Not Selected

ԱՐՍԵՆ ԲԵԳԼԱՐՅԱՆ․ «ՀԱՋՈՐԴ ՄՐՑԱՇՐՋԱՆՈՒՄ ԵՎՍ ՄԵՐ ԱՌԱՋ ԴՆԵԼՈՒ ԵՆՔ ՆՈՒՅՆ ԲԱՐՁՐ ՆՇԱՁՈՂԸ»

29/05/2022

«Վանի» հետ մրցաշրջանի վերջին խաղից հետո (2-0), զրուցել ենք «Ուրարտուի» դարպասապահ Արսեն Բեգլարյանի հետ, որն ամփոփել է վերջին հանդիպումը, մրցաշրջանն ընդհանուր առմամբ և խոսել իր՝ հավաքական հրավիրվելու մասին։

«ՎԱՆԻ» ՀԵՏ ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Սա մրցաշրջանի վերջին հանդիպումն էր, կարևոր էր այն դրական նոտայով ավարտելը: Կարծում եմ՝ լավ խաղացինք, մրցակցին էլ շատ բան անել թույլ չտվեցինք։ Խնդիր կար ցույց տալու, թե ինչի վրա ենք աշխատել ամբողջ մրցաշրջանի ընթացքում, և կարծում եմ՝ շատ բան ստացվել էր»։

ՎԵՐՋԻՆ ԽԱՂՈՒՄ ԴԱՐՊԱՍԸ ՉՈՐ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Սա շատ կարևոր է, լավ տրամադրություն է ապահովում, քանի որ երբ ես բաց եմ թողնում, նույնիսկ թիմի հաղթանակի դեպքում, հուսահատվում եմ: Սա սկզբունքային չէ, բայց կարևոր է, ուստի ուրախ եմ, որ այսօր կարողացա անառիկ պահել դարպասը: Այս հարցում ինձ օգնեցին թիմակիցներս, ինչի համար շնորհակալ եմ»։

ԱՄՓՈՓԵԼՈՎ ՄՐՑԱՇՐՋԱՆԸ

«Մրցաշրջանն ընդհանուր առմամբ անհաջող ստացվեց, բայց պետք է դրական պահեր էլ փնտրել, դրանք մեզ մոտ քիչ չեն. շատ հեռանկարային երիտասարդ ֆուտբոլիստներ միացան հիմնական թիմին, որոնք իրենց լավ դրսևորեցին և առաջադիմեցին։ Սա լավատեսություն է տալիս հետագայի համար, հաջորդ մրցաշրջանում մենք կկարողանանք պայքարել լավ տեղերի համար, քանի որ երիտասարդ ֆուտբոլիստներն իրենց փորձով կկարողանան ուժեղացնել թիմը։

Եթե խոսենք մրցաշրջանի առաջադրանքների մասին, ապա դրանք չենք կատարել։ Կփորձենք կառչել այն դրականից, որը կար, առաջ շարժվել, հասնել մեր նպատակներին հաջորդ մրցաշրջանում, քանի որ մեր առաջ դրված են լինելու նույն առաջադրանքներն ու նույն բարձր նշաձողը»։

ՀԱՎԱՔԱԿԱՆ ՀՐԱՎԻՐՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Ուրախ եմ ազգային հավաքական կրկին հրավիրվելուս առթիվ։ Մեզ մեծ փորձություն է սպասվում, քանի որ որքան գիտեմ՝ թիմը երբեք նման գրաֆիկ չի ունեցել՝ 10 օրում 4 պաշտոնական հանդիպում, հատկապես՝ մրցաշրջանի վերջում։ Հաշվի առնելով մրցակիցների ուժեղ կողմերը՝ շատ հետաքրքիր կլինի նաև նրանց հետ մրցելը։ Իհարկե, մենք բոլոր ջանքերը կգործադրենք երկրպագուներին ուրախացնելու համար, և, հուսով եմ, կկարողանանք լավ արդյունքների հասնել»։