Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒՆ» ՉԿԱՐՈՂԱՑԱՎ ԸՆԴՀԱՏԵԼ «ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱՅԻ» ՀԱՂԹԱՐՇԱՎԸ

22/09/2021

ՀՖՖ տեխնիկական կենտրոն-ակադեմիայում կայացած խաղում «Ուրարտուն» 3-0 հաշվով զիջեց «Արարատ-Արմենիային»։ Դաշտի տերերի կազմում դուբլ ձևակերպեց Մայիլսոն Լիման, մեկ անգամ էլ աչքի ընկավ Ժիրայր Շաղոյանը.

Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի շրջանակում «Ուրարտուն» հյուրընկալվեց «Արարատ-Արմենիային»։ «Առյուծները» պետք է դիմակայեին Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմին, որն այս առաջնությունում անպարտելի էր ու անցկացրած 6 խաղերում էլ տոնել էր միայն հաղթանակներ։

ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ՝ ՄԵԼՔՈՆՅԱՆ

«Փյունիկի» հետ խաղի համեմատ մեկնարկային կազմում տեղի էր ունեցել ընդամենը մեկ փոփոխություն։ Oգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստ Նարեկ Գրիգորյանն այս անգամ պահեստայինների թվում էր, փոխարենը խաղն առաջին րոպեներից սկսեց Կարեն Մելքոնյանը։ Ուշագրավ է, որ ըստ ներկայացված նախնական կազմերի մեկնարկային կազմում պետք է ընդգրկված լիներ նաև Արմեն Մանուչարյանը, սակայն վերջինս առողջական խնդիրների պատճառով վերջին պահին դուրս մնաց թիմի հայտացուցակից։ Ի դեպ «Ուրարտուի» գործողություններին տեխնիկան գոտուց հետևում էր Ռոբերտ Արզումանյանը, որը նախորդ խաղում բացակայում էր վնասվածքի պատճառով։

ՀԱՆԴԱՐՏ ՄԵԿՆԱՐԿ, ԽԱՂԻ ՈՒ ԳՆԴԱԿԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՒՄ

Առաջին կեսը մեծ հաշվով անցավ հանգիստ պայքարում, չնայած որ «Ուրարտուն» ավելի շատ գոլային պահեր ստեղծեց։ 30-րդ րոպեին գլխի հարվածով մրցակցի դարպասը կարող էր գրավել Սալոմոն Նիրիսարիկեն, մի փոքր անց հեռու տարածությունից մի փոքր շեղ հարվածեց Լիվիո Միլտսը։ Առաջին խաղակեսում գոլ խփելու ամենաիրատեսական պահն ունեցավ Օլեգ Պոլյակովը։ Ջոնել Դեսիրեն աջ եզրից հարվածային դիրքի դուրս բերեց պաշտպանների վերահսկողությունից դուրս մնացած Պոլյակովին, սակայն վերջինս անչափ նպաստավոր դիրքից շեղ հարվածեց։ Առաջին կեսի վերջնամասում էլ Դավիթ Տերտերյանը հայնտվեց տուգանային հրապարակում և շատ մոտ էր գրավելու մրցակցի դարպասը, միայն թե հարվածը կռահելի էր Անատոլի Այվազովի համար։ Թիմերը գնացին ընդմիջման առանց խփած գոլերի։

ՄՂՁԱՎԱՆՋԱՅԻՆ ՄԵԿՆԱՐԿ ԵՐԿՐՈՐԴ ԿԵՍՈՒՄ

Երկրորդ կեսի մեկնարկում «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստները 5 րոպեի ընթացքում երկու գոլ խփեցին։ Երկու անգամ էլ աչքի ընկավ Մայիլսոն Լիման։ Կաբո Վերդեն ներկայացնող ֆուտբոլիստը նախ անվրեպ իրացրեց 11 մետրանոց հարվածը, այնուհետև էլ  եզրափակեց Արտյոմ Ավանեսյանի տպավորիչ անցումից հետո հետևած փոխանցումը՝ 2-0։ «Ուրարտուն» հայտնվել էր ծանր դրության մեջ։

ՉԻՐԱՑՎԱԾ ՊԱՀԵՐ

Ընդունած գոլերը սթափեցրեց «Ուրարտուի» ֆուտբոլիստներին։ Փոխարինման մտավ Նարեկ Գրիգորյանը։ «Առյուծներն» ավելի ակտիվ սկսեցին գործել հարձակման գծում։ Աչքի ընկնելու շատ լավ հնարավորություններ ուենցան Կարեն Մելքոնյանը, Սալոմոն Նիրիսարիկեն, Աննան Մենսահը, սակայն գոլ խփել չէր ստացվում։ «Արարատ-Արմենիան» էլ պակաս ակտիվ չէր։ 3 անգամ «Ուրարտուին» վերահաս գոլից փրկեց ուղղահայաց դարպասաձողը։ Իսկ հանդիպման վերջնամասում աչքի ընկավ Ժիրայր Շաղոյանը՝ դնելով հանդիպման վերջակետը․  «Արարատ-Արմենիա» - «Ուրարտու» 3-0։

ՀԱՋՈՐԴԸ՝ «ՆՈԱ»

Այս պարտությունից հետո «Ուրարտուն» իր ակտիվում ունի 9 միավոր և շարունակում է ընթանալ 5-րդ հորիզոնականով։ Հաջորդ հանդիպումը թիմը կանցկացնի սեփական հարկի տակ սեպտեմբերի 29-ին՝ մրցելով «Նոայի» հետ։

«ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ» - «ՈՒՐԱՐՏՈՒ» 3-0

1-0, 2-0 Մայիլսոն Լիմա (47’ 11մ, 52’), 3-0 Ժիրայր Շաղոյան (81')

«ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ»․ 77. Վալերիո Վիմերկատի, 5. Դավիթ Տերտերյան, 3․ Խուլիո Բուենո Ջունիոր, 79․ Սերգեյ Վակուլենկո (ա), 2․ Անտոնիո դե Սուզա Գիլյերմո, 6. Վբեյմար Անգուլո (10․ Արմեն Համբարձումյան 86'), 19․ Կարեն Մուրադյան, 18․ Արտեմ Ավանեսյան (20․ Ալվին Թերա 67'), 14 Մայիլսոն Լիմա (7. Ժիրայր Շաղոյան 67'), 24 Յուսուֆ Օտուբանջո (88․ Ուիլֆրեդ Էզա Կվասի 46'), 27․ Ֆուրջել Նարսինգ (17․ Զաքարիա Սանոգո 75'):

Պահեստայիններ՝  33․ Դմիտրի Աբակումով, 13․ Վարդան Շահատունի, 4․ Ալբերտ Խաչումյան, 11․ Եգոր Կլիմենչուկ, 20․ Ալվին Թերա, 10․ Արմեն Համբարձումյան, 94․ Դանու Սպետառու, 17․ Զաքարիա Սանոգո, 7․ Ժիրայր Շաղոյան, 88․ Ուիլֆրեդ Էզա Կուասի, 99․ Արմեն Հովհաննիսյան։

«ՈւՐԱՐՏՈՒ». 96. Անատոլի Այվազով, 15. Աննան Մենսահ, 25. Էդգար Գրիգորյան, 18. Սալոմոն Նիրիսարիկե, 9. Նարեկ Աղասարյան (6. Պիտեր Մուտումոսի 83'), 8. Ուգոչուկվու Իվու, 5. Հակոբ Հակոբյան (ա) (14. Պյոտր Տեն 83'), 10. Կարեն Մելքոնյան, 23. Լիվիո Միլտս (20. Գոռ Լուլուկյան 83'), 90. Օլեգ Պոլյակով, 12. Ջոնել Դեսիրե (21. Նարեկ Գրիգորյան 56'):

Պահեստայիններ՝ 24․ Արսեն Բեգլարյան, 77․ Էրիկ Սիմոնյան, 36․ Խարիտոն Այվազյան, 95․ Վարդան Արզոյան, 67․ Վադիմ Պարամոնով, 6․ Պիտեր Մուտումոսի, 28․ Ռոբերտ Բաղրամյան, 19․ Սերգեյ Մկրտչյան, 14․ Պյոտր Տեն, 20․ Գոռ Լուլուկյան, 21․ Նարեկ Գրիգորյան։