Not Selected

ԳՈԼԱԶՈՒՐԿ ՈՉ-ՈՔԻ «ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆՈՒՄ»

03/04/2024

IDBank Պրեմիեր լիգայի 27-րդ տուրում «Ուրարտուն» հյուրի կարգավիճակում ուժերը չափեց «Արարատի» հետ։

ՍԱԿԱՎԱԹԻՎ ՊԱՀԵՐՈՎ ԵՎ ՉԵՂԱՐԿՎԱԾ ԳՈԼՈՎ ԱՌԱՋԻՆ ԽԱՂԱԿԵՍ

Առաջին խաղակեսն անցավ մեր թիմի բացահայտ առավելությամբ: Հենց մեկնարկում «Ուրարտուն» ուներ հաշիվը բացելու գերազանց հնարավորություն: Մրցակցի տուգանային հրապարակում ստեղծված խառը իրավիճակում առաջինը կողմնորոշվեց Ուրոշ Ստոյանովիչը, սակայն նրա հարվածից հետո գնդակը դիպավ հորիզոնական դարպասաձողին: Հաջորդ վտանգավոր պահը ստեղծվեց 26-րդ րոպեին: Եզրից եկած բարձրից փոխանցումից հետո օդային պայքարում հաղթող դուրս եկավ Կրավչուկը: Բայց նրա գլխի հարվածից հետո «Արարատի» դարպասապահը կարողացավ փրկել իր թիմին: Մրցակիցը հիմնականում խաղում էր հակագրոհներով ու կարողացավ ձեռնարկել միայն մեկ լուրջ պահ, որն էլ ավարտվեց մեր դարպասի գրավմամբ: Բերտրանդ Մանիի հարվածը դիպուկ էր, բայց մրցավարները VAR համակարգի միջնորդությամբ չեղարկեցին դարպասի գրավումը: Թիմերն ընդմիջման գնացին առանց խփած գոլերի:

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԵՐ ԹԻՄԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ

ԲԿՄԱ-ից հարազատ ակումբ վերադառնալուց հետո մեր թիմի պաշտպան Էրիկ Սիմոնյանն առաջին անգամ տեղ էր գտել մեկնարկային կազմում։ Առաջին անգամ մեկնարկում էր դուրս եկել նաև ռուս հարձակվող Ալեքսանդր Դոլգովը։ Մեր կազմից, ցավոք, բացակայում էր թիմի ավագ Ժիրայր Մարգարյանը, որը բաց էր թողնում այս հանդիպումը 5 դեղին քարտ ունենալու պատճառով։

Հատկանշական է նաև, որ երկար ժամանակ վնասվածքից ապաքինվող Կարեն Մելքոնյանը տեղ էր գտել թիմի հայտացուցակում։

ԳՈԼԱԶՈՒՐԿ ՈՉ-ՈՔԻ «ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆՈՒՄ»

Երկրորդ խաղակեսում «Ուրարտուն» մի փոքր իջեցրեց գրոհների ինտենսիվությունը, բայց ավելի մոտ էր արդյունքի հասնելու համար: 54-րդ րոպեին հեռահար հարվածի փորձ կատարեց Դրաման Սալուն, սակայն գնդակը փոքր շեղությամբ դուրս անցավ դաշտի սահմաններից: 66-րդ րոպեին մեր տղաները ձեռնարկեցին սուր հակագրոհ: Փոխարինման մտած Ալվարո Վելյեզը արագություն հավաքեց ու ներխուժեց տուգանային հրապարակ ու փոխանցեց Թեմուր Ջիկիային: Վերջինիս հարվածը դարպասային հրապարակից թույլ ստացվեց: Մրցակիցը լուրջ պահ ստեղծեց միայն 87-րդ րոպեին, երբ գերազանց սեյվով մեր թիմին փրկեց Ալեքսանդր Մելիխովը: Մրցավարի ավելացված ժամանակում «Ուրարտուն» կարող էր կորզել հաղթանակը: Նույն Ալվարո Վելյեզը ձախ թևից գերազանց փոխանցում կատարեց տուգանային հրապարակ, բայց Թեմուր Ջիկիան գնդակին հասնել չկարողացավ:

ՀԱՋՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ՝ ԳԱՎԱԹԱՅԻՆ

Մեր թիմն իր հաջորդ խաղը կանցկացնի Հայաստանի գավաթի կիսաեզրափակչում՝ Գյումրիում մրցելով «Շիրակի» հետ։ Հանդիպումը կկայանա ապրիլի 9-ին՝ ժամը 19։00-ին։

«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ԱՐԱՐԱՏ» 0-0

«ՈՒՐԱՐՏՈՒ»․ 42․ Ալեքսանդր Մելիխով, 3․ Էրիկ Փիլոյան (ա), 20. Պերիշա Պեշուկիչ (99․ Խարիտոն Այվազյան 4')55․ Էրիկ Սիմոնյան (6․ Արման Ղազարյան 84'), 24․ Ուրոշ Ստոյանովիչ, 8․ Դենիս Գլուշակով (30․ Ալվարո Վելյեզ 62'), 9․ Նարեկ Աղասարյան, 5․ Դրաման Սալու, 21․ Անդրեյ Կրավչուկ (19. Նիկոլայ Պրուդնիկով 84'), 77․ Թեմուր Ջիկիա, 17․ Ալեքսանդր Դոլգով (11․ Գևորգ Տարախչյան 62')։ 

Պահեստայիններ՝ 1․ Մխիթար Ումրեյան, 92․ Ալեքսանդր Միշիև, 6․ Արման Ղազարյան, 99․ Խարիտոն Այվազյան, 12․ Լուքման Գիլմոր, 13․ Վլադիսլավ Պանտելեև, 22․ Միքայել Միրզոյան, 90․ Օլեգ Պոլյակով, 10․ Կարեն Մելքոնյան, 11․ Գևորգ Տարախչյան, 19. Նիկոլայ Պրուդնիկով, 30․ Ալվարո Վելյեզ։