

ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Մտա հանդերձարան, տղաներին ասացի, որ իրենց ցուցադրած խաղի նկատմամբ որևէ առարկություն չունեմ, խաղի որակը և նվիրվածությունը բարձր մակարդակի վրա էր։ Միակ դժգոհությունը կապված է ստեղծած պահերի իրացման հետ։ Գոլ խփելու հնարավորություն այսօր մենք շատ ունեինք, առնվազն 1 գոլից ավելին պետք է խփեինք»։

ՎԻՃԵԼԻ ԴՐՎԱԳԻ ԵՎ ՄՐՑԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Ես Հայաստանում եմ արդեն 3,5 տարի, աշխատել եմ 3 տարբեր ակումբների հետ, սա իմ 3-րդ ակումբն է, ես երբեք չեմ խոսել մրցավարության մասին։ Իմ աշխատանքին հետևողները կհասկանան՝ ինչ եմ ասում։ Ես երբեք չեմ անդրադարձել մրցավարների աշխատանքին։ Բայց իմ համբերության բաժակն այս փուլում արդեն լցվել է։ Մենք բոլորս ցանկանում ենք, որ Հայաստանի առաջնությունում խաղացող բոլոր ֆուտբոլիստները հասնեն ազգային հավաքականի մակարդակին։ Կարծում եմ՝ դա առաջնությունում աշխատող յուրաքանչյուր մարզչի ցանկությունն է։ Բոլոր նրանք, ովքեր շրջապատում են ֆուտբոլիստներին, այդ թվում և մարզչական շտաբն ու մրցավարական անձնակազմը, պետք է ունենան համապատասխան մակարդակ։ Այն դրվագը, որն այսօր վճռել է հանդիպման ելքը, ուսումնասիրել է VAR համակարգը։ Դա 11-մետրանոցի դրվագն էր։ Այսինքն VAR-ի սենյակից կանչում են մրցավարին, մրցավարը դիտում է դրվագը։ Եթե դուք բոլորդ կդիտեք կրկնապատկերը՝ կհամոզվեք, որ կանոնները խախտել է «Վանի» ֆուտբոլիստը: Նա սայթաքել է, բաց ոտքով նետվել է Ալեքսանդր Մելիխովի ոտքի ուղղությամբ։ Նա սայթաքել է մինչև այդ դրվագը և արդեն եղել է հորիզոնական դիրքում, երբ եղել է բախումը։ Դա ֆիքսել է VAR-ը, իր մոտ է հրավիրել մրցավարին՝ դրվագը նորից ուսումնասիրելու։ Այդ ինչ որակավորում պետք է ունենա մրցավարը, որ նման որոշում կայացներ։ Խաղադաշտում երկու խաղացող թիմեր էին, նրանց պետք չէր խանգարել։ Առաջին կեսում եղան անհասկանալի եզրային նետումներ։ Ես չեմ խոսում վիճելի դրվագների մասին։ Ոչինչ, խնդիր չկա՝ մրցավարը երիտասարդ է, չգիտեմ՝ ինչ խաղեր է սպասարկել, ինչպես է այստեղ հայտնվել։ Բայց այդ մարդիկ տեսնում են, կանչում են մրցավարին, երբ որոշումն առավել քան ակնհայտ է բոլորի համար...խնդրում եմ բոլորիդ ևս մեկ անգամ դիտել այդ դրվագն ամբողջությամբ»։

ՏԱՐԲԵՐ ԽԱՂԱԿԵՍԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Մենք ծրագրում էինք խաղալ արագ գրոհներով, եղավ մի պահ, դա երկրորդ կեսի միջնամասում էր, մենք մեզ այդքան էլ հարմար չէինք զգում։ Եղավ դրվագ, երբ Ժիրայր Մարգարյանը գնդակը դուրս բերեց դարպասի գծի վրայից։ Գուցե մենք ուշացրեցինք փոփոխությունները, բայց հետո մենք հավասարեցրինք խաղը և ստեղծեցինք բազմաթիվ գոլային պահեր»։

«ՎԱՆԻ» ՄԱՍԻՆ

«Վանն» արմատապես փոխվել էր, ամբողջությամբ կերպարանափոխվել և ուրիշ թիմ էր դարձել։ Շատ հետաքրքիր է պատրաստվել նման թիմի դեմ խաղին։ Նորից կրկնեմ՝ այսօր խաղադաշտում 2 խաղացող թիմեր էին։ Հետաքրքիր էր դիմակայել նման մրցակցի դեմ»:

ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՆՈՐ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻ ՓՆՏՐՏՈՒՔԻ ՄԱՍԻՆ

«Գիտեինք, որ «Վանը» կենտրոնով է գործում, փորձում են նման կերպ առավելություն ստանալ, ուստի մենք այսօր դուրս էինք բերել նոր եռյակ հենակետային գոտում, որոնք կկարողանային իրենց ֆիզիկական հնարավորությունների շնորհիվ խելել գնդակը մրցակցից»