Not Selected

ՄԻՔԱՅԵԼ ՄԻՐԶՈՅԱՆ․ «ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾՈՒԹՅԱՄԲ ԵՆՔ ՄՈՏԵՆՈՒՄ ԽԱՂԵՐԻՆ»

15/05/2024

«Ուրարտուի» կիսապաշտպան Միքայել Միրզոյանը ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում խոսել է գավաթի եզրափակչի, «Ալաշկերտի» դեմ առաջիկա խաղի և մրցաշրջանը լավ ավարտին հասցնելու մասին։

ԳԱՎԱԹԻ ԵԶՐԱՓԱԿՉԻ ՄԱՍԻՆ

«Պարտությունը, իհարկե, շատ ցավալի է, բայց չեմ կարող ասել, որ թիմը վատ հանդես եկավ։ Կարծում եմ՝ մեզ չհերիքեց պահերի իրացումը, քանի որ ունեինք լավ պահեր։ Խաղը կարող էր չհասնել լրացուցիչ ժամանակի և վիճակախաղի։ Իմ առաջին եզրափակիչն էր, բայց տխուր է, որ պարտվում ես։ Պետք է շարժվել առաջ, քանի որ առջևում ունենք կարևոր երեք հանդիպում, որտեղ պետք է դրական արդյունք գրանցենք»։

ՄՐՑԱՇՐՋԱՆԻ ՎԵՐՋՆԱՄԱՍԻ ՄԱՍԻՆ

«Կարծում եմ, որ այս խաղից հետո թիմը ավելի լավ է տրամադրվում այս խաղերին, որովհետև գավաթի եզրափակիչը շատ հարցերի պատասխան տվեց մեզ և ուրիշներին։ Թիմը ունակ է խաղալու, եղել են հանդիպումներ, որոնք չեն ստացվել, բայց հուսամ, որ առավելագույնս կենտրոնացած կլինենք առաջիկա երեք խաղերին»։

«ԱԼԱՇԿԵՐՏԻ» ԴԵՄ ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Բոլորս հասկանում ենք այս խաղի կարևորությունը։ Եզրափակչից պակաս հանդիպում չէ։ Հարևաններ ենք մրցաշարային աղյուսակում, մեզ պետք է հաղթանակ և միայն այդ մտքով ենք մտնելու խաղադաշտ»։

ՍԵՓԱԿԱՆ ՄԱՐԶԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

«Վերջին շրջանում խաղաժամանակ ավելի շատ եմ ստանում։ Հուսամ՝ խաղից խաղ ավելի լավ հանդես կգամ։ Մի փոքր երկար ժամանակ բաց թողեցի, բայց հույս ունեմ, որ խաղից խաղ ավելի շատ կօգնեմ թիմին և հնարավորության դեպքում՝ դառնամ գոլի հեղինակ»։