Not Selected

ԴՄԻՏՐԻ ԳՈՒՆԿՈ․ «ԱՌՋԵՎԻ ԳԾՈՒՄ ՄԵԶ ՉԲԱՎԱՐԱՐԵՑ ՓՈԽԸՄԲՌՆՈՒՄԸ»

23/04/2024

«Նոայի» դեմ խաղից հետո մեր թիմի գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն մեկնաբանել է հանդիպումը․ 

ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Առաջին խաղակեսի առաջին հատվածը լավ չսկսեցինք, թույլ տվեցինք սխալներ պաշտպանությունում։ Մասնավորապես, արտահայտիչ էին խնդիրները մեր պաշտպանության աջ թևում, որտեղ բացակայում էր Պերիշա Պեշուկիչը, որը նախորդ խաղում կարմիր քարտ էր ստացել։ Ի դեպ, մենք բացատրություն էինք խնդրել ՀՖՖ-ից նրա հեռացման վերաբերյալ, գուցե չեղարկեին որակազրկումն ու նա կարողանար խաղալ, բայց պատասխան այդպես էլ չստացանք, դրա համար էլ, ստիպված դժվարությամբ էինք հաղթահարում բարդությունները և փոխում էինք ֆուտբոլիստների դիրքերը, մասնավորապես Ուրոշ Ստոյանովիչին և Էրիկ Փիլոյանին հրահանգված էր վերադառնալ նախնական դիրքեր։ Մի փոքր լարվածությունը թուլացավ, բայց մրցակիցն արդեն հաշվի մեջ առջևում էր։ Իսկ հետո եղավ երկրորդ կեսը, որտեղ մենք արագ գրոհներ էինք բաց թողնում և, ցավոք, չկարողացանք գոնե ռեալ գոլային պահ ստեղծել։ Առջևի գծում այս պահին մեզ չի բավարարում փոխըմբռնումը»։

ԽԱՂԻ ՎԱՏ ՈՐԱԿԻ ՄԱՍԻՆ

«Այս պահին պետք է փաստել անհերքելին՝ մենք խաղային որակներով զիջում էինք մրցակիցներին, մասնավորապես վերջին երկու խաղերում այն թիմերին, որոնք մեզնից ավելի բարձր դիրք են զբաղեցնում մրցաշարային աղյուսակում։ Մենք ունենք գիտակցություն, որ մենք զիջում ենք։ Մենք կարող ենք կարգավորել խաղի կազմակերպումը, առանձին դրվագներ, ճիշտ տակտիկա ընտրել, բայց կարգի տեսանկյունից, պետք է լինել իրատես՝ այո, մենք զիջում ենք»։

3 ՊԱՇՏՊԱՆՈՎ ՍԽԵՄԱՅԻ և ԱԼՎԱՐՈՅԻ ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Ես չէի ցանկանա բարձրաձայնել այն, ինչ խոսել ենք տղաների հետ հանդերձարանում, մանրամասնել քննարկումները տակտիկայի մասին։ Այսօրվա խաղում աջից ամբողջ եզրը խորությամբ փակում էր Ալվարո Վելյեզը, ձախից՝ Ժիրայր Մարգարյանը։ Բայց հարկադրական փոփոխությունները և խաղի ընթացը հետագայում մեզ ստիպեցին մի փոքր այլ կերպ խաղալ, մենք փորձում էինք ինչ-որ ֆուտբոլիստների դիրքեր փոփոխել, մասնավորապես Անդրեյ Կրավչուկը, եթե չեմ սխալվում, 4 դիրք է փակել։ Դա լավ կյանքից չէ, այլ հարկադրանք էր»։ 

ԱՋ ԵԶՐՈՒՄ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՈՒ ԿԱՐԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

«Կարեն Մելքոնյանը դեռևս պատրաստ չէ։ Մենք ամեն օր բժշկական շտաբի հետ կապի մեջ ենք, ստուգում ենք նրա վիճակը։ Մենք չենք ցանկանում նրան վնասել, այլ մենք պետք է սպասենք որոշակի ժամանակահատված, մինչև նա լիարժեք վերականգնվի։ Բացի նրանից, մենք այդ դիրքում դիտարկում էինք նաև Էրիկ Փիլոյանին»։ 

ԹԵՄՈՒՐ ՋԻԿԻԱՅԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Թեմուր Ջիկիան որևէ խնդիր չուներ, պարզապես այսօր առաջին րոպեներից խաղացել է Նիկոլայ Պրուդնիկովը»։

ԽԱՐԻՏՈՆ ԱՅՎԱԶՅԱՆԻ ՄԱՍԻՆ

«Մենք տեսնում ենք, որ նա ունի գերազանց տվյալներ, բայց այս պահին, նման պատասխանատու խաղերում դրանք լիարժեք դրսևորելիս Խարիտոնը որոշակի դժվարություններ է ապրում։ Նա ստացել է խաղաժամանակ ու դեռ էլի կստանա։ Մենք հույս ենք կապում բոլոր ֆուտբոլիստների հետ։ Միքայել Միրզոյանը, օրինակ, երրորդ շրջանում խաղացել է «Նոայի» հետ, էլի է խաղացել, հետո եղել է որոշակի դադար, հիմա նորից է խաղում։ Գևորգ Տարախչյանը նույնպես խաղաժամանակ ստանում է, գրեթե ամեն խաղում նվազագույնը 45 րոպե խաղում է։ Այո, Խարիտոն Այվազյանն ավելի քիչ ժամանակ է ստանում, բայց մենք պետք է հասկանանք, որ պաշտպանության գիծը չպետք է փոփոխության ենթարկվի, չպետք է փոխվի պաշտպանական զույգը։ Ֆուտբոլիստները պետք է խաղան լիարժեք փոխըմբռնման զգացումով։ Նույնը վերաբերում է եզրային պաշտպաններին։ Բայց հիմա ստիպված ենք փոփոխել ոչ միայն մեկնարկային կազմը, այլև զույգերը։ Դա ազդում է ֆուտբոլիստների համագործակցության որակի վրա։ Բայց նորից եմ կրկնում՝ մենք դա անում ենք ստիպված և ոչ թե լավ կյանքից»։

ՆԻԿՈԼԱՅ ՊՐՈՒԴՆԻԿՈՎԻ ԽԱՂԱՅԻՆ ՈՐԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Եթե մենք չենք կարողանում վտանգավոր գոլային պահեր, չենք կարողանում գտնել մրցակցի դարպասը տանող ճանապարհներ, լավ միացումներ չեն լինում, շատ ենք կորցնում գնդակն առջևի գծում կամ չենք կարողանում այն հասցնել այնտեղ, ուրեմն դա ընդհանուր խնդիր է երևի թե։ Իհարկե, մարզումների ժամանակ փորձում ենք լուծել դրանք, բայց այս պահին առջևի գծում մեր խաղը, մեղմ ասած, գոհացուցիչ չէ»։